Հա

Քաղաքական

01/10/2018 - 14:30

Վարդան Ոսկանեան. «Որքան հնարաւոր է արագ Հայաստանը պէտք է հասկանալի դառնայ աշխարհին»

Հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման, Փաշինեան-Ռոհանի նիւեօրքեան հանդիպման, Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցների եւ Հայաստանի վրայ դրանց ազդեցութեան մասին «yerkir.am»-ը զրուցել է իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

«alikonline.ir» - Հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման, Փաշինեան-Ռոհանի նիւեօրքեան հանդիպման, Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցների եւ Հայաստանի վրայ դրանց ազդեցութեան մասին «yerkir.am»-ը զրուցել է իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

 

- Հայ-իրանական յարաբերութիւնների մասին շատ է խօսւում` սովորաբար հերթապահ բնորոշումներով: Այսօր ռէալ ի՞նչ ունենք:

- Հայ-իրանական յարաբերութիւնները, ինչպէս միշտ, քաղաքական մակարդակում շատ բարձր նշաձող ունեն, բայց կան տնտեսական հատւածի հետ կապւած շատ խնդիրներ: Դրանց լուծումը մեզ համար պէտք է լինի առաջնահերթ, որովհետեւ շատ դէպքերում տնտեսական խնդիրները կոնկրետ Հայաստանի համար եւ, ինչու չէ, նաեւ Իրանի համար ունեն քաղաքական կամ աշխարհաքաղաքական նշանակութիւն: Բերեմ ամենաշոշափելի օրինակը. ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում իրանական կողմը շատ կարեւոր դիտարկում արեց` Հայաստանը դիտարկւում է որպէս Սեւ ծովը եւ Պարսից ծոցը միմեանց կապող տրանսպորտային միջանցքի կարեւորագոյն բաղկացուցիչ: Սա ոչ միայն տնտեսական նշանակութեան ծրագիր է, ակնյայտ է, որ նման միջանցք ստեղծելու պայմաններում Հայաստանը կը ստանայ զգալի տնտեսական շահոյթներ, այլ նաեւ աշխարհաքաղաքական խնդիր է մեզ համար` հաշւի առնելով ադրբեջանա-թուրքական շրջափակման հանգամանքը եւ այդ շրջափակում յաղթահարելու` մեր տրամադրւածութիւնը:

 

- Մեր երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին, այն էլ` ԱՄՆ-ում:

- ՄԱԿ-ի հարթակը շատ ընդունելի եւ լաւ հարթակ է երկկողմ հանդիպումներ կազմակերպելու համար: Բայց ամենեւին չի նշանակում, որ մենք պէտք է բաւարարւենք սրանով: Պաշտօնական այցերի մակարդակով քննարկւող խնդիրները եւ դրանց ծաւալը շատ աւելի մեծ կարող են լինել, քան ցանկացած միջազգային կառոյցում տեղի ունեցած կարճատեւ հանդիպումները եւ դրանց օրակարգը: ՄԱԿ-ում տեղի ունեցած հանդիպումը շատ լաւ է եւ շատ դրական պէտք է գնահատել, բայց սա ամենեւին չի նշանակում, թէ երկու կողմերից պէտք է չլինեն պաշտօնական այցեր:

 

- Մեր երկրի ղեկավարի կողմից կարծես հրաւէր չի եղել: Կառավարութեան պաշտօնական կայքում, յամենայն դէպս, միայն Իրանի նախագահի հրաւէրի մասին էր գրւած:

- Իրանական կողմի տեղեկատւական դաշտում արձանագրւած էր, որ պարոն Փաշինեանը պարոն Ռոհանիին հրաւիրել էր Հայաստան: Գուցէ կարիք կայ պատկան մարմիններից ճշտելու, թէ ինչպիսին է եղել իրավիճակը, բայց մեր կողմից ընդգծւում է, որ վարչապետին հրաւէր է եղել իրանական կողմից, իրանական կողմն էլ ընդգծում է, որ մեր վարչապետն է հրաւիրել Իրանի նախագահին Հայաստան: Երկու կողմն էլ համադրելով` կարծում եմ, որ փոխադարձ հրաւէր է եղել:

 

- Ի˚նչ նշանակութիւն կարող են ունենալ երկու երկրների փոխադարձ այցերը:

- Պաշտօնական այցը շատ կարեւոր է, քանի որ մենք Իրանում ունենք լուծելու շատ կարեւոր խնդիրներ: Դրանցից առաջինը Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւնները ներկայացնելն է: Իրանցիները հազարամեայ պետականութեան աւանդոյթ ունեցող ժողովուրդ են, եւ նրանց համար կարող են լինել շատ անհասկանալի հարցեր` հայաստանեան փոփոխութիւնների հետ կապւած: Իսկ մեր հարեւան ոչ բարեկամական երկրները կարող են օգտագործել ցանկացած թիւրընկալում հայ-իրանական յարաբերութիւններում: Իրավիճակը պահանջում է, որ իրանական կողմը տեղեկացւած լինի հայկական կողմի մասին ուղղակի` երկկողմ պաշտօնական ձեւաչափով:

 

- Իրանի նկատմամբ կիրառւող պատժամիջոցներն ինչպէ˚ս են ազդում Հայաստանի վրայ:

- Ցանկացած պատժամիջոց Հայաստանի համար ստեղծում է ռիսկային իրավիճակ: Մեր առեւտրաարդիւնաբերական ոլորտի ընկերութիւնների համար ստեղծում է ռիսկային իրավիճակ, յատկապէս` բանկային համակարգի համար: Հայ-իրանական յարաբերութիւններում եւ, ընդհանրապէս, Իրան-արտաքին աշխարհ յարաբերութիւններում բանկային ոլորտն է, որ անմիջականօրէն շաղկապւած է ԱՄՆ-ի հետ եւ պատժամիջոցների պարագայում համարւում է շատ ռիսկային: Բայց ցանկացած պատժամիջոց ստեղծում է լրացուցիչ հնարաւորութիւններ: Այլ խօսքերով` մենք կարող ենք Հայաստանը դարձնել Իրանի համար իւրօրինակ դարպաս` արտաքին աշխարհի հետ տնտեսական շփումների համատեքստում:

 

- Դուք ասել էք, որ իրանական բիզնեսի համար Հայաստանը դառնում է ապահով միջավայր: Ինչպէ՞ս, ի˚նչ ակնկալել:

- Դատելով Իրանի նախագահի` նիւեօրքեան հանդիպման ժամանակ հնչեցրած խօսքերից` լուրջ հնարաւորութիւն է մեզ համար բացւում: Այսօր իրանցի գործարարները Պարսից ծոցի արաբական երկրներում, յատկապէս` ԱՄԷ-ում, բախւում են լրջագոյն դժւարութիւնների, եթէ չասենք` թշնամանքի եւ փնտրտուքի մէջ են, որ միլիարդաւոր դոլարներ բերած իրենց բիզնեսները տեղափոխեն ապահով եւ բարեկամական միջավայր: Այդպիսի միջավայր կարող է տրամադրել Հայաստանը, բայց սա լրջագոյն աշխատանք եւ ջանքեր է պահանջում:

 

- ԱՄՆ-ն ինչպէ՞ս կարձագանգի Իրանի հետ մեր յարաբերութիւնների զարգացմանը: Այս հարցում զգուշանալու խնդիր ունե՞նք:

- Ես ընդհանրապէս դէմ եմ վախերի վրայ յարաբերութիւններ կառուցելու մեթոդաբանութեանը: Անշուշտ, ԱՄՆ-ի համար այդքան հաճելի չէ, որ Հայաստանը եւ Իրանը զարգացնում են յարաբերութիւններ: Բայց որեւէ մէկը մեզ իրաւունք չունի պարտադրելու Իրանի հետ չգործակցել, որովհետեւ որեւէ մէկը մեզ այլ առաջարկ չի ներկայացրել: Եւ յետոյ` հայ-իրանական յարաբերութիւնները հազարամեակների պատմութիւն ունեն եւ անցել են բազմաթիւ վայրիվերումներով, եւ այս իմաստով Հայաստանը Իրանից տարանջատելը սխալ է: Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացումը բխում է մեր երկու պետութիւնների կենսական շահերից:

 

- Դուք Ձեր գրառումներից մէկում նշել էիք, որ իրանցիները իրենց յատուկ կոդաւորւած լեզւով են խօսում: Կը բացէ˚ք խօսքի կոդաւորման` իրանական գաղտնիքը:

- Իրանցիները մի իւրայատկութիւն ունեն թէ՛ կեանքում, թէ՛ դիւանագիտութեան մէջ: Հայ ժողովրդական ասացւածքը պնդում է` դուզ խօսքը էշին կասեն: Իրանցիները առաջնորդւում են այդ սկզբունքներով: Նրանց խօսքային մշակոյթը պահանջում է միտքը հասցնել որոշակի կոդաւորմամբ, ակնարկներով, այլ ոչ թէ ուղղակի շեշտադրմամբ: Հետեւաբար, շատ կարեւոր է հայի եւ իրանցու զրոյցի կոդային թարգմանութիւնը: Իրանցիների մօտ «ոչ» ասելը համարւում է տգեղ երեւոյթ, ունեն բազմաթիւ «այո»-ներ, որոնց որոշակի մասը «ոչ» է: 

 

- Մենք հակադրութիւնների երկիր ենք. սերտ համագործակցում ենք ե՛ւ Իրանի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԵՄ-ի հետ: Դժւար չէ˚ Հայաստանի նման փոքր երկրի համար:

- Այս ամէնը մեզ համար նոր չէ: Մենք միշտ գործել ենք նման պայմաններում` յաջող, թէ անյաջող: Մեր իւրօրինակութիւնն ու աշխարհին հետաքրքիր լինելը պայմանաւորւած է նաեւ դրանով: Սա մեր առաւելութիւնն է, եւ այն պէտք է օգտագործել առաւելագոյնս: Այսօր Հայաստանում ընթանում է նախընտրական պայաքար, որը սկսւել է մայիսին եւ կաւարտւի չգիտենք, թէ երբ: Մենք Հայաստանում հնարաւորին արագ պէտք է աւարտենք նախընտրական փուլը, որքան հանարաւոր է արագ Հայաստանը պէտք է հասկանալի դառնայ ոչ միայն Իրանին, այլ նաեւ աշխարհին: Եւ միայն այս դէպքոււմ հնարարւոր կը լինի խօսել զարգացման տեսլականից:

Յարակից լուրեր

  • Իրանը հազիւ թէ ուշադրութիւն դարձնի Կոնջորեանի «վրիպակ»-ին
    Իրանը հազիւ թէ ուշադրութիւն դարձնի Կոնջորեանի «վրիպակ»-ին

    Նախօրէին սկանդալ բարձրացաւ այն պատմութեան շուրջ, երբ ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահի թեկնածութեան հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Կոնջորեանը յայտարարեց, թէ Իրանը աւտորիտար պետութիւն է. «Մենք շրջապատւած ենք աւտորիտար Թուրքիայով, աւտորիտար բնոյթի Իրանով, աւտորիտար Ադրբեջանով...»:

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։