Print this page
08/09/2018 - 11:40

Ի՞նչ է ակնկալում Ստեփանակերտը Փաշինեան-Պուտին հանդիպումից

Ստեփանակերտը անհրաժեշտ է համարում հայ-ռուսական բարձր մակարդակի յարաբերութիւնները պահպանելը եւ յոյս ունի, որ Ռուսաստանը կը շարունակի ջանքեր գործադրել արցախեան հակամարտութիւնը կարգաւորելու ուղղութեամբ։

«alikonline.ir» - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գալիք հանդիպումը պէտք է դիտարկել երկու հարթութիւններում` արցախեան հակամարտութեան կարգաւորման եւ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերային յարաբերութիւնների պահպանման։ Այդ մասին «Sputnik» Արմենիա ռադիոկայանի եթերում յայտարարեց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի քարտուղարը Դաւիթ Բաբայեանը։

«Մենք ակնկալում ենք, որ միջնորդ երկրները, այդ թւում` Ռուսաստանը, կը շարունակեն ջանքերը տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն պահպանելու, արցախեան խնդիրը կարգաւորելու համար», – ասաց Բաբայեանը։

Նա դրական գնահատեց Փաշինեանի յայտարարութիւններն այն մասին, որ Արցախը պէտք է դառնայ բանակցութիւնների լիիրաւ մասնակից, թէեւ Ստեփանակերտում հասկանում են, որ դա երկար ու բարդ գործընթաց կը լինի։

«Նոր իշխանութիւնները խօսում են այն մասին, որ Արցախը պէտք է դառնայ բանակցութիւնների կողմը եւ դա, իհարկէ, գովելի է։ Ցանկալի կը լինէր, որպէսզի մենք զգալի արդիւնքներ ունենանք այդ ուղղութեամբ»,- ասել է Բաբայեանը։

Միաժամանակ նա կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար։

Ղարաբաղեան կարգաւորումից բացի Փաշինեանի եւ Պուտինի գալիք հանդիպումը չափազանց կարեւոր է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերութիւնը պահպանելու տեսանկիւնից։

Բաբայեանի կարծիքով` Հայաստանի հսկայական սփիւռքը թոյլ է տալիս ճկուն քաղաքականութիւն վարել գերտէրութիւնների հետ եւ շրջանցել սուր անկիւնները նոյնիսկ  յարաբերութիւնները վատանալու դէպքում։

«Շատ կարեւոր է պահպանել հայ-ռուսական յարաբերութօւնները բարձր մակարդակում, դրանցի շատ բան է կախւած»,- համոզւած է Բաբայեանը։

Մեկնաբանելով իրավիճակը արցախեան հակամարտութեան գօտում` նա փաստեց, որ ապրիլ-մայիսին Ադրբեջանը տեխնիկա եւ զօրամիաւորումներ է կուտակել առաջնագծում։ Սահմանին տեղակայւել են զօրքեր երկրի այլ շրջաններից։ Այնուհետեւ շփման գծում համեմատաբար հանգստութեան շրջան հաստատւեց։

Ինչպէս նշեց Բաբայեանը՝ Ադրբեջանը չի վերանայել իր մօտեցումները եւ անցկացնում է նույն քաղաքականութիւնը։

Դրա հաստատումն են դարձել համեմատաբար անդորրին հետեւած սադրանքները։

Օգոստոսի 17-ի կէսգիշերին հակառակորդի 15 հոգանոց խումբը յարձակման փորձ է ձեռնարկել արցախեան առաջնագծի հիւսիսային հատւածում տեղակայւած մարտական դիրքերից մէկի ուղղութեամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հաւաստանշել են հակառակորդի նախայարձակ խմբի գործողութիւնները եւ վերջիններիս յետ են շպրտել ելման դիրքեր:

Սեպտեմբերի 1-ին քաղաքացիական հագուստով անձանց խումբը Ադրբեջանից ուղղւել է Պաշտպանութեան բանակի դիրքերի կողմը։ Ինչ-որ տարածութիւն անցնելով` նրանք շրջւել են եւ յետ գնացել։

Արցախում վտանգաւոր միտում են համարում հումանիտար խնդիրների վերաբերեալ շահարկումը։

Բարեբախտաբար հումանիտար ոլորտում այդ դիւերսիան ձախողւել է, բայց, ինչպէս նշեց Բաբայեանը, արցախյեան կողմը պէտք է պատրաստ լինի ապագայում նման ակցիաների կրկնութեանը։

Միաժամանակ նա նշեց, որ այդ դէպքում հետեւանքների համար ամբողջ պատասխանատւութիւնը կընկնի պաշտօնական Բաքւի վրայ։

Յարակից լուրեր