Print this page
11/09/2018

Յետհաշւարկը գնաց. մեկնարկել է մրցարշաւը Երեւանի քաղաքապետի աթոռի համար

Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են քարոզարշաւը։ Նախընտրական քարոզարշաւի համար քիչ ժամանակ կայ, ու շատերը չեն կարող լիարժէք բացայայտել իրենց ներուժը։

«alikonline.ir» - Մեկնարկել է Երեւանի աւագանում տեղ զբաղեցնելու նախընտրական քարոզարշաւը։ Քաղաքական ուժերը սեպտեմբերի 10-ին սկսեցին քարոզել։ Աչքի է ընկնում ներկայիս քարոզարշաւի «փողոցային» ուղղվւածութիւնը։ Բացառությամբ մի քանիսի, ընտրութիւնների գրեթէ բոլոր մասնակիցները որոշել են ժողովրդի մէջ դուրս գալ։ Յատնում է «Sputnik» Արմենիան:

Մրցավազքի առաջատար «Իմ քայլը» դաշինքը սկսեց քարոզարշաւն իր համար սովորական ձեւով` քայլերթով։ Յայտնի է, որ Նիկոլ Փաշինեանը, որը եւ ստեղծել է «Իմ քայլը», սկսել է իր բողոքի քայլերթը այս տարւայ գարնանը։ Հիմա նրա կողմնակիցները փաստացիօրէն կրկնում են այդ «նոու-հաուն»։

Դաշինքի ցուցակը գլխաւորում է կատակերգական ժանրի դերասան ու շոումեն Հայկ Մարութեանը։ Նա սկսել է քարոզարշաւը Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումով։ Հանրութեան առաջ նրա յայտնւելը հիացմունք է առաջացրել, առաջին հերթին, երեխաների մօտ։

«Վայ, նայէք, սուպեր մաման է»,- բացականչեցին նրանք` տեսնելով քաղաքապետի թեկնածուին։

Մարութեանը յայտնի է «Սուպեր մամա» ֆիլմում իր դերով։ Արդեօ՞ք յայտնի լինելը կօգնի նրան ընտրութիւններում, կերեւայ արդէն սեպտեմբերի 23-ին։ Թէեւ նրա շանսերն աւելանում են Փաշինեանի քաղաքական հովանու տակ. վարչապետի վարկանիշը նախկինի պէս բարձր է։

Մի կին Մարութեանին մի կտոր թուղթ է տւել ու ասել է, որ նրան նւիրւած բանաստեղծութիւն է գրել։ «Բանաստեղծուհին» բողոքել է, որ իր բնակարանը փոքր է։ Բնակարանի մակերեսը 17 քառակուսի մետր է, ինչի պատճառով նա չի կարողանում  ամուսնացնել  որդուն։ Բնակիչները միաձայն ասում էին, որ սիրում ու գնահատում են Մարութեանին ու Փաշինեանին ու պատրաստ են ձայն տալ նրանց օգտին։

Քարոզարշաւի առաջին օրն աւարտւեց «Էրեբունի» թանգարանի մօտ դաշինքի կազմակերպած հանրահաւաքով, որտեղ ելոյթ ունեցաւ Նիկոլ Փաշինեանը։ 

«Բարգաւաճ Հայաստան»-ը սկսեց քարոզարշաւը Նուբարաշէնի բնակիչների հետ հանդիպումից։ Շեշտը դրւել էր աղբահանութեան խնդրի վրայ։

Կուսակցութեան ցուցակում առաջինը ԱԺ պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանն է։ Նա Նուբարաշէնը աղէտի գօտի է անւանել` հաշւի առնելով աղբի առկայութիւնն ու օդի աղտոտւածութեան մակարդակը։ Զոհրաբեանը նշեց, որ նախորդ իշխանութիւնները տարիներ շարունակ չկարողացան լուծել աղբահանութեան խնդիրը։ Նա ու նրա կուսակիցները մտադիր են գործուն միջոցներ կիրառել, եթէ երեւանցիները իրենց ձայները տան «Բարգաւաճ Հայաստան»-ին։

Առաջին հանդիպմանը ներկայ էր նաեւ կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանը։ Իր ելոյթում նա մեծ մասամբ անդրադարձաւ տնտեսութեանը ու սոցիալական խնդիրներին` խոստանալով, ընտրութիւններում յաղթելու դէպքում, ներդրումներ անել։

«Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ ու նախընտրական ցուցակում համար առաջին Րաֆֆի Յովհաննիսեանը սկսել է քարոզարշաւն Ազնաւուրի հրապարակում հանրահաւաքով։ Յովհաննիսեանը խոստացաւ ընտրւելու դէպքում ծառայել քաղաքացիներին ու ասաց, որ ընտրութիւնների արդիւնքում կը ստեղծւի «Նոր Երեւանի նոր աւագանի»։

