Print this page
09/09/2018

«Դա առնւազն անյարգալից է»․ ինչո՞վ աւարտւեց Նիկոլ Փաշինեանի ու Ռուբէն Վարդանեանի բանավէճը

Մոսկւայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապեստ Նիկոլ Փաշինեանի ու ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբէն Վարդանեանի միջեւ վիճաբանութիւն ծագեց։ 

«alikonline.ir» - Մոսկւայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապեստ Նիկոլ Փաշինեանի ու ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբէն Վարդանեանի միջեւ վիճաբանութիւն ծագեց։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ռուսաստանցի գործարար ու բարերար Ռուբէն Վարդանեանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանութիւնների վերաբերմունքը արտասահմանեան գործարարներին ու նրանց հայաստանեան գործունէութեանը անյարգալից է։

Այս մասին նա ասաց, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինեանին, Մոսկւայում հայազգի ռուսաստանեան գործարարների հետ հանդիպման ժամանակ։

Վարդանեանին ու նրա ընկերներին վիրաւորել է իշխանութիւնների նամակն այն մասին, որ Հայաստանում երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնութիւնների կենտրոնը» փակւում է։

«Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում աւելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արէ՛ք ինչ ուզում էք, պարզապէս կարծում եմ, որ պէտք է պահպանել երկխօսութեան ռեժիմն ու միմեանց ականջալուր լինելու փորձերը»,- ասել է Վարդանեանը։

Նա ընդգծել է, որ երկախօսութիւնը բարդ բան է ու միշտ չէ, որ մի կողմը կարող է ընդունել միւս կողմի ասածը։

«Դուք իրաւունք ունէք անել ամէն բան, ինչ կապւած է ձեր կազմակերպութիւնների հետ (պետական-ԽՄԲ.), բայց եթէ դա մասնաւոր սեկտորի հետ համատեղ է ստեղծւել, իսկ դուք դրան նոյնիսկ չէք հարցնում, այլ տեղեկացնում էք, որ պէտք է փակէք, ապա կարծում եմ, որ այդ ձեւն առնւազն յարգալից չէ»,- ասել է Վարդանեանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսւել ու դա անխուսափելի է։ Նա հռետորական հարց ուղղեց Վարդանեանին՝ ի՞նչ էր անում կենտրոնը, եթէ այս երկու տարւայ ընթացքում չկատարեց իր առջեւ դրւած խնդիրը։

Գործարարը պատասխանեց, որ աւելի լաւ այդ հարցն ուղղել ՀՀ նախկին վարչապետ Կարէն Կարապետեանին։

Փաշինեանը շարունակեց, որ ինքն էլ է ցնցւած Հայաստանում գոյութիւն ունեցած համակարգից։ Վարչապետն իր համար բացայայտել է, որ կառավարման պետական համակարգին զուգահեռ գոյութիւն ունեն տարբեր հիմնադրամներ, կազմակերպութիւններ, որոնք զբաղւում են այն բաներով, որոնցով, ըստ էութեան, պէտք է զբաղւեն նախարարութիւնները, պետական ապարատը։

«Այդ կենտրոններում, հիմնադրամներում աշխատող մարդիկ նախարարներից ու վարչապետից երկու-երեք անգամ աւելի շատ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց աշխատանքի արդիւնքը զրօ է»,- ասել է Փաշինեանը։

Նա ընդգծել է, որ երկու կողմերին միաւորում է այն, որ նրանք նոյն աշխատանքն են անում, մէկը շատ գումար է ստանում, միւսը՝ քիչ, մէկը թանկ փողկապ է կապում, միւսը՝ էժան։

«Ասում եմ՝ դադարեցնում ենք դա։ Այսուհետ ոչ ոք ոչ մի բան չանելու համար գումար չի ստանալու»,- ասել է Փաշինեանը։

Վարդանեանն իր հերթին նշել է, որ բիզնեսի հետ աւելի լաւ է թւերի լեզւով խօսել, որ խօսակցութիւնն աւելի առարկայական լինի։

Նա յաւելել է, որ կարելի է երկար խօսել ու մտորել այն մասին՝ ինչ է պէտք անել ներդրումներ գրաւելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունութիւն, կանխատեսելիութիւն ու լռութիւն։

Վարդանեանը հարցրել է վարչապետին, կարելի ՝ արդեօ՞ք, Հայաստանում կանխատեսելիութիւն ակնկալել, քանի որ դա բիզնես վարելու կարեւոր բաղադրիչն է։

«Ուղիղի ներդրումներից ի՞նչ եկամուտ է լինելու։ Այսօր մենք մրցունակ չենք։ Այս հարցն ուղղել եմ Յովիկ Աբրահամեանին, Կարէն Կարապետեանին, այսօր հարցնում եմ Ձեզ ու Ձեր գործընկերներին»,- ասել է Վարդանեանը։

Փաշինեանն իր հերթին հարցով է պատասխանել Վարդանեանին. ի՞նչ անկայունութեան մասին կարող է խօսք լինել։ Նա չի զարմանում է՝ ինչու են բոլորն արծարծում այդ հարցը։

«Հայաստանում տեղի է ունեցել յեղափոխութիւն, այդ ընթացքում Հայաստանի կայունութիւնը ոչ մի րոպէ չի խաթարւել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խօսում են անկայունութեան, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խօսքը, որեւէ մէկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ էք ինձ ցմահ միապետ յայտարարեմ, որ ասէք` կայունութիւն կա՞յ. այս առումով այդպէս չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանութիւն՝ նա էլ լինելու է իշխանութիւն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն օգնում է սփիւռքին այնքանով, որ «մերոնքականների» ու «ձերոնքականների» չի բաժանում, նոր Հայաստանի համար բոլորը հաւասարաչափ կարեւոր են։

Յիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ աշխատանքային այցով Մոսկւա է մեկնել։ Կրեմլում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինեանի ու Վլադիմիր Պուտինի բանակցութիւնները։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ սա երկու առաջնորդների արդէն երրորդ հանդիպումն է։

Յարակից լուրեր