Հա

Քաղաքական

15/09/2018 - 14:30

Զանգւածների մուտքը քաղաքականութիւն

Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ 

ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

 

Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ Իսկ ինչպէ՞ս են իրենց դրսեւորում զանգւածները, եւ ինչպէ՞ս է պէտք նրանց ուղղորդել։ Հոգեբաններին, սոցիոլոգներին ու անտրոպոլոգներին այդ խնդիրը երկար ժամանակ է հետաքրքրում։

 

Լը Բոնի գաղափարները

Ֆրանսիական յեղափոխութիւնից յետոյ զանգւածների դերը քաղաքական կեանքում դառնում է կարեւոր։ Նրանց հակումների եւ դրսեւորումների խնդիրը կարեւոր, վճռական գործօն է դառնում։ Առաջիններից մէկը, ով կարողացել է տեսականօրէն ուսումնասիրել լայն զանգւածների, ինչպէս նաեւ ամբոխում յայտնւած անձի հակումները եւ բնազդները,եղել է ֆրանսիացի սոցիոլագ, հոգեբան, անտրոպոլոգ, պատմաբան Գուստաւ Լը Բոնը (1841-1931թթ.)։ Լը Բոնը կանխատեսում էր, որ սկսւում է «զանգւածների ժամանակաշրջանը»։ Նա համարում էր, որ երբ մարդկանց հոծ բազմութիւն է հաւաքւում, նրանց մօտ ենթագիտակցական բնազդները սրւում են, որի հետեւանքով իջնում է ինտելեկտի, պատասխանատւութեան եւ ինքնուրոյնութեան մակարդակը, իսկ ամբոխում յայտնւած մարդու անհատականութիւնը, որպէս այդպիսին, անհետանում։

Նրա «Ժողովուրդների ու զանգւածների հոգեբանութիւնը» եւ «Ամբոխների թագաւորութիւնը» գրքերը եղել են Լենինի, Ստալինի, Հիտլերի, Մուսոլինիի սեղանի գրքերը։ Զիգմունդ Ֆրոյդը, ինչպէս նաեւ բազմաթիւ հոգեբաններ, նոյնպէս շարունակեց այդ ուսումնասիրութիւնները։ Զանգւածների դրսեւորումների ու յատկութիւնների ուսումնասիրութիւնը կարեւոր է քաղաքականութեան, յատկապէս` հրապարակային ելոյթների, գործունէութեան ժամանակ։ Գովազդի եւ մեդիա մանիպուլիացիաների ժամանակ նոյնպէս այդ գիտելիքները կարեւոր են։ Վիրտուլ ցանցերում կուտակւած «ամբոխը» նոյնպէս նմանատիպ յատկութիւններ է դրսեւորում։

Լը Բոնի դիտարկումներն այսօր նոյնպէս արդիական են, չնայած նրան, որ այս ոլորտում գիտութիւնն առաջ է գնացել, յատկապէս եթէ հաշւի առնենք այն, որ Հայաստանի հասարակութիւնն իր չափորոշիչներով ու սոցիալական կառուցւածքով աւելի մօտ է 20-րդ դարասկզբի եւրոպական երկրներին, քան ժամանակակից հասարակութիւններին։ 

Տնտեսական սոցիոլոգիայի հիմնադիր, ամերիկացի սոցիոլոգ Նէյլ Սմելզէրի խօսքով` Լը Բոնի մտքերը, չնայած քննադատութիւններին, դեռեւս հետաքրքրական են. «Նա կարողացել է կանխատեսել ամբոխների դերը մեր դարաշրջանում, ինչպէս նաեւ` ամբոխի վրայ իշխանութիւն ձեռք բերելու հնարքները»։

Ըստ Լը Բոնի` «Ամբոխում ձեւաւորում է հաւաքւած զանգւածի սոցիալ-հոգեբանական միասնութիւն («հոգեւոր»)՝ «ամբոխի ոգին»։ Այն ներարկւում է ընդհանուր զգացմունքներով, փոխադարձ ոգեշնչումը նոր էներգիայով է լիցքաւորում։ Ամբոխում ճնշւում եւ վերանում է գիտակցւած անհատականութիւնը։ ... Ամբոխն ընկալում է կերպարներով ու զգացմունքներով, դրա համար այն առաջնորդը, որը կը կարողանայ իր գաղափարները ներկայացնել պարզ, յստակ, միանշանակ ձեւով, որի համար չի պահանջւում հիմնաւորումներ եւ թոյլ չեն տրւում քննարկումներ, կարող է իր նկատմամբ հարուցել համակրանք, անգամ` կրքոտ ֆանատիզմ»։

Ամբոխի քանակը ազդում է նաեւ առաջնորդի ելոյթների բովանդակութեան վրայ։ Հոծ ամբոխի դէպքում ելոյթները պէտք է լինեն շատ պարզ, ըմբռնելի 15-16 տարեկանի ինտելեկտի համար, իսկ աւելի մեծ ամբոխի դէպքում ընդհանրական ինտելեկտը կարող է իջնել մինչեւ 12 տարեկանի մակարդակը։

Ըստ Լը Բոնի` տիպական առաջնորդները չեն պատկանում խորքային մտածողների դասին, նրանք աւելի շուտ գործողութեան մարդիկ են։ Նրանք չեն առանձնանում խորաթափանցութեամբ, քանի որ խորաթափանցութիւնը յանգեցնում է կասկածանքների եւ որպէս հետեւանք՝ անգործութեան։ Նրանք ամբոխի վրայ ներազդում են կրկնութիւնների միջոցով։ Առաջնորդը կարող է մարդկանց վարակել գաղափարներով, որոնք ընդունւում են առանց քննադատութեան ու դառնում են գործողութիւնների ուղեցոյց։ Մարդկանց վրայ հնարաւոր չէ ներազդել` դիմելով նրանց բանականութեանը, պէտք է նրանց վրայ ազդել պնդումներով, որոնց հանդէպ վերաբերմունքը կախւած է առաջնորդի անձից՝ ինչպէս է նրան վերաբերւում զանգւածը։

Լը Բոնն ասում է, որ երջանկութիւնը պայմանաւորւած չէ արտաքին հանգամանքներով, դա հոգու վիճակ է։ Նոյն սոցիալական իրավիճակներում ժողովուրդներն իրենց կարող են զգալ երջանիկ կամ դժբախտ։ Դա կախւած է նրանց` տւեալ պահի հոգեվիճակից։

Լը Բոնի կարծիքով` առաւել քիչ ներազդման ենթակայ ազգերից են անգլիացիները. «Անգլոսաքսոնական ռասայի առանձնայատուկ յատկութիւնները կարելի է շատ քիչ խօսքերով նկարագրել` նախաձեռնողականութիւն, էներգիա, կամքի ուժ, ինքնատիրապետում։ Մի խօսքով, անգլիացիներին յատուկ ներքին կարգապահութիւնը, որը մարդուն ազատում է իր վրայ արտաքին կառավարում որոնելուց»։ Ըստ նրա` անգլիացիների համար կարեւոր է, որ պետութիւնը քիչ միջամտի իր գործերին։ Նրանք առաջնորդներից քիչ սպասելիքներ ունեն ու կարեւորում են միայն օրինականութիւնն ու անձի ազատութիւնը։

 

Զանգւածի դրսեւորումները սոցիալական ցանցերում

Սոցցանցերի օգտատէրերը սկսել են յաճախ բողոքել, թէ որեւէ ռացիոնալ քննարկում գնալով անհնարին է դառնում։ Վիրտուալ տարածքում «ամբոխը» յաճախ վերը նկարագրւած յատկութիւններն է ցուցաբերում։ Որքան «friend»-ների քանակը շատանում է, այնքան իջնում է քննարկումների ինտելեկտուալ մակարդակը, եւ քննարկումները վերածւում են կարգախօսների, դաշտը բաժանւում է «սեւի» եւ «սպիտակի», բանավէճերը՝ պատերազմի, իսկ հայհոյանքները՝ կարծիքի հանդէպ վերաբերմունքի։ Եթէ ժամանակին սոցցանցերն նւազեցրին իշխանութիւնների քարոզչական հնարաւորութիւնները, ապա հետագայում օգտատէրերի քանակի աւելացման շնորհիւ իջաւ քննարկումների ինտելեկտուալ մակարդակը։ Զգացմունքները հրապարակից մուտք են գործել վիրտուալ տարածք, եւ սթափ քննարկումների հնարաւոր հարթակներ ձեւաւորելը հնարաւոր է դառնում աւանդական եղանակներով՝ կենդանի շփումների ժամանակ։

Համացանցը, բոլորին տալով ամբիոն եւ արտայայտւելու հնարաւորութիւն, իջեցրել է ոչ միայն վիրտուլ քննարկումների մակարդակը, այլեւ իր յետեւից է «տանում» լրատւամիջոցներին, որոնք պէտք է յարմարւեն հանրային «պահանջներին»` լսարան չկորցնելու համար։

«hetq.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։