Հա

Քաղաքական

15/09/2018 - 12:30

Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

ՍԵՐԳԷՅ ՇԱՔԱՐԵԱՆՑ

 

1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

Հայկական ԶԼՄ-ներն օգոստոսի 9-ին հաղորդեցին, որ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը, որին Իրանում եւ Ռուսաստանում համարում են «Արեւմուտքի մարդ», հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ: «Ֆէյսբուք»-ի իր էջում Գրիգորեանը գրել է, որ հանդիպման ժամանակ ինքը նշել է, թէ տարիների ընթացքում Հայաստանը եւ Իրանն ապացուցել են իրենց փոխադարձ ցանկութիւնը՝ պահպանելու եւ զարգացնելու երկկողմ յարաբերութիւնները, որոնք երբեք չեն տուժել երկու երկրի համար ծանր ժամանակներում: Նա համոզւածութիւն է յայտնել, որ բարձր մակարդակ ունեցող գործակցութիւնը կը նպաստի նաեւ տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը, ինչը կամրապնդի Հայաստանի կայունութիւնը:

Իրանի դեսպանն իր հերթին ողջունեց «թաւշեայ յեղափոխութեան» ընթացքում ձեւաւորւած կառավարութեան ջանքերը հայ-իրանական յարաբերութիւնների խորացման եւ զարգացման ուղղութեամբ: Նա պատրաստակամութիւն յայտնեց աջակցելու Իրան՝ վարչապետ Փաշինեանի այցի նախապատրաստութեանը, որը նախատեսւում է մօտ ժամանակներս: Զարգացնելով այդ տեղեկութիւնը, հայկական մի շարք ԶԼՄ-ներ, որոնք համակրում եւ աջակցում են «թաւշեայ յեղափոխականներին», այսպէս ասած, տեղեկատւական տարածք նետեցին Թեհրանում վարչապետի այցի ինչ-որ պլանի ուրւագիծ:
Սակայն յետոյ Հայաստանի ԱԳՆ-ն, փաստօրէն, հերքեց Արմէն Գրիգորեանի յայտարարութիւնը: «Ֆեյսբուքում» նրա գրառումից 5 օր անց ԱԳՆ մամլոյ քարտուղարի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը յայտարարեց. «Հայաստանի վարչապետի այդպիսի այց օրակարգում դեռեւս չկայ: Իրան տարբեր մակարդակների այցեր պլանաւորւում են, բայց ճշգրիտ ժամկէտներ դեռ նշւած չեն»: Դրանից յետոյ ո՞վ կը հաւատայ Փաշինեանին կամ նոյն Աննա Նաղդալեանին, որ «չնայած Իրանի շուրջ ստեղծւած իրադրութեանը՝ Երեւանի համար Թեհրանը շարունակում է մնալ կենսականօրէն կարեւոր գործընկեր»: Ոչ ոք: Յատկապէս Իրանում: Որովհետեւ դեսպան Սաջջադիի հրաւէրը իրանական կողմից 2018 թ. 8 ամսում արւած երկրորդ կամ արդէն երրորդ հրաւէրն է Փաշինեանին՝ այցելելու Իրան: Ուրեմն ինչու՞ «Նիկոլ Փաշինեանի օրակարգում» դեռ չկայ հարեւան պետութիւն այցը:

Գուցէ «ժողովրդական վարչապետն» արդէն վախեցել է Երեւանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչի Միլզի դիրքորոշումից. վերջինս նոյնիսկ այն հայ գործարարներին, որոնք մտադիր էին Իրանի հետ գործ բռնելու, խորհուրդ է տալիս (եւ զարմանալի է, որ նոյնպէս օգոստոսի 14-ին) «խորհուրդներ ստանալ դեսպանութիւնում՝ Իրանի դէմ պատժամիջոցների տակ չընկնելու համար»:

Պարզ է, որ ԱՄՆ-ի դեսպանութիւնում: Ասենք, ԱՄՆ-ի ֆաշիստական եւ գերիշխանական վարւելաձեւն աշխարհը գիտի: Աշխարհը, մենք էլ չգիտեինք, որ առաջին «վախեցածն» է լինելու Հայաստանի կառավարութեան ղեկավարը:
Բայց ենթադրենք, որ նա երբեւէ, ԱՄՆ-ի հրամանին հակառակ, որոշի գնալ Իրան:

Վերադառնանք այն բանին, ինչը գրւում էր օգոստոսին հայ-իրանական յարաբերութիւնների առնչութեամբ: Եթէ այդ յարաբերութիւններն սկսւէին հէնց վաղը եւ «մաքուր էջից», ապա հայկական ԶԼՄ-ների առաջարկութիւնները, կազմւած ինչ-որ փորձագիտական որոշման հիման վրայ եւ գրողների ազգային պատկանելութիւնից կախում չունենալու հաւակնութեամբ, լիովին կարող էին համարւել կշռադատւած եւ խելամիտ:

Օրինակ, Փաշինեանին խորհուրդ տային, որ Հայաստանի իշխանութիւններն առաջին հերթին պէտք է խթանեն հայ-իրանական տնտեսական կապերը՝ ներդրումներն ազատ առեւտրային գօտիներում (ԱԱԳ), որպէսզի իրանական կապիտալն ամրապնդւի Հանրապետութեան տնտեսութեան մէջ, ստեղծւեն համատեղ ձեռնարկութիւններ:

Հայ-իրանական քաղաքական յարաբերութիւնները միշտ բարձր մակարդակի վրայ են եղել, նշում են պլանի ուրւագիծը կազմողները, Թեհրանը կշռադատւած դիրքորոշում ունի արցախա-ադրբեջանական հակամարտութեան վերաբերեալ, եւ այդ ֆոնին անյարմարօրէն առանձնանում են երկու երկրի տնտեսական յարաբերութիւնները, որոնք շարունակում են զիջել քաղաքականութեանը: Ի՜նչ, այ քեզ բա՜ն. «Հայաստանը Իրանի համար պատուհան կը դառնայ դէպի արտաքին աշխարհ»: Յետոյ արդէն գալիս էին կողքից դիտողի դատողութիւններ: Մասնաւորապէս, որ միաժամանակ «խորանում են Ադրբեջանի եւ Իրանի յարաբերութիւնները. Ադրբեջանի տարածքում ստեղծւում են մեքենայական տեխնիկայի, դեղամիջոցների եւ այլ համատեղ ձեռնարկութիւններ, փոխադարձ ներդրումների հիմնադրամ, կառուցւում է երկու երկիրը միացնող երկաթուղի եւ այլն: Չնայած Իրանի հակառակորդ Իսրայէլի հետ Ադրբեջանի ռազմական սերտ կապերին՝ վերջին տարիներին ադրբեջանա-իրանական յարաբերութիւնների տնտեսական բաղադրիչը կտրուկ աճում է: Դա իրական մրցակցութիւն է, եւ Երեւանը պէտք է Թեհրանին նոր առաջարկներ անի, որոնք կեանքի կը կոչեն նոր տրանսպորտային, էներգետիկ համատեղ նախագծեր եւ կը խորացնեն տնտեսական կապերը: Դա յատկապէս կարեւոր է, քանի որ Բաքւին անհանգստացնում են հայ-իրանական եւ հայ-վրացական յարաբերութիւնները, որոնք չէզոքացնում են տարածաշրջանում Հայաստանը մեկուսացնելու ցանկալի արդիւնքը: Ինչ վերաբերում է Բաքւի հնարաւոր քայլերին, ապա Ադրբեջանն իրանցի գործարարներին կարող է առաջարկել բեռնափոխադրումների աւելի շահաւէտ պայմաններ, նաեւ արտօնեալ պայմաններ իրանական այն արտադրանքի համար, որը Վրաստան կը ներմուծւի տարանցիկ կերպով կամ Վրաստանից ադրբեջանական տարածքով Իրան-Պարսից ծոց ուղղութեամբ: Դա կարող է արւել հայ-իրանական տարանցիկ միջանցքը թուլացնելու համար: Իրանցի եւ վրացի գործարարները, յատկապէս բեռնափոխադրողները, չեն կարող հաշւի չառնել այն փաստը, որ հայկական տարածքով փոխադրումները աւելորդ ծախսերի կը յանգեցնեն մի քանի գործօնների, այդ թւում՝ վատ ենթակառոյցների, չաւարտւած «Հիւսիս-հարաւ» ճանապարհի եւ Սիւնիքի տեղանքի պատճառով»:
Նախ՝ հարկ է մի քիչ «խմբագրել» Փաշինեանի մերձաւոր շրջապատի «Արեւմուտքի մարդ» Արմեն Գրիգորեանին: Իրանա-հայկական յարաբերութիւնները տուժել են 1991 թ. սեպտեմբերից, այն էլ ինչպէս: Խփւած ինքնաթիռ, Իրանի մեծ թւով զոհւած քաղաքացիներ, որոնց թւում՝ կանայք ու երեխաներ, 90-ականների առաջին կէսում իրանական մեծաբեռ մեքենաների վարորդների սպանութիւններ: Կարելի է հարցնել նախկին նախագահ Տէր-Պետրոսեանին, թէ ինչ փաստարկումներ էր արել 90-ականներին Հայաստանում Իրանի դեսպան Համիդ Ռեզա Նիքքար-Էսֆահանին Լեւոն Տէր-Պետրոսեանին իր այցի եւ բանակցութեան ժամանակ, որ հանդիպումից յետոյ «յանկարծակի» դադարեցին իրանցի վարորդների վրայ յարձակումները եւ նրանց սպանութիւնները, խափանւեց Հայաստանից իրանական «Մելլաթ» բանկի նախապատրաստւող վտարումը: Այդ վտարումը Հայաստանի այն ժամանակւայ իշխանութիւնները պատրաստ էին անելու, իհարկէ, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի թելադրանքով: Այնպէս որ, ցանկացած իրանցի դիւանագէտի կամ պաշտօնատար անձի որեւէ բան ասելուց առաջ միշտ պէտք է նկատի ունենալ, որ իրանցիներն ամէն ինչ խնամքով պահպանում են եւ երբեք ոչինչ չեն մոռանում: Երկրորդ. Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատելը ոչ միայն անքաղաքավարութիւն, այլեւ յիմարութիւն է: Բազմաթիւ են այն պատճառները, որոնց պատճառով չարժէ համեմատել Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի համար հետաքրքիր լինելու տեսանկիւնից: Ընդ որում, տնտեսութիւնն ու տրանսպորտն Իրանի համար չնչին դեր ունեն, հակառակ դէպքում Աստարայով Իրան-Ռուսաստան երկաթգիծը վաղուց շահագործման յանձնւած կը լինէր, մինչդեռ նոյնիսկ կառուցումն աւարտւած չէ:

Բայց, ինչպէս յայտնի է, Թեհրանի եւ Բաքւի միջեւ խիստ վիճելի հարցը՝ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ, լուծւած է: Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրել են 5 պետութեան ղեկավարները 2018 թ. օգոստոսին, Ղազախստանում: Եւ յայտնի է, որ Իրանը մինչեւ վերջին պահը կասկածի մէջ էր, թէ արժէ՞ ստորագրել այդ փաստաթուղթը: Գայթաքարը ծովի յատակը բաժանելու հարցն էր: Սակայն Մերձաւոր Արեւելքում իրադրութեան բարդացման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանը մեղմացրեց իր նախնական կոշտ դիրքը:

Դիւանագէտները փաստաթուղթը բնութագրեցին «տարածաշրջանային սահմանադրութիւն»: ՌԴ նախագահ Պուտինը հանդիպումն անւանեց «բացառիկ, եթէ ոչ դարակազմիկ», իսկ Իրանի նախագահ Ռոհանին յայտարարեց, որ կողմերն արեցին «շատ կարեւոր քայլ»: Ստորագրւած համաձայնագիրը մերձկասպեան երկրներին թոյլ չի տալիս իրենց սահմանները բացել երրորդ կողմերի համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ի այլ երկրները, կամ թոյլատրել ընդհանրապէս որեւէ կարգի ռազմական ներկայութիւն կասպեան ջրերում:

Յիշեցնենք, որ փաստաթղթի նախագիծը համաձայնեցւել էր 2017 թ. դեկտեմբերին Մոսկւայում կասպեան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Համաձայնագրով Կասպից ծովի հիմնական ջրամակերեսը մնում է կողմերի ընդհանուր օգտագործման տակ, իսկ յատակը եւ ընդերքը հարեւան երկրների կողմից տեղամասերի են բաժանւում նրանց միջեւ պայմանաւորւածութեամբ, միջազգային իրաւունքի հիման վրայ: Նոյնպէս կողմերի համաձայնութեամբ որոշւում են նաւագնացութեան, ձկնորսութեան, գիտական հետազօտութիւնների եւ գլխաւոր խողովակաշարերի անցկացման հարցերը: Յատուկ նախապայման է դրւած, որ ծովային մասշտաբային նախագծերի իրականացման ժամանակ պարտադիր կերպով պէտք է հաշւի առնւի բնապահպանական գործօնը: Բրիտանական «Գարդիան» թերթը, մեկնաբանելով համաձայնագրի ստորագրման փաստը, այն համարում է «Պուտինի յաղթանակը»: Ըստ «CNN»-ի, «կասպիական» յաղթանակը Մոսկւային թոյլ կը տայ իրականացնել իր մերձաւորարեւելեան հաւակնութիւնները: «Դէյլի թելեգրաֆ» թերթը համաձայնագիրն անւանել է «ժամանակին արած գործարք», որը յաջորդեց Իրանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի խոստմանը: Բայց բոլորին, ինչպէս Այսրկովկասում, այնպէս էլ Միջին Ասիայում, չխօսելով արդէն Արեւմուտքի մասին, առաւել քան հասկանալի է, որ այդ համաձայնագրի ստորագրումը հէնց Մոսկւայի եւ Թեհրանի նախնական պայմանաւորւածութեան արդիւնքն է, իսկ ՌԴ-ն եւ Իրանը առաջնորդւում են տարածաշրջանում իրենց գաղտնի ռազմաքաղաքական միութեան շահերով: Զուր չէր, որ համաձայնագրի ստորագրումից յետոյ Ղազախստանն շտապեց կրկին հաւաստիացնել Ռուսաստանին եւ Իրանին, որ Կասպից ծովում ղազախական երկու նաւահանգստի օգտագործման մասին ԱՄՆ-ի հետ Ղազախստանի գործարքը բացառում է Մերձկասպիում ամերիկեան ռազմական ուժերի յայտնւելը: Նոյնիսկ համառոտ շարադրւած այս պատմութիւնը բաւական է՝ հասկանալու, որ Իրանի արտաքին քաղաքականութեան մէջ Ադրբեջանը յատուկ դիրք ունի, եւ այստեղ պէտք չէ «մէջ ընկնել» Երեւանից ինչ-որ համեմատութիւններով:

Դատելով ըստ ամենայնի, այն լուրերը, թէ նոր միջազգային-իրաւական կարգավիճակն օբիեկտիւօրէն ձեռնտու չէ Ադրբեջանին, ինչ-որ չափով համապատասխանում են իրականութեանը եւ արտացոլում են այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը լիովին գիտակցեց իր վիճակի անելանելիութիւնը: Հակառակ դէպքում նախագահ Ռոհանիի հետ օգոստոսի 12-ի հանդիպման ժամանակ նա դժւար թէ Իրանն անւաներ «եղբայրական երկիր» եւ հաւաստիացներ Ռոհանիին, որ «ոչ ոք երբեւէ չի կարող վնաս հասցնել մեր երկրների եղբայրական կապերին», ինչպէս նաեւ դատապարտեց Իրանի դէմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները: Քաղաքական եւ այլ արիութիւն կունենա՞ն Հայաստանի իշխանութիւնները՝ վարւելու նոյն կերպ, մանաւանդ որ Երեւանը փառաբանում է հայ-իրանական յարաբերութիւնները: Թէկուզ «ադրբեջանական տարբերակով». ընդգծեմ, որ Ադրբեջանի պաշտօնական աղբիւրները Ալիեւ-Ռոհանի հանդիպման արդիւնքներում չնշեցին Ադրբեջանի նախագահի կողմից Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցների «դատապարտումը»: Այսպէս, Ադրբեջանի պետական տեղեկատւական գործակալութիւնը սահմանափակւեց նշելով, որ «Ադրբեջանի եւ Իրանի կապերը յաջողութեամբ զարգանում են քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում... Ընդգծւեց, որ համատեղ իրականացւող տնտեսական նախագծերը լաւ արդիւնք են տալիս... Յաջողութեամբ իրականացւում է համագործակցութիւնը էներգետիկ, տրանսպորտային եւ ենթակառուցւածքային ոլորտներում, ինչպէս եւ «Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի գծով»:

Եթէ ազնւօրէն, ապա հաւատ չի ներշնչում: Լիովին ճիշտ է «Ռեգնում»-ի վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը, երբ հարցականի տակ է դնում Թեհրան Հայաստանի վարչապետի մօտալուտ այցի հաւանականութիւնը: Այո, Փաշինեանը, դեռ վարչապետ չլինելով, օտարերկրեայ դեսպանութիւններ իր առաջին այցելութիւններից մէկը կատարեց Իրանի դեսպանութիւն: Յիշեցնեմ նաեւ, որ ԻԻՀ-ի նախագահն արտասահմանեան երկրների առաջնորդների թւում առաջիններից մէկն էր, որ հեռախօսային զրոյցում Փաշինեանին շնորհաւորեց Հայաստանի վարչապետ ընտրւելու առթիւ:

Ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, այդ ժամանակ «կողմերը քննարկեցին հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները եւ մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին երկկողմ համագործակցութեանը եւ միջազգային օրակարգին, մտքեր փոխանակեցին իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադարձութիւնների զարգացման մասին», նշեցին «հայ-իրանական փոխշահաւէտ գործընկերութեան, նրա խորացման, ինչպէս նաեւ ընթացիկ համատեղ նախագծերի արդիւնաւէտ իրագործման կարեւորութիւնը՝ վերջիններիս ներուժի առաւելագոյն իրացմամբ», պայմանաւորւեցին այցերի ժամանակացոյցի մասին: Յուլիսի սկզբին Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը Երեւանում Փաշինեանի հետ անձնական հանդիպման ժամանակ նրան հաղորդեց նախագահ Ռոհանիի հրաւէրը: Այդ ժամանակ զրուցակիցները կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերեալ: Փաշինեանը յայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցութեան»: Լինենք օբիեկտիւ. Հայաստանի վարչապետի եւ Իրանի ներկայացուցիչների շփումների վերը թւարկւած դէպքերից ոչ մէկում Թեհրան Փաշինեանի այցի ժամկէտ գոնէ մօտաւորապէս չի նշւել: Եւ Տարասովը յստակ ասում է, թէ ինչու կարելի է եւ չսպասել Իրան Հայաստանի վարչապետի այց. «Յայտնի է, որ վարչապետը կը ցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեպտեմբերին հանդիպել Նիւ Եօրքում՝ ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ: Այդ դէպքում Թրամփի հետ հանդիպման նախօրեակին Իրան նրա այցը հազիւ թէ կայանայ, քանի որ կը գայ Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցների ծանրագոյն «նոր շրջանը»: Նշեմ նաեւ, որ որոշ հայ եւ ոչ թէ իրանցի կամ ռուս փորձագէտների եւ տնտեսագէտների կարծիքով, «Հայաստանում կարելի է ակնկալել «ցնցակաթւածներ» Իրանի եւ Ռուսաստանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով»:

«Իրատես»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։