«Եթէ կարողանամ վաստակել քաղաքացիների մեծ մասի վստահութիւնը, ապա սեպտեմբերի 23-ից ձեր համար 24-ժամեայ ռեժիմով կաշխատեմ։ Միասին կը ստեղծենք մեր քաղաքը, որը կը դառնայ աշխարհի ամենաժամանակակից քաղաքներից մէկը»,- յայտարարեց նա։

Քարոզարշաւի մեկնարկին նախորդեց «Ժառանգութեան» համար մի տհաճ միջադէպ։ Կիրակի օրը կուսակցութեան երկու ներկայացուցիչներին բերման էին ենթարկել խորհրդարանի շէնքի դիմաց «Street art» ոճի գովազդային պաստառ տեղադրելու փորձի համար։ Այդ քայլը դիտարկւել էր որպէս օրէնսդրութեան խախտում։ Բարեբախտաբար, ամէն ինչ լաւ վերջացաւ ու բերման ենթարկւածներին բաց թողեցին։

Սակայն պէտք է նշել, որ նախընտրական մրցարշաւի բոլոր մասնակիցները չէ, որ «փողոցային» ձեւաչափն են ընտրել։  Իրենց քարոզարշաւը մամուլի ասուլիսից սկսեցին «Երեւանի հանրութիւն» դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցութիւնը, «Երեւանցիներ» դաշինքը։ Այդ ուժերի ցուցակների ղեկավարների ելոյթներում, ընդհանուր առմամբ, խօսւում էր բիւջետային ծախսերի արդիւնաւէտութեան, տրանսպորտային խնդիրների լուծման, կոմունալ ծառայութիւնների աշխատանքի լաւացման անհրաժեշտութեան մասին։

Քարոզարշաւի մէկ մասնակից էլ` «Լույս» դաշինքը, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը հիւրանոցներից մէկի կոնֆերենս սրահում՝ պերզենտացիայի տեսքով։

ՀՅԴ-ն  սկսեց քարոզարշաւը Արամ Մանուկեանի արձանից։ Դաշնակցականները նախատեսում են նաեւ աւտոերթ անցկացնել։

Մնացած ուժերը դեռ առանձնապէս ակտիւութիւն չեն ցուցաբերել։

Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը ներկայիս ընտրութիւնները իւրայատուկ է համարում այն առումով, որ դրա մասնակիցները քաղաքացիներին առանձնայատուկ մեսիջ չունեն, իսկ քարոզարշաւի ժամկէտները շատ սուղ են։ Նրա խօսքով` թեկնածուների խօսքում մարդկանց կեանքը բարելաւելու մասին ստանդարտ խոստումներ են։ Հետաքրքիր գաղափարներ, նախագծեր, մտայաղացումներ չկան։

«Ընդհանրապէս պէտք է նշել, որ քարոզչութեան համար քիչ ժամանակ է տրւած։ 12 օրը լիարժէք քարոզաշաւի համար շատ քիչ է։ Կուսակցութիւնները կարող էին ոչ ֆորմալ քարոզարշաւ սկսել յուլիսի 9-ից, երբ Տարոն Մարգարեանը լքեց քաղաքապետի պաշտօնը։ Օրէնքը չի արգելում պաշտօնական քարոզարշաւի մեկնարկից առաջ հանդիպել ընտրողների հետ, միջոցառումներ ու ճեպազրոյցներ անցկացնել»,- ասաց Բադալեանը «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Միակ ուժը, որը շահեկան դիրքում է յայտւում, «Իմ քայլը» դաշինքն է, քանի որ յեղափոխական ցնծութիւնն ու վարչապետի բարձր վարկանիշը թոյլ են տալիս դաշինքին չմտածել ժամանակի պակասի մասին։

Ինչ վերաբերում է  քարոզարշաւին, որը մեկնարկել «փողոցային» հանդիպումներից, ապա փորձագէտի խօսքով՝ դա սովորական բան է, որն առկայ է հայկական ընտրութիւններում դեռ 90-ականներից։

«Չէի ասի, որ դա «նոու-հաու» է կամ ինչ-որ մէկին նմանակել է։ Խնդիրը ձեւաչափը չէ։ Խնդիրը բովանդակութեան բացակայութիւնն  է։ Քաղաքական ուժերը պարզապէս ասելիք չունեն»,- ասաց նա։

Բադալեանը կարծում է, որ զուրկ են բովանդակութիւնից նաեւ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի յայտարարութիւնները։ Միաժամանակ վերոյիշեալ գործօնները` վարչապետի հեղինակութիւնն ու յետհեղափոխական տրամադրութիւնները ինչ-որ չափով կը փոխհատուցեն բովանդակային մասի բացակայութիւնը։

Յիշեցնենք, որ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնը կը կայանան 2018 թւականի սեպտեմբերի 23-ին։ Ընտրութեանը կը մասնակցեն 4 դաշինք եւ 8 կուսակցութիւն։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարեանը, որը զբաղեցնում էր այդ պաշտօնը 2011 թւականի նոյեմբերից, հրաժարական տւեց յուլիսի սկզբին։ ՀՀԿ-ն որոշել է ընդհանրապէս չմասնակցել այս ընտրութիւններին։

Յարակից լուրեր