Հա

Քաղաքական

08/09/2018 - 12:10

Փորձագէտ. «ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ Սիրիայում ձեւաւորւել է իրավիճակային բնոյթ կրող փոխհամաձայնութիւն, բայց այդ եռակողմ ֆորմատը չի տեղափոխւի Հարաւային Կովկաս»

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ Սիրիայում ձեւաւորւել է իրավիճակային բնոյթ կրող փոխհամաձայնութիւն, բայց չեմ կարծում, որ այս եռակողմ ֆորմատը կը տեղափոխւի Հարաւային Կովկաս, առաւել եւս՝ Արցախեան հիմնախնդիր: 

«alikonline.ir» - Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ Սիրիայում ձեւաւորւել է իրավիճակային բնոյթ կրող փոխհամաձայնութիւն, բայց չեմ կարծում, որ այս եռակողմ ֆորմատը կը տեղափոխւի Հարաւային Կովկաս, առաւել եւս՝ Արցախեան հիմնախնդիր: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, աւագ փորձագէտ Կարէն Վերանեանը: «Իհարկէ, տարածաշրջանային տէրութիւնները ցանկացած հարցի հետ կապւած այս կամ այն իրավիճակից ելնելով (տւեալ դէպքում ամերիկեան պատժամիջոցներն են)՝ կարող են համաձայնութեան գալ այս կամ այն հարցում, բայց Արցախի դէպքում ես նախադրեալները չեմ տեսնում»,- նշեց նա: Կ. Վերանեանի խօսքով՝ ի տարբերութիւն Սիրիայի, Արցախում կողմերի հակասութիւններն աւելի խորն են:

 

- Հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աւետիք Չալաբեանն իր գրառումներից մէկում մտահոգութիւն էր յայտնել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի՝ Արեւմուտքի հետ հակադրութեան եւ եռակողմ ձեւաչափով հարցերի լուծման վերաբերեալ:

«Եթէ այս երեք երկրները համատեղ լուծում գտնեն Իդլիբի հարցում՝ այն կարող է մոդել դառնալ տարածաշրջանում միւս կոնֆլիկտների պարտադրւած լուծման համար՝ դուրս թողնելով հաւասարումից Արեւմուտքի հիմնական խաղացողներին, եւ առանձնապէս հաշւի չնստելով նաեւ տւեալ կոնֆլիկտի անմիջական մասնակիցների հետ»,- գրել էր նա։ Որքանո՞վ էք հաւանական համարում այս սցենարը Արցախի դէպքում, հնարաւո՞ր է, որ վաղւայ Փաշինեան-Պուտին հանդիպմանը նման առաջարկներ ներկայացւեն Հայաստանին:

- Սիրիայի, մասնաւորապէս՝ Իդլիբի հարցում, Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցութիւնը պէտք է դիտարկել սիրիական ճգնաժամի վերջին 7-8 տարիների կտրւածքով: Կողմերի միջեւ կայ կոորդինացիոն, կազմակերպչական, քաղաքական եւ ռազմական հարցերում որոշակի կոնսենսուս, դա անհրաժեշտ է դիտարկել հիմնական սիրիական ճգնաժամի յաղթահարման, հակաահաբեկչական պայքարի կոնտեքստում: Ռուսաստանը միայնակ չի իրականացնում այդ հակաահաբեկչական պայքարը, այլ Թուրքիայի եւ Իրանի հետ կոորդինացնելով ռազմաքաղաքական հարցերը, բայց այստեղ շատ հարցեր կան, որոնցում չկայ կողմերի միջեւ փոխհամաձայնեցւած դիրքորոշում: Օրինակ, մէկ տարի առաջ Իդլիբի հետ կապւած Թուրքիան ունէր (չնայած հիմա էլ շարունակում է ունենալ) իր ազգային պետական շահերը տարածաշրջանային զարգացումների համատեքստում, որը չէր համընկնում ՌԴ-ի եւ Իրանի շահերին, բայց այսօր իրավիճակի բերումով կան որոշակի հարցեր, որոնց շուրջ կողմերը փորձում են համագործակցել: Նախ պէտք է նշել ամերիկեան պատժամիջոցների խնդիրը, 3 երկրների ուղղութեամբ էլ կան այդ սահմանափակումները: Դրանք ենթադրում են, որ տարածաշրջանային հիմնական խաղացողները կը սկսեն մոբիլիզացնել իրենց ուժերը քաղաքական եւ տնտեսական դաշտում: Սիրիայում ձեւաւորւել է իրավիճակային բնոյթ կրող փոխհամաձայնութիւն, այն Իդլիբի հարցում միգուցէ շարունակութիւն ունենայ, բայց չեմ կարծում, որ այս եռակողմ ֆորմատը կը տեղափոխւի Հարաւային Կովկաս, առաւել եւս՝ Արցախեան հիմնախնդիր:

 

- Իսկ Արցախեան  հիմնախնդրի պարագայում հնարաւոր չէ՞, որ կողմերը նորից իրավիճակային լուծման յանգեն: 3-ն էլ շարունակում են Արեւմուտքի պատժամիջոցների տակ լինել:

