Հա

Քաղաքական

22/10/2018 - 11:00

Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»

Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձեւաւորւում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

«alikonline.ir» - Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձեւաւորւում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը: «Ակնյայտ է, որ դրանք ձեւաւորւում են նաեւ՝ հաշւի առնելով Եւրասիական տնտեսական միութեան ներուժը: Ես կարծում եմ, որ այս համաժողովը լաւ հարթակ է ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդիւնքներն ամփոփելու համար՝ յատկապէս Միութեան խորհրդի նախագահութիւնը Հայաստանին փոխանցելու նախաշեմին: Մենք արդէն սկսել ենք հարցերի քննարկումները, որոնք մտադիր ենք առաջարկել որպէս առաջնահերթութիւններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահութեան ընթացքում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Փաշինեանը:

Նիկոլ Փաշինեանը յաւելեց, որ համաժողովի ընթացքում հնարաւորութիւն կը լինի քննարկել ԵԱՏՄ շուկայում առկայ խոչընդոտները, մշակել գործուն քայլեր դրանք վերացնելու ուղղութեամբ: «Վստահ եմ, որ «Եւրասիական շաբաթ»-ը կը դառնայ այն հարթակը, որում կը կնքւեն պայմանագրեր, կը քննարկւեն հնարաւոր համատեղ նախագծեր եւ կը հաստատւեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում է աւելի քան 300 գործարար, որոնք պատրաստ են երկարաժամկէտ համագործակցութեան եւրասիական գործընկերների հետ, ներդրումների ներգրաւման, գործընկերութեան ու փոխգործակցութեան հաստատման: Այսքան գործարարների ներկայութիւնն ապացուցում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրութիւնը եւ կոնկրետ որոշումների ձեւաւորման կարեւորութիւնը»,- մանրամասնեց Փաշինեանը:

ՀՀ վարչապետի պաշտօնակատարը յատուկ ընդգծեց, որ Հայաստանը ցոյց է տալիս առեւտրի աճի կայուն տեմպեր եւ համագործակցութիւն Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ: «Թւերը խօսում են այդ մասին: Հայաստանից Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրներ արտահանման ծաւալները 2018թ. յունւար-յուլիսին նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 միլիոն դոլար: «Ես ուրախ եմ արձանագրել, որ աճն արձանագրւում է գրեթէ Միութեան անդամ բոլոր երկրների շուկաների հաշւին: «Սա խօսում է ոչ միայն տնտեսական ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցութեան, այլ նաեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան կայունութեան մասին, որն արդէն ակտիւօրէն ազդում է Հայաստանի տնտեսական ակտիւութեան, ինչպէս նաեւ արտահանման եւ արտահանման վրայ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատարը:

Միեւնոյն ժամանակ, նա ուշադրութիւն դարձրեց մի շարք կարեւոր հարցերի վրայ: «Այս տարի Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրները եւ Իրանը ստորագրել են ժամանակաւոր համաձայնագիր՝ որպէս Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առևտրի գօտի ձեւաւորելու առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: Ընդհանուր սահմանի առկայութիւնը եւ Իրանի հետ ազատ առեւտրի գօտու ձեւաւորումը լրացուցիչ խթան է հանդիսանում առեւտրական եւ տնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ յուսալի տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների հաստատման համար»,- ասաց Նիկոլ Փաշինեանը՝ յաւելելով, որ կարեւորում է, որպէսզի Միութիւնը շարունակի ազատ առեւտրի գօտու ձեւաւորման շուրջ բանակցութիւններն այն երկրների հետ, որոնք տրամադրւած են ԵԱՏՄ-ի հետ համագործակցութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։