Հա

Քաղաքական

15/09/2018 - 10:40

 ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառութեան մէջ է դրել նոր յուշադրամներ

ՀՀ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառութեան մէջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երեւան-2800» արծաթէ յուշադրամները: 

«alikonline.ir» - ՀՀ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառութեան մէջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երեւան-2800» արծաթէ յուշադրամները: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից:

 

Ազգային դրամի 25 տարին 

Յուշադրամի դիմերեսին պատկերւած է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին:

Յուշադրամի դարձերեսին պատկերւած է հայկական դրամի գրանշանը եւ «25 ՏԱՐԻ» գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին: 

Տեխնիկական չափանիշները

Անւանական արժէքը        5000 դրամ

Մետաղը/յարգը                արծաթ 925

Քաշը                                168.1 գ.

Տրամագիծը                     63.0 մմ.

Որակը                             պրուֆ

Դրամաշուրթը                  հարթ, համարակալւած

Քանակը                           300 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանեանը:

Հատւել է Լիտւայի դրամահատարանում:

 

Երեւան-2800 

Յուշադրամի դիմերեսին պատկերւած են Երեւան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, յատակագիծն ու քաղաքապետարանի շէնքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով:

Յուշադրամի դարձերեսին պատկերւած է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շէնքի «Արգիշտի արքան եւ քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատւած (գործ՝ Ա. Յարութիւնեանի): 

Տեխնիկական չափանիշները

Անւանական արժէքը        5000 դրամ

Մետաղը/յարգը                արծաթ 925

Քաշը                                168.1 գ.

Տրամագիծը                     63.0 մմ.

Որակը                              պրուֆ

Դրամաշուրթը                  ատամնաւոր

Քանակը                           700 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանեանը:

Հատւել է Լիտւայի դրամահատարանում:

 

Ծանուցում

Յուշադրամները թանկարժէք մետաղներից պատրաստւած դրամներ են, որոնք թողարկւում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժէքները հասարակութեանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով յաւերժացնելու, ինչպէս նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բաւարարելու նպատակով:

Ինչպէս ցանկացած դրամ, յուշադրամներն ունեն անւանական արժէք, որով եւ ներկայանում են որպէս վճարամիջոց: Սակայն յուշադրամների անւանական արժէքը շատ աւելի ցածր է ինքնարժէքից, որը բաղկացած է յուշադրամի պատրաստման համար օգտագործւած թանկարժէք մետաղի արժէքից, արտադրութեան եւ այլ ծախսերից: Ցածր անւանական արժէքն ու բարձր ինքնարժէքը հնարաւորութիւն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թէ որպէս դրամաշրջանառութեան մէջ օգտագործւող վճարամիջոց, այլ որպէս հաւաքորդական առարկայ: Յուշադրամներն ունեն նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանւած վաճառքի գին:

Յուշադրամները՝ հանդիսանալով հաւաքորդական առարկայ, թողարկւում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկւում:  

Դրամագէտները, հաւաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ յուշադրամները ՀՀ Կենտրոնական բանկի «Դրամագէտ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։