Հա

Քաղաքական

15/09/2018 - 11:40

Վարդան Ոսկանեան. «Ուսումնասիրութիւնն ունի ոչ միայն ակադեմիական նշանակութիւն, այլեւ օգտակար է կիրառական դաշտում»

ՀՀ ԿԳՆ գիտութեան կոմիտէի կողմից ֆինանսաւորման երաշխաւորւած թեմաների շարքում է նաեւ ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի կողմից ներկայացւած «Շիրւանի տարածաշրջանը որպէս հայ-իրանական լեզւամշակութային կոնտակտային գօտի» թեման, որի մասին ԵՊՀ պաշտօնական կայքը խօսել է հետազօտական խմբի ղեկավար, Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ ԿԳՆ գիտութեան կոմիտէի կողմից ֆինանսաւորման երաշխաւորւած թեմաների շարքում է նաեւ ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի կողմից ներկայացւած «Շիրւանի տարածաշրջանը որպէս հայ-իրանական լեզւամշակութային կոնտակտային գօտի» թեման, որի մասին ԵՊՀ պաշտօնական կայքը խօսել է հետազօտական խմբի ղեկավար, Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանի հետ:

Զրոյցում Վարդան Ոսկանեանն ասաց, որ  թեման կարեւոր է՝ պայմանաւորւած մի շարք հանգամանքներով. «Նախ այս տարածաշրջանը, պատկերաւոր ասած, ներկայիս Ադրբեջանի Հանրապետութեան սիրտն է, եւ հէնց այս տարածքում է ձեւաւորւել Ադրբեջանական Հանրապետութեան քաղաքական, տնտեսական, մշակութային եւ նոյնիսկ լեզւական կեանքը, իսկ տարածքն իր մէջ պատմականօրէն շատ քիչ թուրքական տարրեր է պարունակում, եւ որքան էլ պարադոքսալ հնչի, այժմ էլ այդ տարրերը շատ քիչ են»:

Ըստ նրա՝  ուսումնասիրութիւնն առնչւում է մի տարածքի հետ, որը եղել է Աղւանքի կարեւորագոյն հատւածը: Հետագայում տարածքի իրանականացման արդիւնքում այդտեղ եղել են պարսիկները՝ որպէս գերակշիռ էթնիկական եւ մշակութային տարր, այսինքն՝ իրանական մշակոյթի շատ կարեւոր շերտ, որը դրսեւորւել է նաեւ տարածքի քաղաքական պատմութեան մէջ (խօսքը Շիրւանշահերի պետութեան մասին է, որն ամենատեւական իրանական պետականութիւններից մէկն է եղել, Այսրկովկասի տարածաշրջանում, ըստ էութեան՝ միակ իրանական պետականութեան օրինակը), եւ հայկական տարրի մշտական ներկայութիւն այս տարածքներում՝ սկսած Աղւանքի ժամանակաշրջանից մինչեւ իսլամական միջնադար եւ ընդհուպ մինչեւ 1980-ական թւականների վերջ, երբ հայ էթնիկական տարրն այդտեղից դուրս մղւեց յայտնի հակամարտութեան հետեւանքով:

«Տարածքում մշտապէս ունեցել ենք իրանական էթնիկական տարր՝ ի դէմս կովկասեան պարսիկների կամ թաթերի, եւ հայկական էթնիկական տարր, որի շնորհիւ այդտեղ միջնադարից սկսւած ընթացել են բաւականին հետաքրքիր շփումներ երկու էթնոմշակութային խոշոր միաւորների միջեւ, ինչի արդիւնքում ի յայտ են եկել բազմաթիւ հետաքրքիր ընդհանրութիւններ թէ՛ լեզւական, թէ՛ մշակութային մակարդակներում, ինչպէս նաեւ պատմական հարթութեան մէջ, եւ այդ իմաստով նշւած ծրագիրը նպատակ ունի հետազօտելու փոխառնչակցութիւնների ողջ համալիրը, որն իր մեջ կը ներառի նաեւ դաշտային հետազօտութիւն»,- ասաց Վարդան Ոսկանեանը: 

