Հա

Քաղաքական

25/10/2018 - 12:40

Բոլթոնը այցելում է Կովկաս. նոր աշխարհաքաղաքական իրավիճա՞կ

Կովկաս այցելելուց առաջ Բոլթոնը շատ կարճ մեկնաբանել էր Կովկաս կատարւելիք իր այցի նպատակը՝ ասելով, որ Կովկասը «նշանակալիօրէն մեծ» դերակատարում ունի Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի յարաբերութիւններում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Կովկաս այցելու նպատակը Բոլթոնը բացատրել է նրանով, որ ցանկանում է գնահատել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հանդէպ նրանց ունեցած վերաբերմունքը։ Այսինքն՝ այցը չի սահմանափակւում միայն Իրանի խնդրով։ 

Ստեփան Դանիէլեան

 

Օգոստոսի 19-ին Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն Երուսաղէմի իր կենտրոնատեղիում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան գծով խորհրդական Ջան Բոլթոնին հրաւիրել էր ճաշի։ Իսրայէլի վարչապետը իր վաղեմի ծանօթ Բոլթոնին համարում է Իսրայէլի «իսկական» բարեկամը եւ ճաշի ժամանակ ասել է, որ Բոլթոնի այցը մեծ նշանակութիւն ունի Թրամփի՝ Իրանի հետ կնքւած «վատ» պայմանագրից դուրս գալու լոյսի ներքոյ եւ որ պէտք է կանգնեցնել Իրանի «ագրեսիւ» քաղաքականութիւնը։ Ըստ Նեթանիահոյի պէտք է կանգնեցնել իրանական ագրեսիան։  

Աւելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Իրանի հետ կնքւած միջուկային պայմանագրից դուրս գալու պատճառները, նշել էր Մերձաւոր Արեւելքում Իրանի մեծացող դերակատարութիւնը։ Պարզ է, որ առաջին հերթին իրանական աշխարհաքաղաքական ծաւալումը անհանգստացնում է Իսրայէլին։

Բոլթոնի այցը պէտք է քննարկել Իսրայէլի անվտանգութեան կոնտեքստում, որը ԱՄՆ ներկայիս ղեկավարութեան կարեւորագոյն արտաքին քաղաքական ուղղութիւններից է։ Եւ այդ առումով Իրանից եկող վտանգները Իսրայէլի համար առաջնային տեղ են զբաղեցնում։

Կովկաս այցելելուց առաջ Բոլթոնը շատ կարճ մեկնաբանել էր Կովկաս կատարւելիք իր այցի նպատակը՝ ասելով, որ Կովկասը «նշանակալիօրէն մեծ» դերակատարում ունի Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի յարաբերութիւններում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Կովկաս այցելու նպատակը Բոլթոնը բացատրել է նրանով, որ ցանկանում է գնահատել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հանդէպ նրանց ունեցած վերաբերմունքը։ Այսինքն՝ այցը չի սահմանափակւում միայն Իրանի խնդրով։

Դիւանագիտութեան մէջ կան արտայայտութիւններ, որոնք աւելի շատ բան կարող են ասել, քանի մէկ ժամանոց ելոյթը։ Բոլթոնի այդ արտայայտութիւնը, որ Կովկասը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների համար կարեւոր գործօն է հանդիսանում, առանցքային է նրա նպատակը հասկանալու համար։ Ասւածի հիմնական իմաստն այն է, որ Կովկասի երեք հանրապետութիւնների յարաբերութիւնները տարածաշրջանային այդ մեծ պետութիւնների հետ ազդում են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արդէն միմեանց հետ ունեցած յարաբերութիւնների վրայ։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ղեկավարութեան հետ ունեցած հանդիպումներից յետոյ Բոլթոնը, ըստ երեւոյթին, կարճ մամուլի ասուլիս կը տայ (Մոսկւայում եւ Բաքւում եղել են ասուլիսներ), որից մենք կը ստանանք տեղեկատւութիւն հանդիպման ընթացքում ունեցած թեմաների մասին, սակայն մենք կը կենտրոնանանք նրա վերոնշեալ արտայայտութեան վրայ, որը պարզաբանման կարիք ունի։

 

Կովկասը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջեւ յարաբերութիւնների առանցք

Եթէ Կովկասում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ազդեցութիւնները եղել են բալանսաւորւած, ապա եղել է խաղաղութիւն, իսկ երբ այդ բալանսը խախտւել է, սկսւել են պատերազմներ։ Դեռեւս Շահ Աբասն էր ռուսներին հրաւիրում Կովկաս օսմանցիների ազդեցութեանը դիմագրաւելու համար, երբ նրանք գրաւել էին Բաքուն եւ Դերբենդը։ Շահ Աբասը Միխայիլ ցարին առաջարկում էր գրաւել եւ իր տիրապետութեան տակ պահել այդ քաղաքները, որպէսզի օսմանցիներին հեռացնի Կովկասից։ Խորհրդային ժամանակաշրջանում Կովկասը ռուսական տիրապետութեան տակ էր եւ կորցրել էր իր ինքնուրոյն աշխարհաքաղաքական նշանակութիւնը, սակայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անկախութիւնից յետոյ այդ երեք տարածաշրջանային մեծ երկրների միջեւ աշխարհաքաղաքական բալանսի խնդիրը նորից դարձել է ակտուալ։

Իրանը Ադրբեջանի շիա հետեւորդների, յատկապէս թալիշների վրայ ունի մեծ ազդեցութիւն ։Իրանը շիա հոգեւոր կենտրոններ է բացել նաեւ Վրաստանում՝ յատկապէս Մարնէուլիի տարածաշրջանում։ Հայաստանի վրայ ազդեցութիւնը նոյնպէս մեծ է, եթէ հաշւի առնենք, որ Իրանի շնորհիւ հանգիստ եւ կանխատեսելի իրավիճակ է տիրում Արցախի Հանրապետութեան եւ Իրանի սահմանին։

Թուրքիան աւանդաբար ունի ծաւալապաշտական հեռահար նպատակներ՝ Կովկասից մինչեւ Միջին Ասիա, եւ ունի ազդեցութիւն թիւրքական Ադրբեջանի, Հիւսիսային Կովկասի սունի մուսուլմանների, Ղրիմի թաթարների եւ Իրանի ադրբեջանցիների վրայ։

Ռուսաստանը նոյնպէս դեռ պահպանում է իր ազդեցութիւնը Հարաւային Կովկասում։

Եթէ ԱՄՆ-ին յաջողւի Իրանին Կովկասից մեկուսացնել, ապա խախտւում է Հարաւային Կովկասում ստեղծւած աշխարհաքաղաքական բալանսը, ինչը կարող է պատերազմների պատճառ դառնալ, ինչից չեն կարող անմասն մնալ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Դա մեծ, տարածաշրջանային սահմաններից դուրս եկող հնարաւոր խոշոր պատերազմով է յղի։ Հայաստանի ստրատեգիան այդ բալանսի պահպանումը պէտք է լինի։

«hetq.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։