Հա

Քաղաքական

10/10/2018 - 14:30

Գործարարն ապրում է իր բիզնեսով

Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպէս նաեւ ՀՀԿ-ի մէկուկէս տասնեակից աւելի պատգամաւորներ (հիմնականում՝ գործարարներ) հաւատարմութեան երդում տւեցին նոր իշխանութեանը` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են աւելի մեղմ, կասէի անգամ՝ աւելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծոյ լոյսն է նրանց վրայ սփռւել, հասկացել են, որ իշխանութեան կրողը ժողովուրդն է:

Արամ Աբրահամեան

Ճիշտն ասած, «առնետավազքն» էլ է, ըստ իս, վիրաւորական, «դարձի գալն» էլ՝ երկրորդ դէպքում, կարծես, մարդկանց ծաղրեն: Իրականում գործարարները, որոնք մտել են քաղաքականութիւն, ունեն իրենց յստակ շահերը: Չկայ ԲՀԿ, կայ բիզնեսմեն Գագիկ Ծառուկեան, որը, ելնելով ինչ-ինչ հաշւարկներից, «կուսակցութիւն է պահում» (սկզբնական շրջանում դա արւում էր Ռոբերտ Քոչարեանի «յորդորով»): Չկայ ՀՀԿ, կան մի շարք գործարարներ, որոնք «կուսակցութիւն էին պահում» Սերժ Սարգսեանի «յորդորով»: Եթէ Սերժ Սարգսեանն այլեւս առաջին դէմք չէ, ինչո՞ւ պիտի պահեն:

Պարզ է, որ այդ մարդիկ չեն հակադրւի որեւէ իշխանութեան: Հակադրւելու դէպքում՝ եթէ այլ բան չլինի, կը գան հարկայինը կամ ԱԱԾ-ն ու «կը պառկացնեն ասֆալտին»: Կանեն այն, ինչ 2008 թւականին արել են Խաչատուր Սուքիասեանի, 2015-ին` նոյն Գագիկ Ծառուկեանի, իսկ հիմա՝ Բարսեղ Բեգլարեանի, Սամուէլ Մայրապետեանի եւ միւսների հետ:

Մեղադրել գործարարներին, որ նրանք հոգ են տանում իրենց բիզնեսի մասին՝ յարմարւելով ցանկացած իշխանութեան, արդարացի չէ: Ուրիշ հարց, որ նրանք ընդհանրապէս պէտք է գործ չունենան քաղաքականութեան, պատգամաւորական մանդատների եւ խորհրդարանի հետ: Եւ այստեղ կայ, կարծում եմ, հիմնարար տարբերութիւն անցեալի եւ ներկայի միջեւ՝ յօգուտ ներկայի:

Ներկայիս իշխանութիւնը որեւէ կապ չունի այդ գործարարների հետ եւ որեւէ շահագրգռւածութիւն չունի, որ նրանք յայտնւեն խորհրդարանում: Դա լաւատեսութիւն է ներշնչում այն առումով, որ բիզնեսմեններն այլեւս անհրաժեշտութիւն չզգան «կուսակցութիւններ բացելու», «պահելու», ինչպէս նաեւ խորհրդարան մուտք գործելու: Դա, վերջապէս, կը տարանջատի բիզնեսը եւ քաղաքականութիւնը, բիզնեսը եւ պետական համակարգը, եւ գործարարները կը զբաղւեն իրենց գործով: Յայտարարւել է, որ նրանց տւել են երաշխիքներ եւ ազատել են կոռուպցիոն պարտաւորութիւններից:

Ներդրումնե՞ր ես բերում՝ շատ լաւ ես անում, քո բիզնեսի համար ես անում: Բարեգո՞րծ ես՝ շատ ապրես, շարունակիր քո բարեգործութիւնները: Ազգային ժողովը թող քաղաքական գործիչներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։