Խօսելով դաշտային հետազօտութիւնների մասին՝ ծրագրի ղեկավարն ասաց, որ  հնարաւորութիւն չկայ անձամբ այցելելու այդ տարածքները եւ տեղում իրականացնելու ուսումնասիրութիւն, բայց ՀՀ-ում կան ժամանակին կովկասեան պարսկերէնով խօսող հայութեան բեկորներ. «Խօսքը Մադրասայի բնակչութեան մասին է: Խոշոր հայկական գիւղ, որտեղ կովկասեան պարսկերէնը հայերէնին զուգահեռ տարածւած էր, եւ Մադրասայի բնակչութիւնը, ըստ էութեան, երկլեզու էր: Ունենք նաեւ պարսկախօս հայութեան բեկորներ, որոնք տարածւած են Հիւսիսային Կովկասում, բայց ժամանակին դուրս են եկել Շիրւանից: Բնականաբար ունենք նաեւ բացառապէս հայախօս հայ բնակչութիւն, որը կրկին այդ տարածաշրջանից է դուրս եկել 1980-ականների վերջում եւ 90-ականների սկզբներին, եւ որի մի մասը բնակւում է Հայաստանում»:

«Բացի այդ՝ շատ կարեւոր է, որ ունենք այդ տարածաշրջանի պարսկական մշակոյթի եւ ինքնութեան ամենակարեւոր կենտրոններից մէկից՝ Լահիջ բնակավայրից դուրս եկած բնակչութիւն, որն ապրում է ներկայիս Վրաստանի Հանրապետութեան տարածքում, այսինքն՝ դաշտային աշխատանքներ իրականացնելու համար ունենք հասանելիութիւն: Այսօրւայ տեղեկատւական տեխնոլոգիաները թոյլ են տալիս լեզւական կամ մշակութային որոշ տարրեր ուսումնասիրել նաեւ հեռահար մեթոդաբանութեամբ»,- պարզաբանեց Վարդան Ոսկանեանը:

Ամբիոնի վարիչը պատմեց նաեւ, որ որոշակի կապեր ունեն նաեւ ազգութեամբ թաթ կամ կովկասցի պարսիկ մշակութային գործիչների եւ գիտնականների հետ. «Հաշւի առնելով Ադրբեջանական Հանրապետութիւնում այժմ ժողովրդի հանդէպ կիրառւող բռնաճնշումների մեխանիզմները՝ բնականաբար այդ շփումների մասին բարձրաձայնելն այնքան էլ տեղին չի լինի, սակայն փաստ է, որ հնարաւորութիւն ունենք համագործակցելու: Սերտ կապեր ունենք նաեւ թաթերէնի ուսումնասիրութեան ամենակարեւոր կենտրոնների մէկի՝ Սորբոնի համալսարանի մեր գործընկերների հետ, մասնաւորապէս պրոֆեսոր Ժիլ Օտէի հետ, որը ուսումնասիրել է կովկասեան պարսկերէնը, եւ այժմ էլ կատարում է ուսումնասիրութիւններ: Ի դէպ, ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ԵՊՀ ղեկավարութեանը եւ անձամբ պարոն Սիմոնեանին, որի օժանդակութեամբ մեր ամբիոնը երեք անգամ հիւրընկալել է պարոն Օտէին, ով հանդէս է եկել դասախօսութիւններով եւ հանդիպել մեր դասախօսների եւ ուսանողների հետ»:

Վարդան Ոսկանեանի հաւաստմամբ՝ ուսումնասիրութիւնը հետաքրքիր է այն առումով, որ ունի ոչ միայն տեսական, ակադեմիական նշանակութիւն, այլեւ դրա արդիւնքները կարող են օգտակար լինել կիրառական դաշտում. «Խօսքը վերաբերում  է Հայաստանի հանդէպ թշնամաբար տրամադրւած պետութեան ներսում մեզ հետաքրքրող տարածաշրջանի վերաբերեալ տւեալների հայթայթմանը եւ այդ տւեալների հետազօտմանը, որոնք կարող են շատ դէպքերում կիրառւել նաեւ թէկուզ քարոզչութեան նպատակով մեր պետութեան համապատասխան պատկան մարմինների կողմից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ է շրջանառում այն քարոզչութիւնը, թէ ադրբեջանական էթնիկ միաւորն այս տարածաշրջանում ունի հնագոյն պատմութիւն, կամ, օրինակ, Հայաստանը իրականում Արեւմտեան Ադրբեջան է եւ այլ սուտ տեղեկութիւններ: Մենք ներկայացնելու ենք այդ տարածաշրջանի էթնիկ եւ մշակութային իրական պատմութիւնը, յատկապէս դրա մէջ հայկական ու իրանական տարրերի ունեցած հսկայական դերը»:

