Հա

Քաղաքական

28/10/2018 - 10:20

Բոլթոնի այցի վտանգաւոր ազդակները. Միահեծան իշխանութիւնը՝ հողային զիջում պարտադրելու լաւագոյն նախապայման

Դեկտեմբերին նախատեսւող ՀՀ ԱԺ ընտրութիւններում, Նիկոլ Փաշինեանի միանձնեայ իշխանութեան հնարաւոր հաստատումից բխող բազմաթիւ վտանգներին ԱՄՆ ազդեցիկ պաշտօնեայ Ջան Բոլթոնի` ՀՀ կատարած այցը գումարեց եւս մէկը, եւ ամենառանցքայինը` արցախեան խնդրում ոչ հայանպաստ սցենարների իրագործման վտանգը: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ 

 

Դեկտեմբերին նախատեսւող ՀՀ ԱԺ ընտրութիւններում, Նիկոլ Փաշինեանի միանձնեայ իշխանութեան հնարաւոր հաստատումից բխող բազմաթիւ վտանգներին ԱՄՆ ազդեցիկ պաշտօնեայ Ջան Բոլթոնի` ՀՀ կատարած այցը գումարեց եւս մէկը, եւ ամենառանցքայինը` արցախեան խնդրում ոչ հայանպաստ սցենարների իրագործման վտանգը: Պարզորոշ է, որ ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանում առաջնային խնդիրը կայունութիւնն է, որն անմիջականօրէն առնչւում է վառելիքաէներեգետիկ պաշարներն առաւել անվտանգ տեղափոխելու, այն է` տարանցիկութեան խնդրին, ինչը մեծապէս կօժանդակի նաեւ տւեալ երկրները Ռուսաստանի ազդեցութիւնից ԱՄՆ տնտեսաքաղաքական ազդեցութեան գօտի տեղափոխելու բարդագոյն խնդրի լուծմանը:

Այդպէս տեղի ունեցաւ նաեւ Վրաստանի պարագայում, երբ Վարդերի յեղափոխութեամբ իշխանութեան գլուխ եկած երիտվրացիները մի քանի տարի անց երկիրը տարանցիկ գօտու վերածելու եւ տնտեսական վերելքի ապահովման համար անհրաժեշտ երկարատեւ կայունութիւն հաստատեցին մէկուկէս տասնամեակ գլխացաւանք դարձած աբխազական եւ հարաւօսական հիմնահարցից վերջնականապէս ձերբազատւելու միջոցով: Պարզորոշ է, որ առանց ԱՄՆ թոյլտւութեան անգամ պետքարան չգնացող Մ. Սահակաշւիլին 2008 թ. օգոստոսեան արկածախնդրութեանը գնաց յատուկ հաշւարկներից ելնելով եւ իրերի զարգացման հնարաւոր սցենարները քննարկելուց յետոյ: Ցխինւալի ուղղութեամբ կայծակնային յարձակումներ գործելով վերջինս ակնկալում էր երկու արդիւնք.

1. Յանկարծակի բերելով օսերին` Թիֆլիսի իշխանութիւնն արագօրէն տարածել երկրամասի վրայ` դառնալով «պատմական» այդ գործընթացի հեղինակ:

2. Պարտութեան եւ ռուսական միջամտութեան պարագայում կը վերանային Հարաւային Օսիայի 30%-ը կազմող, վրացական ազգաբնակչութեամբ ստեղծւած եւ նախկին այդ ինքնավար մարզը «շերտաւոր կարկանդակի» վերածած վրացաբնակ անկլաւները, կարդարացւէին մինչ այդ առկայ եւ շուրջ մէկուկէս տասնամեակ բազմաթիւ ձեւաչափերով տարւող բանակցային գործընթացները միակողմանի կերպով խզելու եւ բոլոր տեսակի յանձնաժողովներն ու միջնորդ մարմինները վերացնելու՝ Դագոմիսեան պայմանագիրն անտեսելու փաստերը, եւ այս ամէնի արդիւնքում ինքը՝ Մ. Սահակաշւիլին, վերջնականօրէն կը ձերբազատւէր հարաւօսական եւ աբխազական հարցերից: Աւելին՝ հիմնաւոր պատճառներ կունենար իրագործելու հիմնական նպատակը կամ երազանքը` վերջնականօրէն խզելու բոլոր տեսակի կապերը ՌԴ-ի հետ, ինչը եւ տառացիօրէն տեղի ունեցաւ: ԱՄՆ-ն, եթէ անգամ չէր ծրագրել այս յարձակումը, ապա, մտքում ունենալով այսպիսի արդիւնքների ակնկալիքներ, միանգամայն լուռ հետեւեց գործընթացներին: Բնականաբար, այս ամէնի արդիւնքում, Ռուսաստանը յայտարարւեց միջազգային ագրեսոր, զաւթիչ եւ այլն, միւս կողմից` ԱՄՆ-ը ստացաւ իր համար բաղձալի երկարատեւ կայունութիւնը` որի պայմաններում միանգամայն հանգիստ եւ անտրտունջ կերպով Վրաստանը վերածեց սեփական տարանցիկ, էներգետիկ եւ տնտեսաքաղաքական հետաքրքրութիւնների կայուն հարթակի:

