Հա

Քաղաքական

16/09/2018 - 12:40

Կոմպլեմենտարիզմը փոխարինւեց բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները հաւասար հեռաւորութեան վրայ պահելու քաղաքականութեամբ

Նոր կառավարութեան գործունէութեան 100 օրը լաւ առիթ էր, որպէսզի գործադիր իշխանութիւնը ներկայացնի իր աշխատանքի արդիւնքը։ 100 օրը նաեւ այն սահմանն է, որն անցնելուց յետոյ շատ վերլուծաբաններ եւ գործիչներ ազատ են զգում իրենց կարծիքը յայտնելու գործող կառավարութեան մասին։ 

ԱՐԱՄ Վ. ՍԱՐԳՍԵԱՆ

 

Նոր կառավարութեան գործունէութեան 100 օրը լաւ առիթ էր, որպէսզի գործադիր իշխանութիւնը ներկայացնի իր աշխատանքի արդիւնքը։ 100 օրը նաեւ այն սահմանն է, որն անցնելուց յետոյ շատ վերլուծաբաններ եւ գործիչներ ազատ են զգում իրենց կարծիքը յայտնելու գործող կառավարութեան մասին։

100 օրւայ գործունէութեան ամենավիճելի կողմերից մէկը տարւող արտաքին քաղաքականութիւնն է։ Հայաստանի նման երկրի համար դա ամենազգայուն, ամենակարեւոր ասպեկտներից մէկն է, որով շատ դէպքերում պայմանաւորւած են լինում ներքաղաքական զարգացումները։ Եթէ սովորաբար ասում են, թէ արտաքին քաղաքականութիւնը ներքին քաղաքականութեան օրգանական շարունակութիւնն ու արտացոլումն է, ապա Հայաստանի պէս երկրում թերեւս հակառակն է. շատ ոլորտներում արտաքին քաղաքականութիւնն է թելադրում ներքին զարգացումները։ Հայաստանի պարագայում արտաքին քաղաքականութեամբ են պայմանաւորւած երկրի անվտանգութիւնը, պաշտպանութեան մակարդակը, Արցախի հարցը, ինչու ոչ, տնտեսութեան վիճակը նոյնպէս պայմանաւորւած է արտաքին քաղաքական ազդեցութիւններով։ Եւ եթէ հաշւի առնենք, որ բնակչութեան զգալի մասը ապրում է արտաքին աշխարհից, առաջին հերթին Ռուսաստանից, եկող փոխանցումների հաշւին, ապա հասկանալի է, որ Հայաստանում տնտեսական վիճակն այնքան կախւած չէ երկրի ներսում վարւող տնտեսական քաղաքականութիւնից, որքան արտաքին շուկաներում եւ գործընկեր երկրներում եղած իրավիճակից։

Վերոնշեալից բխում է Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորութիւնը։ Այս համատեքստում դիտարկենք, թէ ինչ պատկեր կայ կառավարութեան պաշտօնավարման 100 օրից յետոյ՝ իրավիճակը համեմատելով նախկին կառավարութեան գործունէութեան հետ։

Անցած 20 տարիներին Հայաստանը արտաքին քաղաքականութեան ոլորտում որդեգրել էր կոպլեմենտարութեան սկզբունքը։ Այսինքն՝ փորձում էր աշխարհաքաղաքական բեւեռների եւ ազդեցիկ երկրների շահերը համադրելու եղանակով բոլորի հետ ունենալ քիչ թէ շատ հաւասարազօր, գործընկերային յարաբերութիւններ բոլոր ասպեկտներում, անկախ նրանից, թէ տւեալ պահին Հայաստանը որ աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական ձեւաչափում էր գտնւում։ Այս համատեքստում Ռուսաստանի հետ ձեւաւորւել էին ռազմավարական դաշնակցային յարաբերութիւններ, որոնց գագաթնակէտը Հայաստանի մասնակցութիւնն է ԵԱՏՄ-ին, Մաքսային միութեանն ու ՀԱՊԿ-ին, որպէս լիիրաւ անդամ, դրանից բխող բոլոր հետեւանքնեով, արտօնութիւններով եւ թերութիւններով։ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները որոշակիօրէն ապահովում են Հայաստանի պաշտպանութեան, անվտանգութեան մակարդակը, ինչ-որ չափով նաեւ տնտեսական անվտանգութիւնը՝ հաշւի առնելով այն փաստը, որ հիմնական էներգակիրները, ռազմավարական ուղղութիւնները մեր տարածաշրջանում մեծ կախում ունեն Ռուսաստանից։

Միեւնոյն ժամանակ, տարբեր ձեւաչափերով յարաբերութիւններ կային Եւրոմիութեան հետ, եւ այդ յարաբերութիւնների գագաթնակէտը, իհարկէ, 2017 թ. ԵՄ-ի հետ ստորագրւած համապարփակ եւ ընդլայնւած համագործակցութեան մասին համաձայնագիրն է, որը թէեւ ասոցացման համաձայնագիր չէ, սակայն քաղաքական, հետագայ հեռանկարի եւ տնտեսութեան վրայ ազդեցութեան տեսակէտից կարեւոր փաստաթուղթ է եւ որոշակի դիւիդենդների, համագործակցութեան հեռանկարների հնարաւորութիւն է տալիս ԵՄ-ի անդամ երկրների հետ։ Այս փաստաթղթով Հայաստանին տրամադրւում էին բարենպաստ առեւտրային ռեժիմներ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը թէ՛ Ռուսաստանի հետ ունէր ազատ առեւտրի ռեժին, թէ՛ ԵՄ-ի հետ բազմաթիւ ոլորտներում եւ բազմաթիւ ապրանքների հետ կապւած արտօնեալ ռեժիմներ։

ԱՄՆ-ի հետ նոյնպէս կար քաղաքական համագործակցութիւն։ Տնտեսական առումով շատ բան խոչընդոտւում էր, քանի որ ամերիկեան բիզնեսը վստահութիւն չունէր ՀՀ իշխանութիւնների վարած ներքին, տնտեսական քաղաքականութիւնների նկատմամբ։ Սակայն ԱՄՆ-ը միշտ փորձում էր իր ուրոյն եւ կարեւոր ներկայութիւնն ունենալ Հայաստանում՝ կա՛մ միջազգային ֆինանսական կառոյցների ֆինանսաւորման, կա՛մ ուղղակի ներդրումների եղանակով։ Աւելին, ԱՄՆ-ը մշտապէս ըմբռնումով է վերաբերւել Հայաստանի՝ Ռուսաստանից քիչ թէ շատ կախեալ կարգավիճակին։ Նոյնիսկ այն դէպքերում, երբ պատժամիջոցներ էին կիրառւում այլ երկրների, կազմակերպութիւնների տնտեսական գործունէութեան նկատմամբ, պայմանաւորւած Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներով, Հայաստանի նկատմամբ այդ ռեժիմը կա՛մ չէր կիրառւում, կա՛մ էլ ընտրողաբար էր կիրառւում՝ հաշւի առնելով, որ Հայաստանը մանեւրելու շատ մեծ հնարաւորութիւններ չունի։ Ընդ որում, վերջին տարիներին, վարչապետ Կարէն Կարապետեանի ղեկավարման ընթացքում, ԱՄՆ-ի դեսպանը շատ աւելի յաճախ էր լինում ՀՀ վարչապետի մօտ, քան հանդիպում էր արեւմտամէտ ընդդիմութեան հետ։ Նոյնիսկ մէկ տարի առաջ արձանագրւեց, որ Միացեալ Նահանգները, գնահատելով ՀՀ-ում տնտեսական քաղաքականութեան ոլորտում արւող բարեփոխումները, հետաքրքրւած է Հայաստանում ներդրումներով, եւ մօտ 8 միլիարդ դոլարի ներդրումային հնարաւորութիւններ է տեսնում, մանաւանդ էներգետիկայի ոլորտում։ Եւ սա, այսպէս կոչւած, ռուսական ենթակառուցւածքների հետ կապւած վարչապետի պարագայում։ ԱՄՆ-ը տարիներ շարունակ բաւականին հաւասարակշւած մօտեցում է ցուցաբերել նաեւ Արցախի հարցում։

Թերեւս մօտաւորապէս նոյնը կարելի է ասել Իրանի մասին։ Իրանը իհարկէ բարդ երկիր է համագործակցութեան առումով՝ ելնելով վերջինիս մենթալիտետից, աւանդոյթներից, տարածաշրջանում ունեցած կարգավիճակից։ Դժւար է ասել, թէ Իրանի հետ մեծ նախագծեր էին իրականացւում, նոյնիսկ եթէ որոշակի պայմանաւորւածութիւններ էին ձեռք բերւում, չէին կարողանում կեանքի կոչել կա՛մ ֆինանսների բացակայութեան, կա՛մ կոռուպցիայի պատճառով, սակայն որոշակի պրագմատիկ յարաբերութիւններ Իրանի հետ կային։

Այս ամէնի հանրագումարում կարող ենք ասել, որ Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականութիւնը, լաւ թէ վատ, որոշակի արդիւնքներ տալիս էր եւ կայունութիւն ապահովում։

Ի՞նչ պատկեր ունենք նոր կառավարութեան օրօք։ Վարչապետ Փաշինեանն ի սկզբանէ յայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան ոլորտում որեւէ լուրջ շրջադարձ չի լինելու, բոլոր այն ստատուս քւոները, որ կային վերոնշեալ երկրների հետ յարաբերութիւններում, պահպանւելու են։

Հարցը դիտարկենք առանձին երկրների կտրւածքով։ Թէեւ Ռուսաստանի հետ ձեւական առումով պահպանւում է ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, սակայն դժւար է չհամաձայնել շատ փորձագէտների հետ, որ երբեք Հայաստանի յարաբերութիւնները ՌԴ-ի հետ այսքան ճգնաժամային չեն եղել։ Ռուսաստանեան առաջին դէմքերի մակարդակով Հայաստանը ենթարկւում է սուր քննադատութեան, եւ կասկածի տակ է դրւում ՀՀ իշխանութիւնների անկեղծութիւնը Ռուսաստանի հանդէպ։ Փաստ է, որ այսօր բաւականին բարդ յարաբերութիւններ են, եւ նոյնիսկ երկու երկրների ղեկավարների շփումը երբեմն խնդրահարոյց է դառնում։ Հասկանալի է, որ յարաբերութիւնների որոշակի սառեցում եւ գործնական շփումների դանդաղում է նկատւում նաեւ տարբեր գերատեսչութիւնների հորիզոնական կապերի մակարդակում, այդ թւում՝ ՀՀ անվտանգութեան համար շատ կարեւոր ասպարէզներում։ Եւ միտումն առայժմ դէպի խնդիրների խորացում է տանում։

Եւրոմիութեան հետ կապւած. առաջին իսկ եւրոպական այցն աւարտւեց սկանդալով, երբ վարչապետ Փաշինեանը Բրիւսէլի օդանաւակայանում նստած սուր քննադատութեան ենթարկեց ԵՄ-ին՝ կշտամբելով վերջինիս, որ որեւէ տարբերութիւն չի տեսնում նոր եւ հին իշխանութիւնների միջեւ։ Խօսքը ֆինանսական օժանդակութեան մասին է, եւ այդ ամէնն այնքան բացայայտ էր ասւում, որ ԵՄ-ի չինովնիկները բաց տեքստով զարմանք էին արտայայտում՝ ասելով, որ եթէ ոչինչ չէք փոխում արտաքին քաղաքականութեան մէջ, ի՞նչ տարբերութիւն կարող է լինել գործող եւ նախկին իշխանութիւնների միջեւ։ Հաւանաբար ակնարկւում էր, որ նախկին իշխանութիւնները, որ այսօր ներկաների կողմից անւանւում են ոչ ժողովրդավար, հէնց իրենք են հաստատել բաւականին բարձր նշաձող ունեցող յարաբերութիւններ ԵՄ-ի հետ։

Իրավիճակը չփրկեց նոյնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի այցը Հայաստան։ Այդ այցն աւելի շուտ ճանաչողական էր, որեւէ ուղերձ մենք չլսեցինք հայ-գերմանական յարաբերութիւնների բարելաւման առումով։ Այստեղ նոյնպէս, ինչպէս հայաստանեան միւս ոլորտներում, ամէն ինչ սահմանափակւեց սելֆիների մակարդակով։

ԱՄՆ-ի պարագայում իրավիճակն առաւել հետաքրքրական է։ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռ. Միլզը յայտարարեց, որ բիզնես-միջավայրը կարծես պատրաստ էր ներդրումներ անելու նախորդ իշխանութիւնների օրոք։ Նոր կառավարութեան 100 օրը լրանալուն մօտ նոյն դեսպանը յայտարարեց, որ դեռ շատ վաղ է խօսել ներդրումների մասին, քանի որ շատ բան կախւած է կոնկրետ քաղաքականութիւնից։ Հասկացւեց, որ ուշադիր հետեւելու են Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումներին եւ վարչապետի ու կառավարութեան դիրքորոշմանն այդ հարցին։

Իրանի պարագայում նոյնպէս որեւէ փաստացի տեղաշարժ չի գրանցւել, եւ ամէն ինչ գտնւում է սառեցւած վիճակում։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ կոմպլեմենտարիզմը փոխարինւեց բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները հաւասար հեռաւորութեան վրայ պահելու քաղաքականութեամբ։ Իսկ սա բաւականին բարդ հեռանկարներ է խոստանում, եթէ արտաքին քաղաքականութիւնում շատ կոնկրետ, պրոֆեսիոնալ քայլեր չարւեն։

«Իրատես»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։