Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2018 10:20

Լեզւա-կրօնական գործօնի շահարկումը ղարաբաղեան հակամարտութեան լուծման մէջ

Թուրքալեզու երկրների խորհրդի նիստին մասնակցեում էին 4 անդամ երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թուրքիայի նախագահները, ինչպէս նաեւ որպէս հիւր Ուզբեկստանի նախագահը եւ Հունգարիայի վարչապետը։

Աննա Մկրտչեան, քաղաքագէտ

 

Սեպտեմբերի 3-ին ղրղզական Չոլպոն-Աթա քաղաքում կայացած թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան 6-րդ գագաթնաժողովին, որի թեման էր «Երիտասարդութիւնը եւ ազգային սպորտը», մասնակցել եւ ելոյթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Եւ անկասկած, անկախ քննարկւող թեմատիկայից, ելոյթի մի մասը նւիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը, ներկայացրել հարցի վերաբերեալ ադրբեջանական մօտեցումները, խօսել 20% հողերի, 7 շրջանների, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի ու Խոջալուիի դէպքերի մասին։ Վերջում յոյս է յայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարութիւնը կառուցողական դիրքորոշում կընդունի եւ շուտով «մեր տարածքները կազատւեն օկուպացիայից, կը վերականգնւի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, տարածաշրջանում կը տիրի խաղաղութիւնն ու համագործակցութիւնը»։
Նախ անդրադառնանք հանդիպման ձեւաչափին, ապա այս յայտարարութեան բովանդակութեանը։

Թուրքալեզու երկրների խորհրդի նիստին մասնակցեում էին 4 անդամ երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թուրքիայի նախագահները, ինչպէս նաեւ որպէս հիւր Ուզբեկստանի նախագահը եւ Հունգարիայի վարչապետը։

Եթէ առաջին հինգ պետութիւնների մասնակցութիւնը լեզւական հիմքով ձեւաւորւած այս միաւորմանը հասկանալի ու տրամաբանական է, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցութիւնը նման ձեւաչափով հանդիպումներին ոչ միանշանակ է։ Վերջինս իր վարած ոչ-լիբերալ եւ աւտորիտար քաղաքականութեան համար հակասական կերպար է դարձել Եւրոպայում։ Նա հարում է նաեւ ազգայնական շրջանակներին, որոնք քարոզում են սպիտակ ռասայի գերակայութիւնը, եւ միաժամանակ փորձում է վերադառնալ էթնիկ արմատներին՝ գովաբանելով թուրքական ժողովուրդների հետ ունեցած հունգարացիների արիւնակցական կապը։ 2015 թ. Ղազախստան կատարած այցի ժամանակ Օրբանը նոյնիսկ յայտարարել էր, որ այդտեղ իրեն զգում է տանը՝ ի տարբերութիւն ԵՄ-ի։ Օրբանը հայ հանրութեանը յայտնի դարձաւ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտայանձնելու խայտառակ գործարքով, որի հետեւանքով կասեցւեցին հայ-հունգարական դիւանագիտական յարաբերութիւնները։

Այս ձեւաչափով, այն է՝ լեզւական եւ էթնիկ արիւնակցական հիմքով գումարւած հանդիպմանը նախագահ Ալիեւի յայտարարութիւնը գալիս է եւս մէկ անգամ փաստելու, որ ադրբեջանական կողմը ԼՂ հակամարտութեան շրջանակներում չի խորշում, աւելին, ակտիւօրէն շահարկում է եւ լեզւական, եւ էթնիկ եւ նաեւ կրօնական գործօնը (Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան միջոցով)։ Այդ կերպ փորձ է արւում աղաւաղելու հակամարտութեան պատճառները եւ նրան հաղորդելու կրօնական ու էթնիկ վտանգաւոր երանգներ, ինչը չի նպաստում խաղաղ կարգաւորման գործընթացին։ Հասկանալի է, որ այդ միջոցով Ադրբեջանը ցանկանում է մոբիլիզացնել իր բարեկամ երկրներին եւ լրացուցիչ ճնշում բանեցնել հայկական կողմի վրայ։

Միաժամանակ էթնիկ ու կրօնական գործօնի շահարկումը վկայում է, որ հակամարտութեան բուն պատճառների վերաբերեալ ադրբեջանական փաստարկները բաւարար չափով ամուր չեն առանց յուզական գունաւորումների քննարկումների համար։

Բովանդակային առումով Ալիեւը այս յայտարարութիւնում կրկնում է իրենց յայտնի մօտեցումները եւ միաժամանակ հայկական կողմից ակնկալում է կառուցողականութիւն։ Այս հասկացութեան ադրբեջանական մօտեցումն է, որ զարմացնում է․ լինել «կառուցողական» նշանակում է, որ Հայաստանը պէտք է գնայ միակողմանի զիջումների եւ հակամարտութիւնը պէտք է լուծի ադրբեջանական ըմբռնումներին համահունչ։ Լաւ կը լինէր, որ ադրբեջանական իշխանութիւնները կառուցողականութեան կոչ անելուց բացի հանդէս գան նոյն կերպ եւ սեփական վարքագիծն ու դիրքորոշումը բերեն կառուցողական դաշտ։

Այդ ժամանակ թերեւս կարիք չէր լինի սպորտին կամ այլ ոլորտներին նւիրւած միջոցառումների ընթացքում խօսել անվտանգութեան ու հակամարտութեան մասին, իսկ էթնիկ-արիւնակցական կապերը եւ կրօնական համերաշխութիւնը կը ծառայէր համակեցութեան ու խաղաղութեան մէջ միասին ապրելու համամարդկային նպատակների իրագործմանը։

«Panorama.am»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