Հա

Քաղաքական

24/10/2018 - 14:55

Ներումը գալիս է ճանաչումից յետոյ. Արմէն Սարգսեանի ուղերձը՝ Թուրքիայի նախագահին

Շւէյցարիայի հանրային հեռուստառադիոընկերութիւնը (RTS) հատւածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հետ հարցազրոյցից:

«alikonline.ir» - Շւէյցարիայի հանրային հեռուստառադիոընկերութիւնը (RTS) հատւածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի հետ հարցազրոյցից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նոյեմբերի 11-ի արարողութիւններին ընդառաջ, երբ բազմաթիւ երկրներում կը նշւի Առաջին աշխարհամարտի աւարտի 100-ամեակը, Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը յոյս է յայտնել, որ այդ իրադարձութիւնն առիթ կը հանդիսանայ «ճանաչելու» կամ «յիշելու 1915-1916-ին հայերի կրած Ցեղասպանութիւնը»:

«Ես չգիտեմ, թէ ինչպէս կարելի է խօսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգութեանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ եւ առանց խօսելու Ցեղասպանութեան մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կը գնահատւի իմ կողմից, Հայաստանի եւ ամբողջ հայ ժողովրդի կողմից»,- RTS-ին ասել է Արմէն Սարգսեանը: 

«Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պարզապէս մի ողբերգութեան ճանաչում չէ, որը վերաբերում է մէկ ժողովրդի: Նախ եւ առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ Ցեղասպանութիւնն է: Քանի որ այն չկանխւեց, ճանաչում ու դատապարտում չունեցաւ, հետագայում եւս 20-րդ դարում Ցեղասպանութիւնները կրկնւեցին»,- շարունակել է նախագահը:

Ուղերձ Էրդողանին. «Ներումը գալիս է ճանաչումից յետոյ»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանին իր ուղերձի վերաբերեալ հարցին ի պատասխան՝ Արմէն Սարգսեանն ասել է, թէ պատրաստ է երկխօսութեան եւ յղում է արել իր քրիստոնէական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կը լինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից յետոյ»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական աւելի լայն ընդգրկում կունենայ, քանի որ հայոց Ցեղասպանութիւնը «20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնն էր»: 

«Ես նախ եւ առաջ կասէի Էրդողանին. «Բարի լոյս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմութիւն ունի: Ինչո՞ւ չխօսենք Թուրքիայի ու Հայաստանի միջեւ յարաբերութիւնների մասին, ինչո՞ւ չխօսենք մեր անձնական պատմութիւնների մասին: Մենք պէտք է խօսենք ոչ միայն պատմութեան, այլեւ ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնեայ եմ: Քրիստոնէութիւնը սովորեցնում է, որ միշտ կայ ներելու հնարաւորութիւն, սակայն ներողամտութիւնը կարող է միայն յաջորդել ճանաչմանը»,- ասել է նախագահ Սարգսեանը: 

«Մէկ տարի յետոյ Փարիզում մեծ համերգ՝ նւիրւած Ազնաւուրին»

Հայաստանի նախագահը յայտնել է, որ պայմանաւորւել է Էմանուէլ Մակրոնի հետ կազմակերպել բարեգործական մեծ համերգ Շառլ Ազնաւուրի յիշատակին, «ըստ ամենայնի, 2019-ի հոկտեմբերին»: «Բազմաթիւ երգիչներ եւ դերասաններ կը լինեն», ասում է նա՝ յիշելով, որ Էմանուէլ եւ Բրիջիտ Մակրոնների հետ Երեւանում Ազնաւուր են երգել:

«Ես եւ Էմանուէլ Մակրոնը մեր տիկինների հետ այցելեցինք Շառլ Ազնաւուրի թանգարան եւ կեցավայր: Ես առաջարկեցի նախագահ Էմանուէլ Մակրոնին մէկ տարում կազմակերպել մեծ բարեգործական համերգ Փարիզում՝ ի յիշատակ Շառլ Ազնաւուրի: Յուսով եմ, որ այդ համերգը կը լինի 2019 թւականի հոկտեմբերին: Այն պէտք է լինի բարեգործական համերգ, որին կը հրաւիրւեն աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ: Ես խօսել եմ իմ մի խումբ ընկերների հետ, ովքեր ասել են, որ իրենց համար մեծ պատիւ կը լինի իրենց արւեստը ներկայացնել այդ համերգին»:

Հայաստանի նախագահը RTS-ին տւած հարցազրոյցում խօսել է նաեւ Հայաստանի ճկունութեան մասին: «Մեր երկիրը երիտասարդ է, նա գտնւում է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։