Հա

Քաղաքական

11/10/2018 - 08:30

Արմէն Սարգսեան. «Մենք ոչ միայն պատմութիւն, մշակոյթ ունեցող, այլեւ առեւտրով զբաղւող ժողովուրդ ենք»

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացւում է «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի բարձր հովանու ներքոյ:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացւում է «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի բարձր հովանու ներքոյ: Գրում է «yerkir.am»-ը:

Հանդէս գալով բացման խօսքով՝ Արմէն Սարգսեանը մասնաւորապէս նշել է.

«Ինձ համար մեծ պատիւ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դէմք եւ նոր ապագայ ունեցող նոր Հայաստանում։

Իսկապէս, այս իրադարձութիւնը հսկայական նշանակութիւն ունի:

Նախ եւ առաջ, կը ցանկանայի իմ անկեղծ շնորհակալութիւնը յայտնել Ֆրանկոֆոնիայի գլխաւոր քարտուղար Միկաէլ Ժանին եւ նրա գրասենեակին, ամբողջ կազմակերպութեանը, ոչ միայն այս գաղափարն ու տեսլականն ունենալու եւ այն մեզ հետ կիսելու, Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումն այստեղ՝ Հայաստանում անցկացնելու, այլեւ այս միջոցառումն իրականութիւն դարձնելու նրանց տքնաջան աշխատանքի համար:

Ինչո՞ւ է Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումը կարեւոր։ Նախ եւ առաջ Ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանկոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձութիւն է։ Երկրորդը՝ յուսով եմ, որ ես բացում եմ ֆրանկոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում։ Յուսով եմ, որ այստեղ՝ Երեւանում, ապագայում եւս կը կազմակերպւեն ֆրանկոֆոնիայի աւելի ու աւելի մեծ տնտեսական եւ այլ համաժողովներ:

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարեւոր է նաեւ այն առումով, որ ֆրանկոֆոն երկրների էութիւնը միայն լեզուն եւ մշակոյթը չեն: Ֆրանկոֆոնիան հսկայական՝ հարիւր միլիարդաւոր եւրոներ արժէցող տնտեսութիւնների շուկայ է, որը կապում է Եւրոպան Աֆրիկայի հետ։ Կարծում եմ՝ այն հիւսիսը հարաւին կապող միակ եւ ամենակարեւոր ուղին է՝ օգնելով հարաւին աւելի մեծ շուկա մտնել, օգնելով հիւսիսին բացայայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ։

Միւս կողմից, Հայաստանը իւրայատուկ վայր է։ Մենք, որպէս պետութիւն, թէ՛ արեւելքի, թէ՛ արեւմուտքի մաս ենք եղել, մշտապէս եղել ենք արեւելք-արեւմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարաւոր տարիների պատմութիւն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնւում եք, 2800 տարեկան է։ Այստեղ քաղաքակրթութիւնն արդէն 2800 տարւայ պատմութիւն ունի։ Սակայն խօսքը միայն պատմութեան մասին չէ։ Երէկ ես խօսում էի Նիւ Եօրքի Մետրոպոլիտեն թանգարանում վերջերս բացւած հրաշալի ցուցադրութեան մասին, որը կոչւում է «Հայաստան»։ Ցուցադրութիւնը մեր պատմութիւնը ներկայացնում է ոչ թէ հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի ճանապարհի մասին։ Եթէ ձեզնից որեւէ մէկն առաջիկայ ամիսներին կը լինի Նիւ Եօրքում, առաջարկում եմ այցելել։ Այդ պատմութիւնը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է։ Հայ առեւտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարեւոր եւ ինչ-որ առումով նաեւ՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչեւ Կալկաթա, Սամարղանդից եւ Բուխարայից մինչեւ Թուլուզ եւ Մանչեսթըր։

Մենք ոչ միայն պատմութիւն, մշակոյթ ունեցող, այլեւ առևտրով զբաղւող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրայ։ Եւ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանկոֆոն հիանալի հասարակութեան եւ ընտանիքի մասը, այլեւ՝ այն երկիրը, որը կօգնի Եւրոպայի և Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրներին, Կանադային առեւտրով ու գործարարութեամբ զբաղւել եւրասիական հսկայական տարածքում։ Եկէք չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտւում է որոշակի հարկային ու մաքսային արտոնութիւններից, միւս կողմից՝ Հայաստանը կարեւոր համաձայնագիր է ստորագրել Եւրոմիութեան հետ։ Հայաստանն իսկապէս արեւելքի ու արեւմուտքի երկիր է։ Մենք իսկապէս ցանկանում ենք կրկնել այն յաջողութիւնը, որն ունեցել ենք միջին դարերում։

