Հա

Քաղաքական

08/10/2018 - 12:50

«Հակայեղափոխութեան վտանգը» կը հեռանայ բա յետո՞յ

ՀՀ ԱԺ ընտրութիւնները, կարծես, դեկտեմբերին են կայանալու, ու Հայաստանը նոր ՀՀ ԱԺ-ով մուտք կը գործի նոր տարի։ Նոր խորհրդարանի կազմն, այդ դէպքում, հիմա արդէն յայտնի է, ու այդ ընտրութիւնները կանցկացւեն միայն թղթաբանութիւնն ապահովելու համար։ Ու ամենամեծ վտանգը հէնց դա է, դրանք կրկին զուրկ կը լինեն բովանդակութիւնից ու հերթական «մերժիր Սերժին» կը դառնան։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ընտրութիւնները, կարծես, դեկտեմբերին են կայանալու, ու Հայաստանը նոր ՀՀ ԱԺ-ով մուտք կը գործի նոր տարի։ Նոր խորհրդարանի կազմն, այդ դէպքում, հիմա արդէն յայտնի է, ու այդ ընտրութիւնները կանցկացւեն միայն թղթաբանութիւնն ապահովելու համար։ Ու ամենամեծ վտանգը հէնց դա է, դրանք կրկին զուրկ կը լինեն բովանդակութիւնից ու հերթական «մերժիր Սերժին» կը դառնան։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

«Հակայեղափոխութեան վտանգը» վախեցնելու մի գործիք է դարձել, որը կանխորոշում է երկրի քաղաքական ու ընտրական գործընթացները։ Հէնց լայն ընտրազանգւածներին այդ վտանգով վախեցնելու փաստը յանգեցրեց այն բանին, որ Երեւանի աւագանու ընտրութիւններն, ըստ էութեան, ոչ թէ մայրաքաղաքի քաղաքապէտի ընտրութիւններ էին, այլ ՀՀԿ-ի կառավարման ժամանակաշրջանը մերժելու ցուցադրում։

Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուի անձը բացարձակ նշանակութիւն չունէր։ Եթէ դերասանի փոխարէն լիներ ակադեմիկոս, ֆուտբոլիստ կամ աղբ հաւաքող, արդիւնքները նոյնը կը լինէին, քւէարկում էին ոչ թէ ծրագրի, ունակութիւնների ու փորձի, այլ քաղական ուժի համար, որը առաջադրել ու իրականացրել էր «մերժելու» կարգախօսը։

Նոյնը տեղի կունենայ խորհրդարանական ընտրութիւններում, եթէ դրանք կայանան մինչ տարեվերջ․ Փաշինեան ու նրա թիմը կարող են խոստանալ, որ Մարսի վրայ հայկական բնակավայր կը հիմնեն, կամ կարող են ընդհանրապէս ոչինչ չխոստանալ, վերջնական արդիւնքի վրայ դա բացարձակ ոչ մի ազդեցութիւն չի ունենայ։ «Նախկիններից» երաշխաւորւած հրաժարւել են, ու էլ ոչ մէկ ոչ մի շանս չի ունենայ:

Հէնց դա է ընտրութիւնները հնարաւորինս շուտ անցկացնելու ձգտման կարեւորագոյն պատճառներից մէկը։ Տեսականօրէն, իհարկէ, այսօրւայ խորհրդարանական մեծամասնութիւնը կարող է նոր իշխանութիւններին վատութիւն անել, նոյնիսկ սաբոտաժ անել, սակայն գործնականում դա անհնար է երեւակայել. ոչ ոք, նոյնիսկ վիրաւորւած «նախկինները» չեն հակադարձի երկրի ու հասարակութեան համար օգտակար նախաձեռնութիւններին։ Հակառակ դէպքում նրանք վերջնականօրէն կը զրկւեն ընդդիմադիր դաշտը վաղ թէ ուշ զբաղեցնելու հնարաւորութիւնից, որն իրենց կարծիքով իրենք դեռ պահպանում են։

