Հա

Քաղաքական

18/09/2018 - 12:30

Անհանդուրժողականութեան դառը պտուղները. ինչո՞ւ Հայաստանում քաղաքականութիւնը խամրեց

Նախընտրական արշաւի մեկնարկից առաջ ենթադրեալ հանդուրժողականութեան եւ յարգանքի մթնոլորտն իր տեղը զիջեց փոխադարձ մեղադրանքներին եւ միմեանց վրայ աւելի շատ ցեխ շպրտելու փորձերին։

«alikonline.ir» - Նախընտրական արշաւի մեկնարկից առաջ ենթադրեալ հանդուրժողականութեան եւ յարգանքի մթնոլորտն իր տեղը զիջեց փոխադարձ մեղադրանքներին եւ միմեանց վրայ աւելի շատ ցեխ շպրտելու փորձերին։

Երեւանի քաղաքապետի աթոռի համար մղւող նախընտրական պայքարն աւարտւում է. այս կապակցութեամբ կուսակցութիւնների եւ դաշինքների առաջնորդների յայտարարութիւնները գնալով աւելի սուր են դառնում։ Միեւնոյն ժամանակ, ինչպէս կարծում են փորձագէտները, քաղաքական պայքարը նախկին իշխանութիւնների հետ կապեր ունենալու վերաբերեալ համատեղ մեղադրանքների է հասել։

Յիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուներից մէկը` Նայիրա Զոհրաբեանը («Ծառուկեան» դաշինք), կիրակի օրն իր քարոզչական ելոյթում յայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքի  (Նիկոլ Փաշինեանի համախոհներ) աւագանու ընտրացուցակում Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի հետ առնչութիւն ունեցող մարդիկ կան։

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանի խօսքով` սկզբնական փուլում թւում էր, թէ Աւագանու ընտրութիւնները պէտք է հանգիստ եւ զուսպ մթնոլորտում անցկացւէին։ Յամենայն դէպս, այդպէս էին յայտարարում «թաւշեայ յեղափոխութիւն»-ից յետոյ։ Մարդիկ պէտք է ընտրէին, ներկայացրած ծրագրերից ելնելով։

«Ցաւօք, առաջին իսկ օրից յայտարարւել էր, որ կան «սեւ» եւ «սպիտակ» ուժեր։ Այդպիսով իշխող ուժը իրեն առանձնացրել էր միւսներից եւ փորձել առաւելագոյնս համախմբել յետյեղափոխական էյֆորիայով ապրող մարդկանց»,- ասաց Բոզոյեանը։

Մարտավարական եւ քաղաքական տեսանկիւնից, հաւանաբար, սա ձեռնտու էր «Իմ քայլը» դաշինքին, սակայն լայն հանրային շահերի շրջանակում նման դիրքորոշումը մեծ վնաս հասցրեց, կարծում է քաղաքագէտը։

Նա նշում է, որ իշխանական դաշինքը հետեւողականօրէն պառակտման այս ուղիով էր գնում։ «ԲՀԿ»-ն, հասկանալով, որ կորցնում է դիրքերը, պատասխան «հարւած» տւեց։

«Կարելի է ասել, որ ԲՀԿ-ն կարող է ստանալ հասարակութեան այն մասի աջակցութիւնը, որը չի ընդունում «սեւերի» եւ «սպիտակների» այդ բաժանումը։ Մի ուժի անհանդուրժողականութիւնը նման արձագանգ է ունենում միւսի կողմից»,- ասաց Բոզոյեանը։

Ներկայիս իշխանութեան գործողութիւնների վերաբերեալ նմանատիպ արձագանգ եղաւ նաեւ «Լոյս» դաշինքի մօտ, ինչը, քաղաքագէտի խօսքով, հասկանալի է։

Ինչ վերաբերում է Աւագանու ընտրութիւնների արդիւնքներին, ապա ակնյայտ է, որ առաջնորդողը «Իմ քայլը» դաշինքն է։ Բոզոյեանին հետաքրքրում է, թէ միւս երկու ուժերի` ԲՀԿ–ի եւ «Լոյս»-ի ձայներն ինչպէս համամասնութիւն կունենան, նրանց միջեւ պայքար է ընթանում այն էլեկտորատի համար, որը նոր իշխանութիւնից աւելի լուրջ փոփոխութիւններ է ակնկալում։

Ինչ վերաբերում է մեղադրանքների մակարդակին, ապա կողմերը, քաղաքագէտի կարծիքով, չեն անցնի «կարմիր գիծը», քանի որ դա երկու ուժերի համար էլ կարող է բացասական հետեւանքներ ունենալ։

Միեւնոյն ժամանակ նա չի բացառում, որ ընտրութիւններից յետոյ նրանք կարող են հանգիստ համագործակցել, անկախ հիմա ունեցած սուր բանավէճի։

Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Մանուէլ Սարգսեանը նոյնպէս կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու իր թիմը իրենց քաղաքականութիւնը կառուցում են «սպիտակների» եւ «սեւերի» բաժանելու սկզբունքով` իրավիճակն այնպէս ներկայացնելով, թէ առաջիկայ ընտրութիւններին պայքարը «յեղափոխութեան եւ հակայեղափոխութեան» միջեւ է գնում։

«Կարելի է ասել, որ բաւական յաջող քաղաքականութիւն է։  Իրավիճակ է ստեղծւել, երբ ընտրապայքարին մասնակցող ուժերը կամ աւտոմատ կերպով ներգրաււում են այդ դիսկուրսում, կամ որեւէ այլ բան պէտք է առաջարկեն։ Օրինակ, ԲՀԿ-ին մեղադրում են նրանում, որ այդ ուժն առնչութիւն ունի Քոչարեանի հետ. այն կողմից էլ նոյն տիպի պատասխան է գալիս»,- ասաց Սարգսեանը։

Քննարկումների, մրցակցութեան համար միւս քաղաքական ուժերը այլ հարթակ  չեն գտնում։ Ներկայիս պայմաններում` երբ որեւէ այլ դիսկուրս ես առաջարկում, շատ դժւար է պոտենցիալ ընտրողների ուշադրութիւնը գրաւել։

Ըստ նրա, հարթակի միւս կողմում, Ռոբերտ Քոչարեանի կերպարն է, որն անընդունելի է բնակչութեան մեծ մասի համար։ Միւս ուժերը նոյնպէս իրենց կամ Փաշինեանի, կամ Քոչարեանի հետ են ասոցացնում։

Յիշեցնենք, որ Աւագանու արտահերթ ընտրութիւնները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետեւ աւագանին քաղաքապետ կընտրի։ Ընտրութիւններին 12 քաղաքական ուժ է մասնակցում` 4 դաշինք եւ 8 կուսակցութիւն։

Յարակից լուրեր

  • Չէի ցանկանայ, որ արհեստական սահմանազատումները վերածւէին իրական սահմանազատումների
    Չէի ցանկանայ, որ արհեստական սահմանազատումները վերածւէին իրական սահմանազատումների

    «Առաւօտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը:

  • Ինչո՞ւ սկսւեց սեւի եւ սպիտակի խաղը
    Ինչո՞ւ սկսւեց սեւի եւ սպիտակի խաղը

    Աւարտւեցին Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները, որտեղ ձայների մեծ առաւելութեամբ յաղթանակ տարաւ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարութեանը: Բուն ընտրութիւններն անցան առանց լուրջ խախտումների եւ, իրաւամբ, դրանք կարելի է համարել վերջին տարիներին անցկացւած ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւնները մեր երկրում: Սակայն գնահատական տալուց առաջ չի կարելի անտեսել ընտրական գործընթացի անբաժան մաս կազմող նախընտրական քարոզարշաւի փուլը, ինչից մեծապէս կախւած են ընտրութիւնների արդիւնքները: 

  • Միքայէլ Մանուկեան. «Դաշնակցութիւնը երբեք հատակին չի մնայ»
    Միքայէլ Մանուկեան. «Դաշնակցութիւնը երբեք հատակին չի մնայ»

    Երեւանի աւագանու ընտրութիւնների Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ցուցակը գլխաւորող, ՀՀ ԲՆ անտառային կոմիտէի նախագահ Միքայէլ Մանուկյանը «tert.am»-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրութիւնների  արդիւնքներին` կարծիք յայտնեց, որ ընտրութիւններն աւելի շատ դիտւեցին որպէս վարչապետի վստահութեան հանրաքւէ եւ ժողովուրդը քւէարկեց նախկինների չվերադառնալու օգտին:

  • Ակնարկ. Միջազգային վարկի ապահովման դիտակէտով
    Ակնարկ. Միջազգային վարկի ապահովման դիտակէտով

    Վարագոյրը իջաւ Երեւանի քաղաքապետական ընտրութիւններուն վրայ: Ներհայաստանեան առումով տակաւին կը քննարկուի մասնակցութեան համեմատութիւնը. Ճշգրիտ տուեալներու հիման վրայ կը ներկայացուին քաղաքապետական նախորդ ընտրութիւններու մասնակցութեան քանակը, համապետական ընտրութիւններու եւ համայնքային ընտրութիւններու մասնակցութեան շարժառիթներու տարբերութիւնները եւ իւրաքանչիւր քաղաքական ուժի նախապէս ապահոված քուէներու չափն ու յետյեղափոխական իրավիճակին մէջ իւրաքանչիւրին նկատմամբ ժողովրդային ընկալելիութեան խնդիրները:

  • ՀՅԴ ԳՄ յայտարարութիւնը՝ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների վերաբերեալ
    ՀՅԴ ԳՄ յայտարարութիւնը՝ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների վերաբերեալ

    Ընդունելով ընտրութիւնների արդիւնքները եւ յաղթանակի կապակցութեամբ շնորհաւորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամութիւնն ենք յայտնում աջակցել մեր բոլորի երազած Երեւանը իրականութիւն դարձնելու գործին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։