Իհարկէ, խօսելով բիզնեսների մասին, յիշում ենք խոշոր ընկերութիւններին, ինչպիսիք են «Dassault»-ը, «Thales»-ը, «Crédit Suisse»-ը, «Nestlé»-ն, «Bombardier»-ն, որոնք բոլորը ֆանտաստիկ ընկերութիւններ են և իրենց գործունէութիւնը ծաւալում են ողջ աշխարհով։ Միւս կողմից, այն հսկայական ինդուստրիալ հիմքը, որն ունեն Ֆրանսիան ու ֆրանկոֆոնիան, կարող է համապատասխանել երիտասարդ Հայաստանին։

Հայաստանն ունի արդիւնաբերության առաջատար ուղղութիւններ, որոնցից մէկը տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում տասնեակ ստարտափներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Դրանք արդէն աշխատում են մեծ միջազգային ընկերութիւնների հետ, շատերն այսօր աշխատում են Սիլիկոնային հովտում: Ես կը ցանկանայի տեղեկատւական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների ֆրանկոֆոն ընկերութիւններին տեսնել այստեղ:

Միւսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջաւոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել և աշխատում են այստեղ առաջին իսկ օրւանից՝ «HSBC», «Credit Agricole», ռուսաստանեան, յունական, լիբանանեան, իրանական բանկեր: Այսինքն, այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպէս դարպաս ծառայել:

Դուք կարող էք գալ եւ գրանցել ձեր ընկերութիւնն այստեղ՝ մի երկրում, որը դառնում է աւելի ու աւելի բաց, կանխատեսելի ու կայուն, բաց՝ նաեւ իրաւական տեսանկիւնից: Մի երկիր, որտեղ օրէնքն աւելի ու աւելի գործող է դառնում: Դուք կարող էք ձեր ընկերութիւնը գրանցել այստեղ եւ բիզնես իրականացնել Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ տարածաշրջանում: Մեր երկիրը կարող է ծառայել որպէս յանգոյց:

Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպէս նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երկտասարդ վարչապետ եւ կառավարութիւն։ Այստեղ ամէն ինչ երիտասարդ է, ամէն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրայ։ Ինչպէս գիտէք՝ Հայաստանում ապրիլին յեղափոխութիւն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թաւշեայ յեղափոխութիւն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանւանեմ «Երիտասարդ Հայաստան»։ Դա մեծ նւաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլեւ արտասահմանում բնակւող հայերի կողմից։

Փոփոխութիւնը շարունակւում է, դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պէտք է ուրւագծենք մեր ապագան առաջիկա յ տարիների համար, բայց պէտք է սկսենք վազել մարաթոնեան վազքի արագութեամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագութիւն, բայց գիտակցելով, որ մարաթոնեան վազք է լինելու:

Սակայն, Հայաստանում եղել է եւ կայ մէկ այլ յեղափոխութիւն, որը ցաւոք համաշխարհային հասարակութեան կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական յեղափոխութիւնն է, որը տեղի է ունեցել մեր երկրում եւ շարունակւում է այսօր, որի կարեւորութիւնն ամբողջովին գիտակցւած չէ: Եվ դուք այսօր այդ յեղափոխութեան կենտրոնում էք, այդ յեղափոխութիւնը կոչւում է «ԹՈՒՄՕ»:

Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագայ ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը եւ «ԹՈՒՄՕ»-ն՝ այն իւրայատուկ կազմակերպութիւնը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրութեան, այլեւ բիզնես հանրութեան մաս է, եւ ԹՈՒՄՕ-ն այս ամէնն անում է յեղափոխական ձեւով: Այն Հայաստանից արտահանւելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկւա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլեւ արդէն 21-րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի յեղափոխութիւնը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակութիւն ստեղծի հիւսիս-հարաւի եւ արեւելք-արեւմուտքի միջեւ: Ես յուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կը տան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլեւ կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարեւոր մասը»:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։