Հա

Քաղաքական

17/10/2018 - 08:20

Փաշինեանը յայտարարեց վարչապետի պաշտօնից ֆորմալ հրաժարականի մասին

Երէկ երեկոյեան տեսաուղերձով ելոյթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը` յայտնելով, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտօնից:

«alikonline.ir» - Երէկ երեկոյեան տեսաուղերձով ելոյթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը` յայտնելով, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտօնից:

«Ինչպէս եւ ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտօնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատւութիւնից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնն աւարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու եւ ողջ իշխանութիւնը ժողովրդին վերադարձնելու միջոցով:

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հասնելու ճանապարհային քարտէզը հետեւեալն է. իմ հրաժարականից յետոյ ՀՀ նախագահն անյապաղ ընդունում է կառավարութեան հրաժարականը, առաջիկայ 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրւում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակւում է եւ ՀՀ նախագահի կողմից նշանակւում են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Այս ողջ ընթացքում կառավարութեան անդամները շարունակելու են իրենց պարտականութիւնների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետութեան վարչապետի սահմանադրական լիազօրութիւնները, ասել է թէ շարունակելու եմ լինել ժողովրդի յաղթանակի երաշխաւորը ու եթէ դեկտեմբերին կայանալիք ընտրութիւններում դուք վստահութեան քւէ տաք մեր քաղաքական ուժին, ես կը վերընտրւեմ ՀՀ վարչապետի պաշտօնում:

Իհարկէ, շատերը մտավախութիւն ունեն եւ հարց են հնչեցնում. իսկ եթէ խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդեօ՞ք մենք պատրաստ ենք նման սցենարի:

Ես նոյնիսկ չեմ ուզում ասել, թէ հոկտեմբերի երկուսի իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ մենք առաւել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի, որովհետեւ ժողովրդի կամքի ու ցանկութեան առաջ չի կարող կանգնել որեւէ ուժ:

Բայց հիմա չեմ ուզում որեւէ նման սցենար քննարկել նոյնիսկ, որովհետեւ ինչքան էլ հակասութիւններ, սուր բանավէճեր ունենանք խորհրդարանական մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թէ նրանք ժողովրդի եւ Հայաստանի ազգային անվտանգութեան դէմ գործելու նպատակ ու մտադրութիւն ունեն:

Խորհրդարանական ուժերը ցոյց են տւել, որ անկախ բոլոր հակասութիւններից ու տարընթերցումներից մեր պետութիւնը, նրա կայունութիւնն ու անվտանգութիւնը կարմիր գիծ են նաեւ իրենց համար, եւ հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի: Մանաւանդ որ թէ ՀՀԿ, թէ «Ծառուկեան» դաշինք, թէ ՀՅԴ խմբակցութիւնները հրապարակային յայտարարել են, թէ չեն պատրաստւում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել:

Նաեւ ուզում եմ Ազգային ժողովի նախկին մեծամասնութեան ներկայացուցիչներին ասել, որ մենք այո քննադատել ենք եւ քննադատում ենք ձեզ, բայց սա չի նշանակում, թէ Հայաստանում թշնամիներ ենք փնտրում, կամ պիտի փնտրենք:

Իմ ողջ քաղաքական գործունէութեան ընթացքում ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանում, հայութեան շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենայ: 

Եւ ուզում եմ քաղաքական բոլոր ուժերին յաջողութիւն մաղթել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում եւ հաստատել, որ մեր կառավարութիւնը երաշխաւորելու է ընտրութիւններում ժողովրդի ազատ կամարտայայտութիւնը:

Սիրելի հայրենակիցներ,

Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնոյթ է կրում, բայց պահը իրականում յուզիչ է, որովհետեւ սրանով մենք ամփոփում ենք մեր յեղափոխութեան հերթական փուլը եւ մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան:

Եւ հիմա, անդրադառնալով իմ վարչապետութեան անցած հինգ ամիսներին, ուզում եմ ձեզ շնորհակալութիւն յայտնել ձեր անսահման աջակցութեան եւ վստահութեան համար: Նաեւ ուզում եմ ներողութիւն խնդրել բոլոր նրանցից ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի եւ օրինական յոյսերը չեմ արդարացրել, ում ոգեւորութիւնը որեւէ կերպ ստւերել եմ:

Բայց, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմանաք միանշանակ եւ աներկբայ. ձեր բոլոր ցաւերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են եւ թեւեր են տալիս ինձ եւ ուժ են տալիս ինձ՝ ձեր դիմաց կանգնելու եւ վստահաբար ասելու՝ ամէն ինչ լաւ է լինելու, ամէն ինչ շատ-շատ լաւ է լինելու: 

Պատրաստէք ձեզ նորանոր յաղթանակների եւ պատրաստւէք նոր ու հզօր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։