Խօսելով մեթոդաբանութեան մասին՝ ամբիոնի վարիչը նշեց, որ այն կիրառւելու է  կոնտակտային գօտու տեսութեան շրջանակում, որը ենթադրում է զանազան գօտիների առկայութիւն, որտեղ տարալեզու, տարամշակոյթ միաւորները միմեանց հետ գտնւում են երկարատեւ շփման մէջ, ինչի արդիւնքում էլ ձեւաւորւում է այդ գօտու շրջանակում իւրօրինակ մշակութային, լեզւական ընդհանրութիւնների հսկայական բոյլ. «Հէնց այդ բոյլն է, որ լինելու է մեր ուշադրութեան կենտրոնում: Մինչեւ այժմ լեզւական մակարդակում ուսումնասիրւել է հիմնականում հայերէնում իրանական փոխառնութիւնների խնդիրը, բայց կովկասեան պարսկերէնում առկայ է հայկական ազդեցութեան հետաքրքիր շերտ: Եւ այդ փաստը ցուցիչ է առ այն, որ տարածքում եղել է հայ-իրանական ինտենսիւ շփումների ժամանակաշրջան, որի ընթացքում հայերէնն էլ է ազդել կովկասեան պարսկերէնի վրա: Հետաքրքիր եւ գրեթէ չուսումնասիրւած տիրոյթ է: Նոյնը կարելի է ասել նաեւ մշակութային մակարդակում»:

«Ձեւաւորւել է իւրօրինակ գօտի, որտեղ հայութեան մի հատւածն անցում է կատարել պարսկերէնի: Այսինքն՝ հայագիտութեան տեսանկիւնից էլ այս ուսումնասիրութիւնը կարող է հետաքրքրութիւն առաջացնել: 17-րդ դարից յետոյ ունենք դէպքեր, երբ պարսկալեզու հայութիւնը նաեւ իսլամադաւան է դարձել, եւ, ըստ էութեան, հէնց հիմա Ադրբեջանի տարածքում ունենք գիւղեր, որոնք նախկինում ունեցել են հայկական ինքնութիւն: Այդ տարածքների ուսումնասիրութիւնը նոյնպէս կարեւոր է, քանի որ էթնիկական պատմութեան հարցում էլ Ադրբեջանի կեղծարարութիւնները չափ ու սահման չունեն: Խնդիրները, որոնց անդրադառնալու ենք, շատ են»,- ասաց Վարդան Ոսկանեանը:

Հետազօտական խմբի ղեկավարի հաւաստմամբ՝ այս ոլորտը հայ-իրանական առնչակցութիւնների պրիզմայով բոլորովին նոր ուղղութիւն է Հայաստանում. «Ես շատ հպարտ եմ, որ ունենք երիտասարդ եւ պրոֆեսիոնալ հետազօտական խումբ, որի մէջ ներառւած են Իրանագիտութեան ամբիոնի դոցենտ Հասմիկ Կիրակոսեանը եւ դասախօս Արտեօմ Տօնոյեանը, ինչպէս նաեւ ասպիրանտ Գարիկ Միսակեանը: Խմբի անդամները մինչ այժմ էլ այս ոլորտում իրականացրել են տարբեր հետազօտութիւններ եւ տիրապետում են թեմայի բոլոր նրբութիւններին»: 

Վարդան Ոսկանեանն ասաց, որ ծրագրի աւարտից յետոյ աշխատանքը կը տպագրւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։