Հա

Քաղաքական

10/09/2018 - 08:50

Հայաստանի վարչապետին թոյլ չեն տալի՞ս մօտենալ ԼՂ հարցին

«yerkir.am»-ի ներկայացրել է «regnum.ru»-ի հրապարակած Սիմոն Կարախանեանի յօդւածը:

«alikonline.ir» - «yerkir.am»-ի ներկայացրել է «regnum.ru»-ի հրապարակած Սիմոն Կարախանեանի ուշագրաւ յօդւածը:

Եկել է ժամանակը հրաժարւել Արցախի  փոխարէն եւ Արցախի անունից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցութիւնների բովանդակութեան մանրամասների անբաւարարութիւնը թոյլ է տալիս ենթադրութիւններ անել, թէ յատկապէս ինչ հարցեր են քննարկել իրականում երկու երկրների լիդերները:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի կողմնակիցները այդ տեղեկատւութեան անբաւարարութիւնը կարող են բացատրել նրանով, որ Նիկոլ Փաշինեանին խորհուրդ են տւել չափաւորել Մարտի 1-ի մեղաւորների բացայայտման բուռն ցանկութիւնը:

Պարզապէս, այնպէս է միշտ ստացւել, որ Ռուսաստանից խնդրել են ինչպէս ֆինանսական, այնպէս էլ գործնական օգնութիւն: Այսպէս` նախկին պաշտպանութեան նախարարը Ռուսաստանի քաղաքացի է, նախկին ԳՇ պետը` ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար, նախկին վարչապետը` ԵԱՏՄ ներկայացուցիչ: Առկայ է Պուտինի ակնյայտ բարեհաճ վերաբերմունքը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ: Այսինքն նախկին իշխող ուժի` հանրապետականների ներկայացուցիչները կարող են ոչ առանց հիմքերի յոյս ունենալ, որ Մոսկւայում իրենց դիրքերը պաշտպանող կը լինի:

Միւս կողմից յեղափոխական, «Նոր Հայաստան»-ի կողմնակիցները հիմնւելով իրենց վարչապետի խօսքերի վրայ, թէ Ռուսաստանի հետ առկայ են փայլուն յարաբերութիւններ, կարող են վստահ լինել, որ Ռուսաստանը «չի փրկի իւրայիններին», այլ հնարաւորութիւն կը տայ Հայաստանի արդարադատութեանը գործել ինքնուրոյն:

Իսկապէս Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները այնպիսին չեն, ինչպիսին եղել են մինչեւ յեղափոխութիւնը: Նոր վարչապետի կառավարման 4 ամիսների ընթացքում երեք հանդիպում է կայացել Ռուսաստանի նախագահի հետ, եւ եւս երեք հեռախօսազրոյց է կայացել: Եւ այդ հանդիպումներից յետոյ չի հաղորդւել այն մասին, որ կողմերը քննարկել են ԼՂ կարգաւորման հարցը: Իհարկէ այն, որ նման հարց քննարկւել է ամենաառաջին հանդիպման ժամանակ, ասել  է ինքը` Փաշինեանը, սակայն պաշտօնական հաղորդագրութիւններում այդ քննարկման մասին տեղեկատւութիւնը չի ֆիքսւել:

Իլհամ Ալիեւի հանդիպումը Պուտինի հետ քիչ այլ բնոյթ է կրում: «Մենք քննարկել ենք մասնաւորապէս ԼՂ կարգաւորման հարցը»,- ասւած է պաշտօնական հաղոդրագրութեան մէջ: Պաշտոնական հաղորդագրութիւններից տպաւորութիւն է ստեղծւում, թէ Հայաստանի վարչապետին միտումնաւոր յետ են պահում այդ կարեւորագոյն հարցի քննարկմանը մասնակցելուց:

Ինչո՞ւ է այդպէս: Ըստ էութեան, Փաշինեանը վարչապետի պաշտօնը ստանձնելուց  յետոյ չի ձեռնարկել որեւէ գործողութիւն,որոնք կը մատնանշէին, որ Փաշինեանը հրաժարւում է Մինսկի խմբի սկզբունքներից:

Ճիշտ է, մի անգամ Փաշինեանը յայտարարեց, որ բանակցային սեղան պէտք է վերադառնայ Արցախը, սակայն այդ ուղղութեամբ դեռ որեւէ գործողութիւն չի իրականացւել: Նա նաեւ յայտարարեց, որ նախկին իշխանութիւնները բանակցել են միմիայն տարածքների փոխզիջման շուրջ, սակայն այդ յայտարարութիւնից յետոյ որեւէ բացայայտում չեղաւ, բանակցութիւնների մանրամասներ չհրապարակւեցին:

Հնարաւոր է` Փաշինեանը պահում է այդ տեղեկատւութիւնը առաւել յարմար առիթի համար, օրինակ` խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին, երբ յեղափոխական գոլորշին արդէն ցրւած կը լինի: Արդէն ակնյայտ է, որ մինչեւ խորհրդրանական ընտրութիւններ Փաշինեանը չի ունենայ հնարաւորութիւն  բանակցութիւններ վարել ԼՂ կարգաւորման շուրջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդ մասին յստակ հասկացնել տւեց Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հակառակ դէպքում կը նշմարւէր Պուտին-Ալիեւ յաջորդ հանդիպման ժամկէտը: Դա նշանակում է, որ մինչեւ Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնները Ալիեւը մտադիր չէ Փաշինեանի հետ բանակցութիւններ սկել: Սա, իր հերթին, հիանալի հնարաւորութիւն է Փաշինեանի համար  եւս մէկ անգամ յայտարարել, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանը կը հրաժարւի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցութիւններ վարել Արցախի փոխարէն ու նրա անունից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։