Print this page
11/09/2018 - 14:20

Փաշինեանի`«սիրիական» ձիով քայլը. պէ՞տք է սպասել արդեօք Անկարայի հետ երկխօսութեան

Երեւանի մասնակցութիւնը սիրիական գործերին, որտեղ արդէն առկայ են ոչ միայն բարեկամական Իրանը, այլ նաեւ թշնամական Թուրքիան, իւրայատուկ հետաքրքրութիւն է հաղորդում այդ առաքելութեանը։

«alikonline.ir» - Մոսկւայում հայ եւ ռուս առաջնորդների բանակցութիւնների ֆոնին հայկական մամուլը շրջանցել էր դրանից մէկ օր առաջ Թեհրանում կայացած Պուտինի հանդիպումը Իրանի եւ Թուրքիայի գործընկերների հետ։ Երեք երկրների ղեկավարները քննարկել են, իհարկէ, Սիրիայի խնդիրը, այնուհետեւ՝ ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու համատեղ միջոցները։ Բայց, ինչպէս երեւում է, այդ հանդիպումը կարող է անմիջական կապ ունենալ Հայաստանի հետ։ Եւ ահա թէ ինչու։ «Sputnik» Արմենիայում գրում է Աշոտ Սաֆարեանը:

Վերջին շրջանում սիրիական թեման, ամենայն հաւանականութեամբ, կողմնակի աղերս է ունեցել հայկական շահերի հետ, որը պայմանաւորւած է եղել այդ բազմաչարչար արաբական երկրում հայ համայնքի առկայութեան հետ։ Հիմա իրավիճակը փոխւել է։ Բանն այն է, որ Մոսկւայում Նիկոլ Փաշինեանը եւ Վլադիմիր Պուտինը պայմանաւորւել են Սիրիայում մարդասիրական համատեղ գործողութեան մասին։ Հայաստանն այնտեղ կուղարկի ռազմական մասնագէտների, սակրաւորների, ինժեներների եւ բժիշկների։ Ինչպէս հաղորդեց Փաշինեանը լրագրողներին, հիմնական խնդիրը Հալէպի հայ համայնքին եւ, ընդհանուր առմամբ, Սիրիային օգնութիւն ցուցաբերելն է։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունել են այդ համատեղ որոշումը, եւ Հայաստանի ՊՆ մարդասիրական առաքելութեան ներկայացուցիչները կը գործեն Հայաստանի դրօշի ներքոյ»,- յաւելել է ՀՀ վարչապետը։

Ասել, որ դա աննախադէպ ակցիա է, նշանակում է ոչինչ չասել։ Երեւանն իր վրայ բաւական լուրջ պատասխանատւութիւն է վերցնում` իր աւանդն ունենալով  իրադրութեան կայունացմանը մի երկրում, որտեղ արդէն 7-րդ տարին է` ընթանում է քաղաքացիական պատերազմ։ «Սիրիական քէյսը» Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը բոլորովին նոր մակարդակ է տեղափոխում։ Առաջին հերթին, ոչ մեծ հարաւկովկասեան Հանրապետութիւնը անվտանգութեան սպառողից դառնում է դրա աղբիւր։

Երկրորդ, Երեւանի մասնակցութիւնը սիրիական գործերին, որտեղ արդէն առկայ են ոչ միայն բարեկամական Իրանը, այլ նաեւ թշնամական Թուրքիան, իւրայատուկ հետաքրքրութիւն է հաղորդում այդ առաքելութեանը։ Թուրքիան այսօր, թէեւ իրավիճակային, բայց ամէն դէպքում Մոսկւայի գործընկերն է սիրիական կարգաւորման մէջ։ Պարադոքսալ է հնչում, բայց, երեւում է, իրավիճակ է ստեղծւում, որի դէպքում սիրիական թատրոնում կարող են բախւել երկու վաղեմի հակառակորդների` Երեւանի եւ Անկարայի շահերը։ Եւ այդ պայմանական մերձեցումը տեղի է ունենում Մոսկւայի հովանու ներքոյ։ Ինչպիսի՞ աշխարհաքաղաքական շահեր կարող է քաղել դրանից Երեւանը, կախւած է հայկական դիւանագիտութեան վարպետութիւնից։ Սակայն տւեալ պահին մեկնարկային պայմանները բաւական լաւն են։

Յիշում ենք, որ դեռ մէկ տարի առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը յայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «դրական դեր խաղալ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մէջ»։ Նրա խօսքով` Մոսկւայում միայն կը ողջունեն, որպէսզի ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատւածը բաց լինի մարդկանց, ապրանքների եւ ծառայութիւնների ազատ տեղաշարժման համար։

Ի դէպ, Փաշինեանը վարչապետ ընտրւելուց յետոյ բազմիցս ասել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Անկարայի հետ։

Դժւար է միանշանակ ասել, թէ այսօր արդեօ՞ք պայմաններ ստեղծւել են կողմերի մերձեցման տանելու համար, բայց սիրիական սիւժէն կարող է դառնալ այն ամրացնող գործօնը, որը թոյլ կը տայ մեռեալ կէտից շարժել Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնները։  Եւ այն, որ Թեհրանում եռակողմ բանակցութիւններին հետեւել է Փաշինեանի այցը Մոսկւա, բաւական խորհրդանշական է երեւում։

 

 

Յարակից լուրեր