Հա

Քաղաքական

24/10/2018 - 12:40

Նիկոլ Փաշինեան. «Բացառւում է Ղարաբաղի հարցի՝ որեւէ թաքուն լուծում»

Հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Շիրակ Թորոսեանը հետաքրքրւեց Ղարաբաղեան հակամարտութեան հետ կապւած` Փաշինեանի տեսակէտով:

Ի պատասխան Փաշինեանը նշեց, որ մեր իրականութեան մէջ կան երեւոյթներ, որոնք սովորական են դարձել, բայց իրենց հիմքում աբսուրդ են: Նրա խօսքով՝ անընդհատ, բոլոր իշխանութիւնների պարագայում, ինչ-որ տեղից անվստահութիւն է առաջանում, որ այս իշխանութիւնը կարող է մի բան այնպէս չանել, ինչ-որ բան յանձնել եւ այլն:

«alikonline.ir» - Այսօր ՀՀ ԱԺ նիստի օրակարգում վարչապետի ընտրութեան հարցն է քննարկւում: «Ելք»-ն առաջադրել է Նիկոլ Փաշինեանի թեկնածութիւնը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Շիրակ Թորոսեանը հետաքրքրւեց Ղարաբաղեան հակամարտութեան հետ կապւած` Փաշինեանի տեսակէտով:

Ի պատասխան Փաշինեանը նշեց, որ մեր իրականութեան մէջ կան երեւոյթներ, որոնք սովորական են դարձել, բայց իրենց հիմքում աբսուրդ են: Նրա խօսքով՝ անընդհատ, բոլոր իշխանութիւնների պարագայում, ինչ-որ տեղից անվստահութիւն է առաջանում, որ այս իշխանութիւնը կարող է մի բան այնպէս չանել, ինչ-որ բան յանձնել եւ այլն:

«Հայաստանում չի կարող լինել այդպիսի իշխանութիւն, նոյնիսկ ամենաբռնապետական իշխանութիւնը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել՝ առանց ժողովրդի կարծիքը հաշւի առնելու: Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործօնը, որը պէտք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտո՞ւ է, թէ՞ ոչ: Նոյնիսկ` ինչ կը քննարկւի բանակցային սեղանի շուրջ բացարձակապէս էական չէ, քանի որ ես արդէն իսկ ասել եմ՝ 20 տարի, որ քննարկւել է, արդիւնքում ի՞նչ է եղել: Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մի օր մէկ էլ արթնանանք ու տեսնենք՝ արդէն լուծւել է այդ հարցը, նման բան ուղղակի լինել չի կարող»,- ասաց Փաշինեանը:

Նա նշեց նաեւ, որ քանիցս յայտարարել է՝ եթէ բանակցային գործընթացում ձեւաւորւի այնպիսի տարբերակ, որն ինքն էլ կը համարի տարբերակ, որն արժէ ներկայացնել ժողովրդի քննարկմանը եւ ժողովրդի կարծիքը հարցնել այդ մասին, բնականաբար, առաջին իսկ գործողութիւնը դա է լինելու: «Բացառւում է Ղարաբաղի հարցի՝ որեւէ թաքուն լուծում: ՀՀ-ի, ժողովրդի, ԱԺ-ի, առնւազն ճնշող մեծամասնութեան կողմից ինչ-որ տարբերակ ընդունելի կը լինի՞ կը համարւի տարբերակ, որի մասին կարելի է մտածել, իսկ եթէ` ոչ, ուրեմն՝ ոչ: Էլ չեմ ասում՝ ամենավճռական գործօնը՝ Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանութիւնները: Քանի դեռ Ղարաբաղեան կողմը ներգրաււած չէ բուն պրոցեսում, մենք մօտիկ չենք հարցի կարգաւորմանը: Այս կապակցութեամբ իմ խօսքերը նոյնպէս նենգափոխում են՝ նշելով, թէ ես ասել եմ՝ մինչեւ Ղարաբաղի իշխանութիւնը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցութեան չեմ մասնակցի: Ոչ, ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ՝ լիազօրւած եմ մասնակցել ՀՀ-ի անունից, լիազօրւած չեմ մասնակցել Արցախի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի անունից՝ շատ պարզ պատճառով՝ ԼՂ-ի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանութեան ձեւաւորմանը, ունի իր սեփական կառավարութիւնն ու իշխանութիւնը»,- ասաց Փաշինեանը:

Սակայն դա, ըստ նրա, չի նշանակում, որ ընդհանրապէս չպէտք է բանակցեն: Փաշինեանը կոչ արեց մոռանալ Ղարաբաղի հարցը թաքուն լուծելու հռետորաբանութիւնը: «Ի՞նչ է, մեր մէջ մարդիկ կան, որ միւսներից թաքուն Ղարաբաղի հարցը լուծեն, ու ոչ ոք չիմանա՞յ այդ մասին, դա ուղղակի աբսուրդ է»,- նշեց Փաշինեանը:

Թորոսեանն արձագանգեց, որ Փաշինեանի տեսակէտն ամբողջովին ընդունելի է, քանի որ ներառում է մի քանի կարեւորագոյն կէտեր, դրանք են՝ որեւէ իշխանութիւն չի կարող գաղտագողի լուծել Ղարաբաղեան հակամարտութիւնը, լուծումը պէտք է վայելի համաժողովրդական աջակցութիւն, լուծման գործում էական նշանակութիւն ունի Արցախի եւ նրա ժողովրդի դիրքորոշումը: «Սրանք ակնյայտ ժողովրդավարական մօտեցումներ են, եւ սրանց արդիւնքում, կարծում եմ, խնդրին հնարաւոր է լուծում տալ»,- ասաց պատգամաւորը:

Պատասխանելով արձագանգին՝ Փաշինեանն էլ նշեց, թէ Թորոսեանն ասաց՝ հարցի լուծման համար Ղարաբաղի ժողովրդի դերն էական նշանակութիւն ունի, ինքն էլ ուզում է ասել՝ վճռական նշանակութիւն: «Սա քմահաճոյքի հարց չէ: Ես էլի եմ ասել՝ մենք խօսո՞ւմ ենք լուծման մասին, թէ՞ ասում ենք՝ եկէք, բանակցենք, բայց ներքուստ գիտենք, որ խնդիրն այդպէս էլ չի լուծւելու: Բոլորս պէտք է ներքուստ իմանանք, որ առանց այս պարամետրերի պահպանման Ղարաբաղի հարցի լուծում հնարաւոր չէ: Ինչպէ՞ս կարող է Ղարաբաղի հարցը լուծւել, եթէ լուծման որեւէ տարբերակ չի ընդունւում Արցախի կամ Հայաստանի ժողովուրդների կողմից, այդ թւում՝ Ադրբեջանի ժողովրդի կողմից: Սա շատ կարեւոր նրբութիւն է. մենք ուզում ենք լուծման հասնել, որ նոր պայթի՞ւն առաջացնի, թէ՞ ուզում ենք լուծման հասնել, որ իսկապէս լուծում լինի»,- ասաց նա:

Փաշինեանը յաւելեց, որ հայկական կողմի տեսակէտը /պաշտօնապէս արձանագրւած/ միշտ այն է եղել, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չի պատկերացնում հարցի կարգաւորում: Ըստ նրա՝ ինքը չի պատկերացնում, քանի որ ոչ թէ չի ուզում պատկերացնել, այլ ենթադրենք, եթէ ինքը յայտարարի էլ, որ պատկերացնում է, դրանից իրականութիւնը փոխւո՞ւմ է: «Մենք պէտք է մեր յայտարարութիւններն անենք` իրականութեան վրայ հիմնւելով, որպէսզի այդ յայտարարութիւնները որեւէ արժէք ունենան: Իսկ երբ ես ասում եմ, որ չեմ կարող բանակցել Արցախի ժողովրդի անունից, դա էլ քմահաճոյք չէ. եւ' Ռոբերտ Քոչարեանի, եւ' Սերժ Սարգսեանի քաղաքական ծագումնաբանութիւնը կապւած է Ղարաբաղեան շարժման եւ Ղարաբաղի հետ: Ինձ համար ընդունելի է, թէ` ոչ, բայց այլ հարց է, որ նրանք ունեցել են կոնկրետ պատճառաբանութիւն եւ փաստարկ, թէ ինչո՞ւ իրենք կարող են խօսել Ղարաբաղի անունից: Քոչարեանը Ղարաբաղի ընտրւած նախագահ է եղել, Սարգսեանն էլ Արցախի ինքնապաշտպանութեան կազմակերպման ղեկավարներից է եղել, այսինքն՝  նրանք կարող են համարել, որ այդ մանդատն ունեն՝ անկախ այն հանգամանքից՝ ես դրա հետ համաձա՞յն եմ, թէ՞ ոչ»,- ասաց Փաշինեանը՝ յաւելելով, որ իր պարագայում նման գործօն չկայ:

Նրա խօսքով՝ քաղաքական գործիչների յայտարարութիւններն իրականութիւնը կը փոխեն այն ժամանակ, երբ դրանք հիմնւած կը լինեն իրականութեան վրայ: Փաշինեանը նշեց նաեւ, որ, օդից ինչ-որ բաներ ասելով, օրինակ` միջազգային որեւէ գործընկերոջ ականջը շոյելու համար անգամ, իրականութիւնը չի փոխւի: «Իմ կոչն է եղել ֆիքսել՝ եթէ մենք ուզում ենք լուծել հարցը, իսկ մենք ուզում ենք լուծել այն, պէտք է արձանագրենք՝ ինչ սկզբունքներ պէտք է պահպանենք, որպէսզի այն լուծւի: Իսկ եթէ չենք ուզում լուծել, այլ ուզում ենք եւս 20 տարի բանակցել, խնդիր չկայ, բանակցենք»,- խօսքն ամփոփեց Փաշինեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։