Print this page
12/09/2018 - 08:20

«Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ իրականցւում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդւում է Նիկոլ Փաշինեանի կողմից». ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի յայտարարութիւնը

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կապւած ՀՀ ԱԱԾ եւ ՅՔԾ ղեկավարների աղմկահարոյց հեռախօսազրոյցի եւ մամուլի ասուլիսի հետ.

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կապւած ՀՀ ԱԱԾ եւ ՅՔԾ ղեկավարների աղմկահարոյց հեռախօսազրոյցի եւ մամուլի ասուլիսի հետ.

«Ինչպէս յայտնի է, այսօր՝ սեպտեմբերի 11-ին համացանցում յայտնւեց մի տեսագրութիւն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրէնի եւ ՀՀ ՅՔԾ պետի հեռախօսազրոյցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնաւորապէս` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին կալանաւորելու վերաբերեալ:

Այս զրոյցների մանրամասները յայտնի են բոլորին եւ կարիք չկայ վերաշարադրել դրանք: Հեռախօսազրոյցների բովանդակութիւնը գալիս է փաստելու մի քանի կարեւոր հանգամանք, որի մասին մէկ անգամ չէ, որ յայտարարել ենք:

Դրանք են. Նախագահ Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ իրականցւում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդւում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից:

ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի խօսակցութիւնը սրանում կասկածի տեղ չի թողնում:

Դատելով ձայնագրութիւնից, ի սկզբանէ խնդիր է դրւել ոչ թէ բացայայտել «Մարտի 1-ի» գործը եւ գտնել մեղաւորներին, այլ պարզապէս կալանաւորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարեանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:

Առաջին ատեանի դատաւորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնւել է իշխանական բիրտ ճնշման ներքոյ եւ իրեն վերեւից թելադրւած «դուխով» ապօրինի որոշում է կայացրել: ՀՀ երկրորդ նախագահի եւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրւել է ուղիղ Նիկոլ Փաշինեանի համաձայնութեամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրաւ/:

Կատարւածը յանցագործութիւն է` բարձարաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ: Հեռախօսազրոյցների հրապարակմանը հետեւած ՀՀ վարչապետի, ինչպէս նաեւ ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի յայտնի ասուլիսում արւած յայտարարութիւնները, մեծապէս ոչ այլ ինչ են, քան անյաջող արդարացումներ: Հեռախօսազրոյցների խայտառակ բովանդակութիւնը մեկնաբանութիւնների կարիք չունի, ու զրոյցներն այն մասին, թէ «չար ուժերը» փորձում են նման ձայնագրութիւններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի եւ յանցաւորութեան դէմ, տւեալ համատեքստում պարզապէս զաւեշտալի են:

Կարեւոր է ընդգծել, որ այս հեռախօսազրոյցները բացայայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչւող դրւագ, այլեւ գործող ռեժիմի բուն էութիւնը, օրւայ իշխանութեան իրական դէմքը: Մարդիկ, որոնք առաւօտից երեկոյ գոռում-գոչում են սիրոյ եւ հանդուրժողականութեան ու արդարադատութեան մէջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակութեանը: Մարդիկ, որոնք առաւօտից երեկոյ խօսում են ժողովրդավարութեան մասին ամենակոպիտ ձեւով ճնշում են ժողովրդավարական ազատութիւններն ու մարդու իրաւունքները: Հարկ ենք համարում ընդգծել նաեւ հետեւեալը:

Վարչապետի, ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի ելոյթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարաւոր չէ կալանւորել եւ հետապնդման ենթարկել նախագահ Քոչարեանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպէս նաեւ համոզւելով, որ ապօրինի հարստացման եւ առասպելական ունեցւածքի մասին խօսակցութիւնները իրականութեանը չեն համապատասխանում, իշխանութիւնները նոր միջոցի են դիմում` յայտարարելով, թէ Քոչարեանների ընտանիքը փողերի լւացմամբ է զբաղւել: Թէ ինչ արժէն այս յայտարարութիւնները, որ արւած են յայտնի հեռախօսազրոյցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրութիւնը: Սակայն ակնյայտ է, որ նախագահ Քոչարեանի դէմ քաղաքական հետապնդումները շարունակւում են եւ նոր շրջան են մտնում:

Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծւած իրավիճակը, իշխանութիւնների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը եւ թոյլ չտալ, որպէսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածւի ամբոխավարական ձախողւած պետութեան, որը կառավարւում է դիլետանտների կողմից` բոլշեւիզմի սկզբունքներով եւ ուր խրախուսւում են քաղաքական ռեպրեսիաները»:

Յարակից լուրեր