Եւրոպական ժողովրդական կուսակցութեան (ԵԺԿ) նախագահ Ջոզէֆ Դոլը իր ՖԲ էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին։
«alikonline.ir» - Եւրոպական ժողովրդական կուսակցութեան (ԵԺԿ) նախագահ Ջոզէֆ Դոլը իր ՖԲ էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին։ Գրում է «tert.am»-ը:
Նա, մասնաւորապէս, գրել է.
«Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապէս կենտրոնացած ենք եւրոպական ընտրութիւնների վրայ, մենք պէտք է նաեւ ուշադիր կերպով հետեւենք Արեւելեան հարեւանութիւնում տեղի ունեցող իրադարձութիւններին:
Այս առնչութեամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցութեան միջազգային քարտուղար Արմէն Աշոտեանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարութեան օրօք առկայ իրավիճակի մասին: Ես կը շարունակեմ հետամուտ լինել իրավիճակին եւ լիայոյս եմ, որ երկրի վարչապետը կը յարգի օրէնքի գերակայութիւնը եւ օրէնսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսեւորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպէտք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարութեան գործընթացներին»:
Աւելի վաղը ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանն իր ՖԲ էջում տեղեկացրել էր, որ ԵԺԿ գլխակայանում հանդիպել է Եւրոպական ժողովրդական կուսակցութեան նախագահ Ժոզէֆ Դոլի հետ եւ նրան ներկայացրել Հայաստանում առկայ մարտահրաւէրներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային անվտանգութեան հիմնախնդիրներին:
«Որպէս ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ՝ վերահաստատել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի արդիւնաւէտ կիրարկման կարեւորութիւնը, ընդգծել՝ Արեւելեան գործընկերութեան շրջանակում խորհրդարանական դիւանագիտութեան դերը»,- գրել էր Արմէն Աշոտեանը: