Հա

Քաղաքական

16/09/2018 - 14:10

Նարցիսիզմը որպէս ուղիղ ճանապա՞րհ

Սեպտեմբերի 11-ը ծանր ստացւեց Հայաստանում, ոմանք երեքշաբթիի սկանդալն անւանեցին «փոքր ահաբեկչութիւն», «յարձակում պետութեան վրայ», «դաւադրութիւն», ոմանք անկեղծօրէն զարմացան, ոմանք հրճւանքով չարախնդացին: Կատարւածը Հայաստանում էր աննախադէպ, աշխարհում գաղտնալսումները թոփ թեմա չեն` նախագահների ու վարչապետերի են «միանում»:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄԵԱՆ

 

Սեպտեմբերի 11-ը ծանր ստացւեց Հայաստանում, ոմանք երեքշաբթիի սկանդալն անւանեցին «փոքր ահաբեկչութիւն», «յարձակում պետութեան վրայ», «դաւադրութիւն», ոմանք անկեղծօրէն զարմացան, ոմանք հրճւանքով չարախնդացին: Կատարւածը Հայաստանում էր աննախադէպ, աշխարհում գաղտնալսումները թոփ թեմա չեն` նախագահների ու վարչապետերի են «միանում»: Ժամանակակից տեխնոլոգիաները կիբեռանվտանգութիւնը ազգային անվտանգութեան հարց են դարձրել, պետութեան առաջին ու առանցքային դէմքերի գաղտնալսումները` դաշնակից ու յատկապէս հակառակորդ պետութիւնների հետախուզական ծառայութիւնների աշխատանքի մաս: Իւրաքանչիւր պետութեան յատուկ ծառայութիւնների գործն է ապահովել իր բարձրաստիճան պաշտօնեաների տեսագրման եւ լսագրման «անձեռնմխելիութիւնը», կանխել տեղեկատւական արտահոսքը: Հայաստանում սկանդալը երկու մաս ունէր` գաղտնալսման ձայնագրութիւնը Իւթուբում յայտնւելու փաստը, երկրորդը` բովանդակութիւնը: Սկանդալի երրորդ մաս դարձաւ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր բուռն արձագանգով: Սկսենք առաջինից` ո՞վ կարող էր ԱԱԾ տնօրէնին գաղտնալսել: «ՎիվաՍելը» յայտարարել է, որ հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումների իրաւասութիւն ու տեխնիկական հնարաւորութիւն չունի եւ պահանջել է «դադարեցնել որոշ ԶԼՄ-ների եւ անհատների, մասնաւորապէս սոցիալական ցանցերի օգտատէրերի կողմից հարցի անհարկի շահարկումն ու ընկերութեանն ուղղւած զրպարտութիւնների տարածումը»: Իրաւասութիւն` այո, ՀՀ սահմանադրութեան մակարդակով երաշխաւորւած է հաղորդակցութեան, այդ թւում՝ հեռախօսային խօսակցութիւնների գաղտնիութեան իրաւունքը: Հաղորդակցութեան ազատութիւնը եւ գաղտնիութիւնը կարող են սահմանափակւել միայն օրէնքով՝ բացառապէս Սահմանադրութեամբ նախատեսւած նպատակների համար ու երաշխիքների պահպանմամբ, իսկ հնարաւորութիւն, ինչպէս ցանկացած այլ օպերատոր, ընկերութիւնն ունի: Եւ դա ուսումնասիրման խնդիր է: Ինչպէ՞ս կարող էր արտահոսք լինել` եւս մէկ խնդիր է: Բջջային օպերատորից բացի` կարող էր արտահոսք լինել ԱԱԾ-ի գաղտնալսման բաժնից: Կարող էր լինել արտահոսք «այլընտրանքային անվտանգութիւնից»` Հայաստանում կան մարդիկ, որ տեխնիկա ու մասնագէտ ձեռք բերելու հնարաւորութիւն ունէին, նաեւ` օրէնք խախտելու: Եթէ խօսակցութիւնը եղել է Վայբեր, Վոթզապ կամ նման մեսենջերով, անմիջական գաղտնալսում հնարաւոր չէր։ Գուցէ հեռախօսի մէջ տեղադրւել է լրտեսական ծրագիր։ Մասնագէտների գործը մասնագէտներին թողնենք` յարուցւել է քրէական գործ, հետաքննութիւնը կը պարզի: Հարցի երկրորդ կողմն է` ինչպէ՞ս է ԱԱԾ-ՅՔԾ պետերի խօսակցութիւնը յայտնւել համացանցում: Դա եւս թողնենք հետաքննութեանը` յուսալով, որ տեխնիկապէս հնարաւոր է հետքը գտնել:

Խօսակցութեան բովանդակութիւնը սկանդալի ամենաանհետաքրքիր մասն է. որեւէ մտածող մարդու համար գաղտնիք չէ, որ երբ խօսքը վերաբերում է նախկին նախագահին ու ՀԱՊԿ գործող գլխաւոր քարտուղարին, չէին կարող ձերբակալութեան որոշումներն ընդունւել դատաւորի մակարդակով ու առանց վարչապետի: Եւ պէտք չէ հիմա անպարագիծ զարմանք ու զայրոյթ կեղծել` այ-այ-այ, ի՞նչ է կատարւել: Այո, ցանկացած քրէական գործի քննութեան ընթացքում անձի իրաւունքների ապահովման կարեւորագոյն երաշխիքներից է նախաքննութեան օբիեկտիւութիւնն ու զերծ լինելը անօրինական ազդեցութիւնից: Այո, դատական իշխանութիւնն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատաւորն ինքը պէտք է որոշում կայացնի՝ առաջնորդւելով ներքին համոզմամբ՝ ապացոյցների հիման վրայ:

Այո, բայց այդպէս չի լինում: Առաւել եւս` Հայաստանում: Նման մակարդակի ու պատասխանատւութեան որոշումներ ընդունելու պատրաստ պաշտօնեաներ Հայաստանում չկան, դա իրականութիւն է, որից ոչ զարմանալ է պէտք, ոչ շոու սարքել: Քանի՞ մարդ է հաւատացել վարչապետի յայտարարութեանը, որ թաւշէ յեղափոխութիւնը տեղի է ունեցել ուղիղ եթերում ու չունի իր գաղտնիքները, նոյնքան մարդ էլ թող հաւատայ, որ դատաւորը անձամբ ու մենակ էր ընդունելու նախկին նախագահին ու ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարին ձերբակալելու որոշում: Անկախ դատարանը եւս մի զանգով չի ստեղծւում: Օրինակա՞ն է, թէ՞ ոչ, մտահոգի՞չ է, թէ՞ ոչ, դատապարտելի՞ է, թէ՞ ոչ` իրականութիւն է:

Եթէ եղել են մարդիկ, որ կարծել են` ցնցող բացայայտում են անում, որին յաջորդելու են հրաժարականներ, կամ իրավիճակ է փոխւելու, մոլորւած են: Դա ոչ թէ ուժի ցուցադրութիւն էր, այլ թուլութեան ու վախի: Եւ ոչինչ չի փոխի, որ քննչական կոմիտէում վարոյթ է ընդունւել առերեւոյթ Վանեցեանի ու Խաչատրեանի` պաշտօնէական լիազօրութիւններն անցնելու դէպքի առթիւ ՀՀ գլխաւոր դատախազութիւնում յարուցւած քրէական գործը։ Եթէ հարւածն ուղղւած էր Նիկոլ Փաշինեանին` իբր բացայայտելու, որ նա ստում է, թէ չի խառնւում դատական իշխանութեան գործերին, ստացւեց ոտնձգութիւն Սահմանադրութեան ու օրէնքների, պետութեան դէմ: Եւ հիմնաւոր փաստարկ տւեց Նիկոլ Փաշինեանին` ինչո՞ւ պիտի սկսւած քրէական գործերը աւարտին հասցւեն ու ինչո՞ւ պիտի մեղաւորները պատժւեն: Իւթուբի տեսագրութիւնը դարձաւ իրեղէն ապացոյց, որ Հայաստանում գործում է հակայեղափոխութիւն: Ո՞ւմ էր դա պէտք: Պատասխանը բնաւ միանշանակ չէ:

Սեպտեմբերի 11-ի անակնկալները Իւթուբով միայն չմատուցւեցին: Ասուլիս հրաւիրեցին ԱԱԾ ու ՅՔԾ ղեկավարները: Տրամաբանական կը լինէր` խօսէին գաղտնալսման ու հրապարակման մասին, իրենց անելիքների ու խօսակցութեան բովանդակութեան, նրանք գերադասեցին… նոր բացայայտումներ անել Մարտի 1-ի գործով` թեման դարձնելով իրենց պաշտպանութեան միջոց: ՅՔԾ պետ Սասուն Խաչատրեանը ներկայացրեց փաստեր, որ գուցէ մեծ յայտնութիւն չէին, բայց հետաքննութեան մաս են դարձել: Նա հերքեց Ռոբերտ Քոչարեանի պնդումները, թէ բանակը չի մասնակցել Մարտի 1-ի իրադարձութիւններին, այլ բերւել է զօրանոցային վիճակի: Ասաց` քննութեամբ հիմնաւորւել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է, այլեւ կրակել է մարդկանց բնակարանների ուղղութեամբ։ Ասաց` կոնկրետ ապացոյցներ կան, որ ԶՈՒ զինծառայողները աւտոմատ հրազէնից կրակ են արձակել Լէոյի փողոցի պատշգամբների ուղղութեամբ, որտեղից վառւող շիշ է նետւել: Ասաց. «Գաղտնի հրամանից յետոյ, երբ որոշւել է, որ Երեւանում պէտք է հաւաքել տարբեր զօրամիաւորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանում կանգնած զինւորը հերթապահել է առանց հերթափոխի, եւ ստեղծւել են շատ վտանգաւոր իրավիճակներ, արդիւնքում եղել է նաեւ դիւերսիա. սա նոյնպէս ապացուցւած է քրէական գործում: Այսինքն, ազդել է բանակի մարտունակութեան վրայ»:

Բացի այդ. «Այսօր կարող ենք վստահութեամբ ասել, որ Տիգրան Աբգարեանը սպանւել է յատուկջոկատայինների կողմից, ունենք յստակ ապացոյցներ: Նա սպանւել է, երբ արդէն Քոչարեանը մտցրել էր արտակարգ դրութիւն, սակայն որեւէ հրազէնային վիրաւորում ստացած զինծառայող չկար»: ՅՔԾ պետն օլիգարխներին էլ չխնայեց. «Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, նախկին պաշտօնեաների կողմից մեր զինւորներին վարձկաններ սարքելն է, որը քրէական գործով հիմնաւորւել է։ Օլիգարխների կողմից, այդ ընթացքում՝ փետրւարի 23-ից մարտի 7-8-ը, բանակի զինւորներին բաժանւել են գումարներ նրա համար, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցւածքը: Մատեանը առգրաււել է ՅՔԾ-ի քննիչի կողմից, որտեղ հատ-հատ նշւած են այն զինծառայողները եւ գումարների չափերը, որոնք տրւել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկայ են զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրութիւնները: Այդ գումարները հանւել են օլիգարխների, պետական բարձր պաշտօնեաների հաշիւներից, որոնք կը հրապարակենք հետագայում»: Եթէ այս տեղեկութիւնները նախաքննութեան գաղտնիք էին, ինչո՞ւ հրապարակւեցին սեպտեմբերի 11-ին: Խնդիրը ուրիշի մեղաւորութեամբ սեփական մեղաւորութիւնը երկրորդ պլան մղե՞լն էր: Փաստացի` եթէ գաղտնալսւում է ԱԱԾ-ի պետի հեռախօսը, ԱԱԾ-ն չի ապահովում պետական բարձրաստիճան պաշտօնեաների հեռախօսակապի անվտանգութիւնը: Ուրեմն` նաեւ վարչապետի, նախագահի, Աժ նախագահի, պաշտպանութեան ու ԱԳ նախարարների, այլ անձանց, որ առնչւում են պետական գաղտնիքների: Ինչքա՞ն գաղտնիքներ են դեռ «ուղիղ եթերում» յայտնւելու՝ հարցը ամենավերջինն է: Ի՞նչ երաշխիք, որ տեղեկութիւններն ընդամենը ուղղւելու են իշխանութեան, այլ ոչ թէ պետութեան դէմ: Այս հարցերին պիտի պատասխաներ ասուլիսը, փոխարէնը ասպարէզ բերւեց Մարտի 1-ը: ու` ի՞նչ: Հետեւելո՞ւ են նոր ձերբակալութիւններ` զինւորին վարձկան դարձրած օլիգարխների եւ հէնց այդ զինւորների: Պաշտպանութեան նախկին նախարար Միքայէլ Յարութիւնեանը չի՞ արտայանձնւելու Հայաստանին: ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովը դատարանի առաջ չի՞ կանգնելու: Ռոբերտ Քոչարեանի հարցը փակւե՞ց:

Սրանք հարցեր են, որ այս օրերին ստւերւեցին` կորչելով սկանդալի մէջ: Աւելի ստոյգ` բոլորին ու ամէն ինչ իր անձով ծածկում է Նիկոլ Փաշինեանը: Եւ այստեղ են սկսւում հիմնական խնդիրները: Փաստացի` Նիկոլ Փաշինեանը փոխարինում է պետական կառավարման համակարգին եւ, բոլորի գործողութիւնների պատասխանատւութիւնը ստանձնելով, անձամբ դառնում է ամենամեծ վտանգը ժողովրդավարութեան համար: Նա չի կարողանում ձերբազատւել ընդդիմադիրի վարքագծից եւ շարունակում է շանթ ու որոտ արձակել հանրահաւաքներում, որ վարչապետի կերպարին անհարիր է: Հրամաններ է տալիս, որոնց կատարումը փակուղու մէջ է դնում պետական կառավարման մարմիններին: Օրինակ, ի՞նչ տւեց գաղտնալսման ու Իւթուբում խօսակցութեան տեղակայման փաստի բացայայտմանը Սամուէլ Ալեքսանեանի ու Խաչատուր Սուքիասեանի թիկնապահների «ասֆալտին պառկացնելը»: Օլիգարխների թիկնազօրի ցրման խնդի՞ր կայ, օրէնքը պէտք է փոխւի, ոչ թէ ոստիկանապետին հրամայւի` ձերբակալէք: Յետոյ էլ` բաց թողէք: Որ ի՞նչ: Ինչի՞ հիման վրայ է Նիկոլ Փաշինեանը վստահ, որ իւթուբեան սկանդալի հեղինակը երկրորդ պետութիւն չէ:

Առաւել եւս` մի իրավիճակում, որ այդ երկրորդ պետութեանը ձեռնտու է ՀՀ նոր իշխանութիւնների վարկաբեկումը: Ինչքա՞ն նա պիտի դեռ քաղաքականացնի ամէն ինչ ու ենթարկի իր հախուռն որոշումներին` ժամանակ ու հնարաւորութիւն չտալով մասնագէտներին ուսումնասիրելու ու պարզելու կատարւածը:

ՀՀ նախկին վարչապետերը հերթով բողոքում էին, որ կախարդական փայտիկ չունեն: Փաստօրէն, կախարդական փայտիկն ընդամենը մտքով անցածն իրական համարելու եւ ուրիշներին համոզելու կարողութիւնն է, որ լիուլի ունի Նիկոլ Փաշինեանը: Հարցը արդիւնքն է: Կամ` ինչո՞ւ են Երեւանի աւագանու ընտրութիւնները քաղաքական կատաղի պայքարի կարգավիճակ ստացել` չգիտես ում դէմ, ինչո՞ւ են վերածւել «սպիտակների» ու «սեւերի» պայքարի, որտեղ կայ միայն մէկ «սպիտակ»` Հայկ Մարութեանը, մնացածները «սեւ» են: Ու դա յայտարարւում է հրապարակաւ` ՔՊ-ի թեկնածուի համար 80-90 տոկոս ձայնի ակնկալիքով: Նիկոլ Փաշինեանն անձամբ է վարում ՔՊ-ի ընտրարշաւը ու, որպէս քաղաքապետի թեկնածու, Հայկ Մարութեանին դիմազրկում է, քաղաքապետ ընտրւելու է վարչապե՞տը: Իրականում կան աւելի բարդ խնդիրներ ու լուրջ վտանգներ, որոնց Նիկոլ Փաշինեանը գերադասում է տալ մէկ ընդհանրական պատասխան` «Իշխանութիւնը ես չեմ, իշխանութիւնը դուք էք, ժողովուրդ ջան»: Այս նոյնացումն ամենավտանգաւորն է: Ժողովրդի աջակցութիւնը չպիտի դառնայ սեփական անսխալականութեան պատրանք, քաղաքական նարցիսիզմը դառը պտուղներ է տւել միշտ: Թաւշէ յեղափոխութիւնը սպառնում է վերածւել ֆենոմենալ բլեֆի, որի հիմքում մարդկանց հաւատն էր, իսկ հետեւանքը ամէն ինչ փայլուն տեսնելու պատճառով իրականութիւնից խուսափող վարչապետի ֆիասկոն: 

«Իրատես»

 

Յ. Գ. Նկատե՞լ էք, որ նոր Հայաստանի ամենաբնորոշ յատկանիշը դարձել է կիսատ-պռատութիւնը: Բացայայտո՞ւմ են` կիսատ-պռատ: Մեղադրո՞ւմ են` կիսատ-պռատ: Արդարանո՞ւմ են` կիսատ-պռատ: Դիմադրո՞ւմ են` կիսատ-պռատ: Կիսատ-պռատ յեղափոխութեան հետեւանքը կիսատ-պռատ հակայեղափոխութիւնն է ու նրա դէմ կիսատ-պռատ պայքարը` կիսատ-պռատ շոուներով: Դիլետանտների համաճարակ է:

Բարի լոյս, Հայաստան, մնացածը կանցնի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։