Print this page
08/09/2018 - 13:40

«Այս «մարդաորսը» լաւ հանգրւան չի ունենալու». Յովիկ Աբրահամեանին մեղադրանք է առաջադրւել

ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Մօտ մէկ ամիս առաջ մի խումբ դիմակաւորւած անձինք իբր օպերատիւ տեղեկութիւնների հիման վրայ ներխուժեցին ինձ եւ ազգականներիս պատկանող բնակարաններ եւ շինութիւններ:

«alikonline.ir» - ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Մօտ մէկ ամիս առաջ մի խումբ դիմակաւորւած անձինք իբր օպերատիւ տեղեկութիւնների հիման վրայ ներխուժեցին ինձ եւ ազգականներիս պատկանող բնակարաններ եւ շինութիւններ: Ո՛չ իմ փաստացի բնակութեան, եւ ո՛չ էլ հաշւառման վայրերում իրականացւած խուզարկութեան արդիւնքում որեւէ անօրինական առարկայ չյայտնաբերւեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրաւեցին իմ անձնագիրը՝ կոպտօրէն խախտելով ՀՀ օրէնսդրութիւնը:

Աւելին՝ խուզարկութիւն կատարւեց Մխչեանի մեխանիկական գործարանի տարածքում եւ նախ հրապարակայնօրէն փորձ արւեց տարածքը կապել իմ անւան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում յայտնաբերւած զէնքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնյայտ է, որ փաստերի նման շղթայական խեղաթիւրման թիրախը ես էի: Թերեւս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակւած չեն փորձաքննութեան արդիւնքները:

2018 թւականի սեպտեմբերի 4-ին, կայքերից մէկին տւած հարցազրոյցում քննադատեցի ՀՀ իշխանութիւնների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրոյցից ընդամենը մէկ օր անց ծանուցում ստացայ՝ մէկ այլ քրէական գործով որպէս վկայ ՀՀ յատուկ քննչական ծառայութիւն հրաւիրվելու մասին: ՅՔԾ-ում ինչ-որ շինծու քրէական գործով ինձ նախ հարցաքննեցին որպէս վկայ, ապա դրանից անմիջապէս յետոյ անհիմն մեղադրանք առաջադրեցին եւ ստորագրութիւն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին:

Զաւեշտալի է, երբ ոչ ականջահաճոյ հարցազրոյցից յետոյ մարդուն հրաւիրում են ՅՔԾ, ակնյայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծութիւն:

Այս պահին նպատակայարմար չեմ համարում աւելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին եւ անօրինականութիւններին առաւել մանրամասն անդրադառնալու առիթ կունենամ: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանութիւնների կողմից իրականացւող «մարդաորսը», ազատ խօսքի ու այլակարծութեան ճնշմանն ուղղւած գործողութիւնները լաւ հանգրւան չեն ունենալու»:

Յարակից լուրեր