Ի՞նչ է տեղի ունենում ՀՀ պարագայում: Ըստ Բոլթոնի ենթադրութիւնների` դեկտեմբերին ՀՀ-ում կը ձեւաւորւի Նիկոլ Փաշինեանի բացարձակ մենիշխանութիւնը, որը կունենայ լայն ժողովրդականութիւն, որին այլեւս չի վախեցնի արցախեան հակամարտութեան կարգաւորման խնդրում կիրառել ցանկացած սցենար: Ջան Բոլթոնը, այդպիսով նաեւ ԱՄՆ-ն, յոյս ունեն, որ դեկտեմբերեան իրադարձութիւններից յետոյ ստեղծւելիք նոր իրողութիւններում իրենք, Նիկոլ Փաշինեանի միջոցով, եւ բաւականին հեշտութեամբ կը կիրառեն իրենց գծագրած սցենարը, որի մէջ, ինչպէս ՀՀ-ից հեռացող ԱՄՆ դեսպանը պարզորոշ յայտարարեց, մտնում է «գրաւեալ շրջանների վերադարձի» կէտը:

Պարզորոշ է, որ մինչ օրս նման սցենարի կիրարկում տեղի չի ունեցել, այսինքն` ՀՀ նախկին իշխանութիւնները չեն գնացել այդ քայլին, քանի-որ դա կը դառնար առանց այն էլ լայն ժողովրդականութիւն չվայելող իշխանութիւնների մահախօսականը, ինչպէս տեղի ունեցաւ Լ. Տէր-Պետրոսեանի պարագայում: Անգամ կարգաւորման «Մադրիդեան սկզբունքների» առկայութեան պայմաններում միջազգային շրջանակների (այդ թւում՝ ԱՄՆ-ի) համար ակնյայտ էր այդ իրողութիւնը, որից ելնելով էլ վերջիններս, կանխատեսելով ՀՀ իշխանութիւնների արձագանգների բնոյթը, ինչ-որ տեղ անիմաստ էին համարում այդ հողի վրայ ճնշել նրանց կամ կիրառել նման բնոյթի այլ մեխանիզմներ: Արցախեան խնդրի կարգաւորման ընթացքի վերբեռնման համար ԱՄՆ-ին հարկաւոր էին նոր եւ կտրուկ շրջադարձեր ՀՀ ներքաղաքական կեանքում, ինչը եւ այսօր առկայ է:

Նոր իրողութիւնների պայմաններում ԱՄՆ-ը լաւ է հասկանում, որ մատի մէկ շարժումով հարիւր հազարաւոր քաղաքացիների ոտքի հանելու ընդունակ Ն. Փաշինեանին այլեւս դժւար չի լինի «կառավարել», «համոզել» կամ «դաստիարակել» նշեալ զանգւածներին նաեւ այս հարցում: ԱՄՆ-ը դեսպանատան վերլուծաբանները, կարծում ենք, շատ պարզորոշ տեսնում են, թէ նախկինում մի շարք հարցերի (փողոցներում կարմիր գծերով առանձնացւած վճարովի կայանատեղեր, արագաչափերի սահմանած տուգանքներ, տրանսպորտի ուղեվարձի թանկացում, պետական համակարգից հարիւր հազարաւոր աշխատակիցների կրճատման մասին յայտարարութիւններ եւ այլն) շուրջ իրենց անհամաձայնութիւնը փողոցներ փակելու եւ զանգւածային անհնազանդութիւններ իրականացնելու միջոցով արտայայտող զանգւածներն այսօր ինչպէս են այդ նոյն հարցերի գոյութիւնն անտեսում, լուռ եւ անտրտունջ, շատ դէպքերում՝ ուրախութեամբ, համաձայնւում նոր իշխանութիւնների հետ: Միջանկեալ նշենք նաեւ, որ առաջիկայում նախատեսւող ԼԳԲՏ համայնքի շքերթի իրականացումը եւս ԱՄՆ-ն դիտարկում է որպէս լրջագոյն մի թեստ՝ եւս մէկ անգամ համոզւելու համար Ն. Փաշինեանի` ամբոխացման ճանապարհին գտնւող ժողովրդին ամէն տեսակի հարցերում լիարժէք համոզելու վարպետութեան մէջ: Արդիւնքում՝ ԱՄՆ-ը յետդեկտեմբերեան շրջանը դիտարկում է արցախեան խնդրի կարգաւորման գործում սեփական սցենարի իրագործման ամենայարմար ժամանակաշրջանը:

Ունենալով ՀՀ-ում «բարենպաստ» պայմաններ՝ ԱՄՆ-ը, ինչպէս յայտարարեց Բոլթոնը, կը սկսի այդ հողի վրայ համապատասխան լայնածաւալ աշխատանքներ տանել նաեւ Բաքւում: Քաղաքական եւ բիզնես ահաբեկչութիւնների, «հակայեղափոխական» որակումների, Ռ. Քոչարեանի եւ Ս. Սարգսեանի հետ վերադարձի «սարսափիկների» տարածման միջոցով (այստեղ եւս շատ ենք նման Մ. Սահակաշւիլուն) երկրում ընդդիմութեան տեղի ու դերի զրոյացման արդիւնքում Ն. Փաշինեանի՝ դեկտեմբերին ձեւաւորւելիք միահեծան իշխանութիւնը այլեւս ոչ մի պատճառաբանութիւն չի կարող ներկայացնել ԱՄՆ-ին, թէ ինչու չի ցանկանում զիջել տարածքները: Բնականաբար՝ ԱՄՆ-ը լաւագոյնս հաշւարկել է նաեւ այս հողի վրայ իրականացւելիք ՌԴ-ի հակաքայլերը, որոնք, եթէ դիտարկենք Ռուսաստան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ փոխադարձ շահերի, ինչպէս եւ ՌԴ-տարածաշրջան զարգացումների հարթութեան մէջ, իրականում կարող են վերածւել զիջումներ պարտադրող քայլերի եւ լիովին համընկնել ԱՄՆ-ի դիրքորոշումների հետ (տե՛ս ՀՀ-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման եւ սահմանի բացման մասին տխրահռչակ արձանագրութիւնների ստորագրման փաստը):

Ի վերջոյ՝ պարզորոշ է, որ ԱՄՆ-ն, ինչպէս հարաւաօսական շուրջ 15,000 վրացի փախստականների, Վրաստանի տարանցիկ համակարգերի ջախջախման, երկրի տնտեսութեան փլուզման եւ բազմաթիւ այլ անդառնալի վնասների պայմաններում Վրաստանին, այնպէս էլ հողային զիջումների, ՀՀ եւ ԱՀ պետականութիւններին եւ հայ ժողովրդին հասցրած նիւթաբարոյական անդառնալի վնասների պայմաններում, ՀՀ-ին կարող է տրամադրել դրամական կամ այլ տիպի օժանդակութիւններ, ինչը մեծ հաշւով ծիծաղելի է եւ որեւէ կերպ չի կարող դրւել հակառակ նժարին (տե՛ս Վրաստանի ներկայ կախեալ եւ անմխիթար վիճակը):

Փաստենք. արցախեան հակամարտութեան կարգաւորման սարգսեանական պատմափուլում իշխանութիւնների՝ զիջումների չգնալու հիմնական կռւանը վերջիններիս կողմից լայն ժողովրդականութիւն չունենալն էր կամ, եթէ աւելի հասկանալի ձեւակերպենք մեր միտքը, իշխանութիւնների՝ հասարակութեան լայն հատւածներին այս հարցում որեւէ ձեւով կամ ձեւաչափով համոզելու անկարողութիւնը, ինչն էլ ստիպում էր միջազգային հանրութեանը անիմաստ եւ անպտուղ ճնշումներ չբանեցնել ՀՀ նախկին իշխանութիւնների վրայ՝ չձեռնարկելով այս գործընթացում որեւէ կտրուկ կամ շրջադարձային քայլ: Նոր իրողութիւնների պայմաններում այդ կռւանն իսպառ անհետացել է, ավւելին, հակամարտութեան կարգաւորման խնդրում առկայ է ՀