Հա

Քաղաքական

26/09/2018 - 14:30

Արցախի Բերձոր եւ Ֆրանսիայի Արֆորւիլ քաղաքների միջեւ վերաստորագրւել է բարեկամութեան հռչակագիր

Սեպտեմբերի 25-ին Արցախում էր Ֆրանսիայի Արֆորւիլ քաղաքի քաղաքապետ Միշէլ Ժերշինովիչի գլխաւորած պատւիրակութիւնը: Այցի նպատակը Արցախի Հանրապետութեան Բերձոր եւ Ֆրանսիայի Արֆորւիլ քաղաքների միջեւ 2017 թ. նոյեմբերի 20-ին տեսակապի միջոցով նախաստորագրւած բարեկամութեան հռչակագրի վերաստորագրումն էր։ 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 25-ին Արցախում էր Ֆրանսիայի Արֆորւիլ քաղաքի քաղաքապետ Միշէլ Ժերշինովիչի գլխաւորած պատւիրակութիւնը: Այցի նպատակը Արցախի Հանրապետութեան Բերձոր եւ Ֆրանսիայի Արֆորւիլ քաղաքների միջեւ 2017 թ. նոյեմբերի 20-ին տեսակապի միջոցով նախաստորագրւած բարեկամութեան հռչակագրի վերաստորագրումն էր։ Հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Բերձոր քաղաքում, որին ներկայ էին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամաւոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի անդամ Լիւկ Կարւունասը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ Ֆրանսիայի եւ Արցախի կառոյցների ներկայացուցիչներ, երկու քաղաքների քաղաքապետարանների աշխատակիցներ։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Հիւրերին Բերձորի մուտքի մօտ դիմաւորել են աղուհացով, որից յետոյ ուղեկցել քաղաքապետարան:

Բերձոր քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետի պաշտօնակատար Անահիտ Չարչեանը, իսկ Արֆորւիլ քաղաքի անունից՝ քաղաքապետ Միշէլ Ժերշինովիչը։

Հռչակագրում, մասնաւորապէս, նշւում է, որ հիմք ընդունելով Մարդու իրաւունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրւած ազատութեան եւ ժողովրդավարական արժէքների բացարձակ կարեւորութիւնը եւ ընդգծելով ժողովուրդների միջեւ երկխօսութեանը նպաստելու եւ Հարաւային Կովկասում վերջնական խաղաղութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը՝ կողմերը վերահաստատում են իրենց յանձնառութիւնը՝ ամրապնդել երկու քաղաքների միջեւ գոյութիւն ունեցող բարեկամական կապերը։ Հռչակագրի նպատակն է գործընկեր քաղաքների միջեւ կրթութեան, մշակոյթի, սպորտի, առեւտրի եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցութեան խթանումն ու գործնական ծրագրերի իրականացումը։

Իր խօսքում Միշէլ Ժերշինովիչը շնորհակալութիւն է յայտնել ջերմ հիւրընկալութեան համար: «Արֆորւիլ քաղաքը ստեղծւել է 133 տարի առաջ եւ ծաղկել է նաեւ մեր հայ ընկերների շնորհիւ եւ այնտեղ ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները շարժիչ ուժ են հադիսանալու հետագայ համագործակցութեան համար: Ստորագրելով այս հռչակագիրը մենք մօտենում ենք Բերձոր քաղաքին, Հայաստանի եւ յատկապէս Արցախի Հանրապետութիւնների հետ կապերն էլ աւելի ամրապնդելու նոր էջ է բացւում մեզ համար»,- նշել է նա եւ աւելացրել, որ ԱՀ-ն այսօր քիչ է ճանաչված եւ այսպիսի նախաձեռնութիւնները, համագործակցութիւնը մի օր բերելու է աշխարհում Արցախի Հանրապետութեան ճանաչմանը:

Բերձորի քաղաքապետի պաշտօնակատար Անահիտ Չարչեանը նշել է, որ ստորագրւած պայմանագիրը աւելի է սերտացնելու բարեկամական կապերը. «Բացի զուտ մարդկային շփումներից, մենք կունենանք ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող բազմաթիւ ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել, կատարել փորձի փոխանակում, իրացնել զարգացման համատեղ ծրագրեր»:

Հանդիսաւոր արարողութեան ժամանակ ելոյթ է ունեցել Արֆորվիլի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամաւոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի անդամ Լիւկ Կարւունասը: Նա է 2017 թ. ստորագրել հռչակագիրը: «2016 թ. սեպտեմբերին ես այստեղ էի պարոն Ժերշինովիչի հետ, գիտէինք, որ ընդհանրումներ կան հարեւան երկրի հետ եւ մեր այցով փաստօրէն քաղաքական աջակցութիւն ենք ցուցաբերել: Այսօր ես Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւոր եմ, որտեղ ինձ նման շատ պատգամաւորներ կան, ովքեր պայքարում են Արցախի հիմնախնդրի լուծման համար:»,- նշել է Լիւկ Կարւունասը: Նրա խօսքով` Ֆրանսիայի կառավարութիւնն այնքան էլ չի ողջունում նման այցերը, բայց «դիւանգիտութիւնից բացի գոյութիւն ունի նաեւ իրականութիւնը, պատմական իրականութիւնը, որը ցոյց է տալիս, որ Արցախը հայկական է»: «Ես շարունակելու եմ պայքարը Արցախի Հանրապետութեան ճանաչման համար, որովհետեւ սա արդար պայքար է, եւ վստահ եղէք, որ Արցախի ճանաչման համար մէկ ձայն արդէն ունէք»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամաւորը:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարեանը, շնորհաւորելով հռչակագրի վերաստորագրման առիթով, նշել է, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամութիւնը դարերի փորձութիւն է անցել եւ բազմաթիւ գործողութիւններով ամրագրւել: «Ուրախ ենք, որ Ֆրանսիայում կան նման մարդիկ, ովքեր կը նպաստեն մեր երկրի ճանաչմանը»,- նշել է Արտուշ Մխիթարեանը` աւելացնելով, որ Արցախի հողը սրբացել է զոհւածների արեամբ, որոնցից վերջինը մի քանի օր առաջ թշնամու գնդակից ընկած Քաշաթաղի բնակիչ Արցախ Յովսէփեանն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։