Քաղաքական ճգնաժամի խորացումը, որը կարող է անկանխատեսելի դառնալ, շատ աւելի վտանգաւոր կը լինի, քան փողոցներում ու հրապարակներում հազարաւոր բարկացած, բայց լաւ կազմակերպւած ցուցարարները։ Դա հասկանում են բոլորը, ու այդ պատճառով, ամենայն հաւանականութեամբ, խորհրդարանական ընտրութիւնները կը կայանան հէնց Փաշինեանի նշած ժամկէտներում։

Յատկապէս, որ իր հաւանութիւնը գրեթէ տւել է «Բարգաւաճ Հայաստանը», որը կողմնորոշվել է իր ուղղւածութեան հարցում։  Այլ կուսակցութիւնների ու քաղաքական կազմակերպութիւնների ազդեցութիւնը կարելի է հաշւի չառնել․ ոմանց հետնորդները շատ սակաւաթիւ են, իսկ ոմանց ձայնը ընտրողների մօտ կարող է հակառակ արձագանգի արժանանալ։

Ժողովրդավարութեանն իր հակւածութեան մասին յայտարարած ցանկացած երկիր, զարգանում է ուժերի  մշտական վիճաբանութիւնների, վէճերի ու դեբատների մէջ, քաղաքական ճգնաժամ է տեղի ունենում, հետեւաբար՝ հեռացում կառուցողական գործընթացից։

Մեզ մօտ իշխանութիւնը յեղափոխութիւններով է փոխւում, իսկ եթէ ոչ, ապա պարտւողներից մէկն, անպայման, իրեն յաղթող է յայտարարում ու մեղադրում է յաղթողին ընտրակեղծիքի մէջ՝ դրանից բխող ներքաղաքական իրավիճակի տատանումներով։

Աւագանում ընտրութիւնները, թերեւս, առանց կեղծիքների առաջին ընտրութիւններն էին։ Անկասկած․խորհրդարանական ընտրութիւններն էլ այդպիսինը կը լինեն, եթէ առաջիկայում կայանան։ Պարզապէս դրանք կը լինեն նաեւ առանց այլընտրանքի, քանի որ հորիզոնում չկայ մէկը, ով կարող է «մերժիր Սերժին» կարգախօսին իրական մրցակից դառնայ։

Ընտրութիւնների անայլընտրանք լինելը շատ աւելի լաւ չէ, քան դրանց կեղծումն այն առումով, որ դրանք հեռու են ժողովրդավարութիւնից։ Սակայն հէնց դրանում նոր իշխանութիւնները բացարձակ մեղաւոր չեն՝ հիմա երկրում չկայ այն քաղաքական ուժը, որը կարող է լուրջ հակակշիռ լինել։ Ոմանք զբաղւած են այն բանով, որ գոնէ նւազագոյն դեր ու շահոյթ ստանան, միւսներն ինչպէս միշտ հանգիստ նստած են ու հասկանում են, որ իրենցից քիչ բան է կախւած։ Ոմանք էլ, հնարաւոր է, ուրախ վերադասաւորւել ու կարող էին վերակազմաւորւել, պարզապէս գաղափար չունեն՝ ինչպէս է դա արւում, սովոր չեն, փորձ չունեն։

Միւս կողմից էլ՝ դեկտեմբերեան ընտրութիւնները թէեւ երաշխաւորում են նոր իշխանութեան յաղթանակը, դրանք նաեւ կը յանգեցնեն պետութեան կառավարման գործնական քայլերի իրականացմանը։  Այդ ընտրութիւններից յետոյ «մերժողական» հռետորաբանութեան շարունակութիւնն արդէն անհեթեթ կը լինի,  իսկ երկրի գործնական ղեկավարումը յաղթողների համար կարող է բարդ խնդիր լինել։

Լաւ կը լինի, եթէ այն լուծելի լինի, հակառակ դէպքում առջեւում նորից կը լինեն ցնցումներ, «մերժումներ», արտահերթ ընտրութիւններ։ Նորից անայլընտրանքային, ի դէպ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։