Հա

Քաղաքական

09/09/2018

Նիկոլ Փաշինեանը՝ ռուսաստանահայ գործարարներին. «Հայաստանում բիզնես սկսելու համար որեւէ խոչընդոտ չկայ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարծում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկւայում իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նոր ազդակ պէտք է դառնայ, որպէսզի Ռուսաստանի գործարարներն առաւել ակտիւ լինեն Հայաստանի տնտեսութեան մէջ ներդրումներ անելու իմաստով:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարծում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկւայում իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նոր ազդակ պէտք է դառնայ, որպէսզի Ռուսաստանի գործարարներն առաւել ակտիւ լինեն Հայաստանի տնտեսութեան մէջ ներդրումներ անելու իմաստով:

ՀՀ վարչապետը նման կարծիք յայտնեց Մոսկւայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելոյթում: Յայտնում է «Արմէնպրես»-ը:

«Ըստ էութեան, ամենակարեւոր արձանագրումը, որ ես հիմա կուզենայի անել հետեւեալն է. բոլորս էլ գիտենք, որ մեր տնտեսութեան մէջ ներգրաււելու առումով եղել են որոշակի սահմանափակումներ:  Ես այսօր ուզում եմ արձանագրել, որ հիմա մեր տնտեսութեան մէջ ներգրաււելու, ներդրումներ կատարելու, որեւէ ձեւով բիզնես գործունէութիւն ծաւալելու համար Հայաստանի Հանրապետութիւնում որեւէ մէկի համար չկայ որեւէ խոչընդոտ, չկան խանգարող պայմաններ: Բայց մի պայման կայ՝ մենք պայմանաւորւում ենք, որ որեւէ գործունէութիւն պէտք է յենւած լինի օրէնքի եւ օրինականութեան վրայ: Այսինքն, Հայաստանի կառավարութեան միակ ակնկալիքը որեւէ ներդրողից, որեւէ բիզնեսից այն է, որ պէտք է գործունէութիւնը 100 տոկոսով համապատասխանի Հայաստանի օրէնքներին»,- նշեց նա:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ իրենք գիտեն, որ Հայաստանի հարկային օրէնսդրութիւնն ունի բազմաթիւ խնդիրներ՝ ընդգծելով, որ, երբեմն, ընկերութիւնները 100 տոկոսով օրէնքի դաշտում աշխատելու դէպքում կարող են լուրջ վնասներ կրել: «Մենք այս ուղերձը նոյնպէս ընկալում ենք, եւ հիմա պատրաստում ենք էական եւ շատ կարեւոր փոփոխութիւններ Հայաստանի Հանրապետութեան հարկային օրէնսգրքում, որպէսզի օրինական դաշտում իսկապէս հնարաւոր լինի աշխատել: Մենք նաեւ ձեզ հրաւիրում ենք, որպէսզի ձեր փորձը մեզ հետ կիսէք, որպէսզի այն խնդիրները, որ կան օրէնսդրութեան մէջ, միասին լուծենք»,- ընդգծեց Փաշինեանը:

Փաշինեանը շեշտեց, որ կառավարութեան եւ բիզնեսի միջեւ պէտք է լինի համագործակցութեան մթնոլորտ: Նրա խօսքով՝ չի կարող օրինական աշխատող որեւէ բիզնես կառավարութեան հետ հակասութիւններ ունենալ: «Մեր շահագրգռութիւնը հետեւեալն է, որ դուք հնարաւորինս շատ ներդրումներ անէք, հնարաւորինս շատ աշխատատեղեր ստեղծէք եւ հնարաւորինս շատ հարկեր վճարէք պետութեանը՝ համոզւած լինելով, որ ձեր վճարած ոչ մի կոպեկ հարկ չի թալանւելու, չի գողացւելու, վարչապետի կամ նրա ընտանիքի անդամների գրպանը չի գնալու: Մեր ուղերձը հետեւեալն է՝ Հայաստանում գործէք, հարստացէք եւ  հարստացրէք»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Փաշինեանը հաւաստիացրեց, որ իրենք կարողացել են հասնել նրան, որ այսօր Հայաստանի Հանրապետութիւնն ընկալւում է որպէս վստահելի գործընկեր, որպէս պետութիւն, որն արժանի է յարգանքի: «Սա բացառիկ հնարաւորութիւն է, որ մենք մեր ընդհանուր հայրենիքը շենացնենք եւ հասցնենք զարգացման նոր մակարդակի: Ես շատ մեծ յոյս ունեմ ձեր ակտիւութեան եւ աջակցութեան վրայ: Ես համոզւած եմ, որ ձեզանից որեւէ մէկը չի հրաժարւի՝ ելնելով բիզնես շահերի տրամաբանութիւնից»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նաեւ կարեւորեց մինչ այժմ գործած բարեգործութեան տրամաբանութիւնը՝ աշխատանքի, նոր աշխատատեղեր բացելու, նոր եկամուտներ ու շահոյթներ ստանալու տրամաբանութեամբ փոխարինելը: «Ինչքան Հայաստանում շատ յաջողւած բիզնես ու օրէնքի տառին համապատասխան հարստացած մարդ լինի, այնքան աւելի հարուստ է Հայաստանի Հանրապետութիւնն ու Հայաստանի ժողովուրդը»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։