Print this page
17/09/2018 - 12:00

Ալիեւը վերականգնում է հաւասարակշռութիւնը՝ որդուն բանակ ուղարկելով

Կողմնակի դիտորդի մօտ կարող է տպաւորութիւն ստեղծւել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում որեւէ լուրջ զարգացում չկայ՝ հակամարտութիւնը մնում է սառեցւած, խնդիրները՝ չկարգաւորւած։ Արտաքին այս թւացեալ հանգստութեան հետ կոնտրաստի մէջ է հակամարտութեան հետ անմիջական կապ ունեցող հասարակութիւններում՝ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում տիրող մտահոգութիւնները՝ կապւած ԼՂ խնդրի կարգաւորման հեռանկարի հետ։ 

ԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Կողմնակի դիտորդի մօտ կարող է տպաւորութիւն ստեղծւել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում որեւէ լուրջ զարգացում չկայ՝ հակամարտութիւնը մնում է սառեցւած, խնդիրները՝ չկարգաւորւած։ Արտաքին այս թւացեալ հանգստութեան հետ կոնտրաստի մէջ է հակամարտութեան հետ անմիջական կապ ունեցող հասարակութիւններում՝ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում տիրող մտահոգութիւնները՝ կապւած ԼՂ խնդրի կարգաւորման հեռանկարի հետ։ Բոլոր երեք դէպքերում էլ հանրային քննարկումներում առաջնային տեղ են զբաղեցնում պատերազմի եւ խաղաղութեան դիլեման։ Գրեթէ չկայ մէկ միջազգային այց կամ դիւանագիտական հանդիպում, որում չարծարծւի ԼՂ հիմնախնդիրը։

Հետաքրքրական իրավիճակ է ստեղծւել լայն իմաստով ուժային հաւասարակշռութեան ապահովման խնդրում։ Եթէ ռազմական, կոշտ ուժային տեսակէտից առաջին համարով խաղում է Ադրբեջանը, ապա փափուկ ուժի, այն է ոչ ռազմական, քաղաքական, իրաւական, բարոյական տեսակէտից Ադրբեջանը հետպնդողի դերում է։ Եւ սա բխում է հակամարտութեան վերաբերեալ կողմերի պատկերացումներից եւ լուծման մեթոդների նախապատւութիւնից։

Ադրբեջանի ագրեսիւ կեցւածքը, որը խարսխւում է նաւթագազային կապիտալի վրայ, ենթադրում է նախապատւութիւն ուժային լուծումների նկատմամբ, թշնամական հռետորաբանութիւն հայերի նկատմամբ, ուժի եւ սպառնալիքի ցուցադրում, երբեմն էլ կիրառում։ Վերջին օրինակներից էր սեպտեմբերի 15-ին Բաքւում կայացած ռազմական շքերթը՝ նւիրւած Բաքւի «ազատագրմանը բոլշեւիկա-դաշնակցական օկուպացիայից», որի հիմնական ուղերձը պատգամաւոր Այդին Միրզազադէի խօսքով այն էր, որ «նման շքերթներ մօտ ապագայում կանցկացւեն Ստեփանակերտում (նրա խօսքով՝ Խանքենդի), Շուշիում եւ Ադրբեջանի ներկայումս օկուպացւած այլ տարածքներում»։

Հարեւան երկրում պատմութեան խեղաթիւրւած, հակահայկական գոյներով ներկայացումն արդէն իսկ ընդունւած պրակտիկա է, ինչը խրախուսւում եւ հովանաւորւում է «մեծ եղբօր»՝ Թուրքիայի կողմից։ Այս անգամ եւս Թուրքիայի նախագահը ներկայ էր այդ միջոցառմանը եւ կրքերը բարձր պահելու համար ադրբեջանական միլիտարիստների ականջը շոյող արտայայութիւններ արեց հայ-թուրքական սահմանը փակ պահելու եւ ԼՂ հարցում Ադրբեջանին սատարելու մասին։

Նման հանգամանքներում Հայաստանը ստիպւած է լինում մտնել սպառազինութեան մրցավազքի մէջ եւ քայլեր ձեռնարկել պաշտպանողական կարողութիւնների մեծացման ու ագրեսորի զսպման ուղղութեամբ։

Միւս կողմից՝ փափուկ ուժի դիրքերից Հայաստանն է առաջնորդում, այսպէս ասած, խաղը։ Յատկապէս սա ակնյայտ դարձաւ Հայաստանում թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ, երբ Հայաստանի վերաբերեալ դրական ընկալումն էլ աւելի բարձրացաւ միջազգային հանրութեան մօտ։

Առանց այդ էլ Ադրբեջանը մշտապէս բողոքել է, որ տարբեր դերակատարներ Հայաստանի նկատմամբ առանձնակի համակրանք են դրսեւորում եւ փորձել է ագրեսիւ ու յաճախ կեղտոտ լոբբինիգի միջոցով իր համար «գնել» դրական կերպար։ Ներկայումս առաւել եւս, երբ Ադրբեջանը յայտնւել է ոչ ժողովրդավարական երկրների անցանկալի ցուցակում վերջնականապէս ամրապնդւելու հեռանկարի առաջ, Ալիեւեան կլանը փորձեր է կատարում Հայաստանին պատասխանել «փափուկ ուժային» հաւասարակշռումով, ինչը ոչ միշտ է ծառայում իր նպատակին։

Այս շարքից է սեպտեմբերի 12-ին նախագահ Ալիեւի յայտարարութիւնը, թէ ԵԱՀԿ-ն չպէտք է աչք փակի Հայաստանում տեղ գտած մարդու իրաւունքների զանգւածային խախտումներին եւ «ժողովրդավարութեան քողի տակ նոր բռնապետական ռեժիմի ձեւաւորմանը»։ Նման դէպքերում երեսպաշտութիւնն այնքան աչքի զարնող է, այնքան կուրացնող, որ ԵԱՀԿ-ն էլ, միւսն էլ ստիպւած են լինում երկու ձեռքով «աչքերը փակել»։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զ․ Մնացականեանը, ելոյթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին, Արդբեջանի հայատեաց հռետոբանութեան մասին ասել է, որ «ադրբեջանական պետական քարոզչութիւնը ոչ միայն թիրախաւորւած քաղաքականութեան հետեւանք է, այլեւ թոյլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայութեան եւ մարդու իրաւունքների ցածր մակարդակի հետեւանք»: Ադրբեջանի վերաբերեալ այս կարծիքը կիսում են շատ միջազգային դերակատարներ։ Ահա նոյնիսկ նման պայմանները չեն կաշկանդում նախագահ Ալիեւին ժողովրդավարութեան մակարդակի վերաբերեալ զրոյցներ ունենալուց։ Աւելին յաճախ նա չի խորշում դիմացինին պարզ կրկնօրինակելուց, ինչը կարող է աներեւակայելի դրսեւորումներ ստանալ՝ ադրբեջանական սփիւռք, ցեղասպանութիւն...։

Երէկ այս շարքին աւելացավ եւս մէկը. Բաքւում Հէյդար Ալիեւը զինւորական ծառայութեան երդում է տւել հօր՝ նախագահ Ալիեւի եւ մօր՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ներկայութեամբ։ Եթէ յիշենք, որ ընդամենը 1-2 ամիս առաջ Հայաստանի վարչապետն էր իր որդուն բանակ ճանապարհում, ապա ինչպէս ասում են, մեկնաբանութիւներն աւելորդ են։

ԼՂ կարգաւորման հարցում Հայաստանի վարչապետը վերջերս նոր կամ ոչ այնքան նոր տարրեր է առաջ քաշել՝ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի կազմում լինելու հնարաւորութիւնը եւ բանակցութիւններում Արցախի անմիջական մասնակցութիւնը։ Դժւար է ակնկալել, որ Ադրբեջանի իշխանութիւնները կը կրկնօրինակեն այս մտքերն ու կը բանակցեն Արցախի հետ։ Պատասխանն աւելի շուտ կը լինի ուժային հարթութեան մէջ՝ կրակոցների ու զօրվարաժութիւնների տեսքով, ինչին էլ ականատես ենք լինում վերջին օրերին։

«panorama.am»

Յարակից լուրեր