- Տրամաբանութիւնը յուշում է, որ կարող են նաեւ այլ հարցերում համաձայնութեան գալ, իհարկէ, համաձայն եմ այս տեսանկիւնից, բայց մինչեւ ամերիկեան պատժամիջոցները Սիրիայի հարցում բանակցութիւնները եռակողմ ֆորմատով էին ընթանում, իսկ Հարաւային Կովկասում, տեսնում ենք, որ հակասութիւնները շատ աւելի խորն են, քան որոշակի անհամաձայնութիւնը 3 երկրների միջեւ: Նոյն Արցախեան հարցի հետ կապւած Թուրքիան շարունակում է միակողմանի աջակցութիւնն Ադրբեջանին, չկայ չէզոք կողմնորոշում: Ռուսաստանը փորձում է հնարաւորինս պահպանել կայունութիւնը, բալանսը հակամարտող կողմերի միջեւ: Իրանն ունի չէզոք դիրքորոշում, բայց այս երեք երկրների մասով հայ-ադրբեջանական դիմակայութեան հարցի հետ կապւած կամ Արցախեան հիմնախնդրի մասով չկայ ընդհանուր մօտեցում: Տարբեր են դիրքորոշումները, հակասութիւնները շատ-շատ են: Ի վերջոյ, միշտ պէտք է արձանագրել, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային մակարդակով աւելի շատ մրցակիցներ են, քան կարող են այս կամ այն հարցի շուրջ փոխհամաձայնութեան մօտեցումներ ունենալ:

 

- Այս մտավախութիւններն ի յայտ են գալիս 1920 թւականի օրինակն ունենալով, երբ ռուս-թուրքական մերձեցումից Հայաստանը բաւականին մեծ կորուստներ ունեցաւ:

- Համաձայն եմ՝ մտավախութիւնը տեղին է, դա միշտ կարող է լինել, որովհետեւ տարածաշրջանը եւ տարածաշրջանային խաղացողները մնում են նոյնը, եւ նման դաշինքներ, չեմ բացառում, որ լինեն այս կամ այն հարցի հետ կապւած, ինչո՞ւ չէ, Հայոց Ցեղասպանութեան, Արցախեան հիմնախնդրի հետ կապւած, բայց պէտք է շատ յստակ նշենք, թէ ինչու են նման խօսակցութիւնները հիմա ակտիւացել: Դրանք աւելի շատ արհեստականօրէն տեղեկատւական դաշտ բերւած քարոզչութեան հետեւանք են, հիմնականում Թուրքիայի, Ադրբեջանի եւ այն ուժերի կողմից, որոնք շահագրգռւած են, որ հայ-ռուսական յարաբերութիւններում լինեն կոնկրետ խնդիրներ: Այն անհամաձայնութիւնները, որ երկու երկրների միջեւ կան Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, փորձ է կատարւում շիկացնել, սրացնել յարաբերութիւնները: Այսինքն՝ արտաքին ուժերը փորձում են արհեստականօրէն տեղեկատւական դաշտում շիկացնել երկու երկրների միջեւ եղած անհամաձայնութիւնը, իհարկէ, ներքին տեղեկատւական դաշտում էլ փորձեր արւում են եւ կարւեն: Միանշանականօրէն, կարող եմ ասել, որ, իհարկէ, տարածաշրջանային տէրութիւնները ցանկացած հարցի հետ կապւած այս կամ այն իրավիճակից ելնելով (տւեալ դէպքում ամերիկեան պատժամիջոցներն են)՝ կարող են համաձայնութեան գալ այս կամ այն հարցում, բայց Արցախի դէպքում ես նախադրյալները չեմ տեսնում:

 

- Ի՞նչ էք կարծում՝ Հայաստանի նոր իշխանութիւնները պէտք է Արցախեան հիմնախնդրի կարգաւորման նոր, աւելի թարմ մօտեցումներո՞վ հանդէս գան՝ բանակցութիւններում առաջընթաց գրանցելու համար: Իր պաշտօնավարման առաջին օրւանից վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարծես թէ խօսում է միայն Արցախը բանակցութիւնների սեղան վերադարձնելու մասին:

- Արդէն իսկ դրական քայլ պէտք է որակել Փաշինեանի յայտարարութիւնը, բայց կարծում եմ՝ դրա համար անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել: Առաջին հերթին քաղաքական, դիւանագիտական դաշտում տարբեր կողմերի հետ աշխատանքներ պէտք է տարւեն, եւ երկրորդը՝ Հայաստանը պէտք է պաշտպանական, անվտանգային պոտենցիալը եռակի, քառակի անգամ ուժեղացնի, որպէսզի հնարաւոր լինի խօսել առաւել ուժեղ դիրքերից եւ ճնշումներ գործադրեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի նկատմամբ: Միայն այսպէս պէտք է փորձել հասնել մի իրողութեան, որ արցախեան կողմը վերադառնայ բանակցային սեղան: Սա շատ երկարատեւ պրոցես է, եւ պէտք է տարբեր ոլորտներում հայկական կողմը աշխատանքներ տանի, որ նման արդիւնքը գոնէ մի քանի տարում ստացւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։