Հա

Քաղաքական

09/09/2018 - 10:10

Փաշինեան-Պուտին հանդիպումը Մոսկւայում. ի՞նչ մնաց փակ դռների յետեւում

Նիկոլ Փաշինեանի եւ Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումը կայացաւ: Ի՞նչ ուղերձներ ունէր այս հանդիպումը։ 

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի եւ Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումը կայացաւ: Ի՞նչ ուղերձներ ունէր այս հանդիպումը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը չափազանց դրական գնահատեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցութիւնների ընթացքն ու արդիւնքը։

Պուտինի հետ հանդիպումից յետոյ նա գրեց «Facebook»-ում. «Արդիւնաւէտ զրոյց ունեցանք, որի արդիւնքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական յարաբերութիւնները փայլուն են: Մեր յարաբերութիւններում չկայ ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղութեամբ»:

Առաջիկայում պարզ կը դառնայ` այս գնահատականը հիմքեր ունի, թէ ոչ:

Քաղաքագէտ Նարեկ Գալստեանի կարծիքով՝ հանդիպման պաշտօնական մասից կարելի առանձնացնել երկու հետաքրքիր ասպեկտ: Առաջինը ներքին գործերին չմիջամտելն է: Հայաստանի վարչապետը, նշելով, որ երկու երկրների յարաբերութիւններ չկան անլուծելի խնդիրներ, շեշտել է, որ երկրու երկրները յենւում են միմեանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրայ:

Երկրորդ պահը Հայաստանի պատրաստակամութիւն է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցութիւնը խորացնելու հարցում: Գալստեանը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանութիւնը, ձգտելով որոշակի որակական շտկումներ մտցնել երկկողմ յարաբերութիւններում, միաժամանակ հաւատարմութիւն է ցուցադրում Մոսկւայի հետ միութեանը՝ ի յեճուկս այն մտահոգութեան, որ այս ամիսներին արտայայտել են ռուսաստանեան քաղաքական եւ փորձագիտական օղակները:

«Նիկոլ Փաշինեանը պնդում է, որ արտաքին քաղաքականութիւնում կառուցւածքային փոփոխութիւններ չեն լինի: Բայց նա ակնկալում է հայ-ռուսական յարաբերութիւնների բովանդակալից ստուգում: Մասնաւորապէս, յարգել շահերը եւ չմիջամտել ներքին գործերին: Ներկայ իշխանութիւնն ընդդիմութեան եղած ժամանակ յայտարարում էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները չափազանց ասիմետրիկ են: Հիմա կը ձգտի որոշ շտկումների՝ միաժամանակ կասկածի տակ չդնելով այդ յարաբերութիւնների դաշնակցային ու ռազմավարական բնոյթը: Իսկ ասիմետրիան ինչ-որ առումով բնական է՝ հաշւի առնելով երկու երկրների տարբեր քաշային կարգերը»,- ասաց Գալստեանը:

Երկկողմ օրակարգում խնդրահարոյց պահերից մէկը Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Միքայէլ Յարութիւնեանի հետ կապւած սիւժէն է: Հայրենիքում նա մեղադրւում է 2008 յետընտրական բողոքի ակցիաների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մէջ եւ հեռակայ կարգով դատապարտւել է կալանքի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է յայտարարւել: Սակայն օրերս Հայաստանի ոստիկանութիւնը յայտարարեց, որ գրաւոր ծանուցում է ստացել ռուսական կողմից նախարարի նկատմամբ հետախուզութիւնը դադարեցնելու մասին: Այլ կերպ ասած՝ Մոսկւան նրան չի յանձնի:

Գալստեանն այս հարցի առնչութեամբ կարծում է, որ շատ բան կախւած է նրանից, թէ ինչ հարցեր են քննարկւել Կրեմլում, եւ կը յայտնւեն արդեօք նոր դրւագներ «մարտի 1-ի գործում»:

Նրա կարծիքով՝ իրական քաղաքականութիւնում մի բան է պահանջելը, մէկ այլ բան՝ այդ պահանջների իրագործմանը հասնելը: Հայաստանն այս իրավիճակում պէտք է Ռուսաստանին ապացուցի իր կարեւորութիւնն ու արժէքը՝ որպէս այլընտրանք չունեցող գործընկեր: Փորձագէտի կարծիքով՝ Հայաստանի իշխանութիւնն այդ ցանկութիւնն ու ձգտումը ունի, բայց տւեալ փուլում կաշկանդւած է գալիք ԱԺ արտահերթ ընտրութիւններով:

«Մինչեւ Փաշինեանը չունենայ իր իշխանութեան ինստիտուցիոնալ ամրապնդում, չարժէ յոյսը դնել լուրջ արտաքին քաղաքական նախաձեռնութիւնների վրայ: Կարծում եմ, որ դա հասկանում է նաեւ Կրեմլը: Ուստի ինչ-որ առումով սպասողական դիրք է բռնել»,- ասաց փորձագէտը:

Պատմական փորձը ցոյց է տալիս, որ երկրում իշխանափոխութիւնից յետոյ որոշակի անորոշութիւն է առաջանում այդ երկրի եւ գործընկեր պետութիւնների յարաբերութիւններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։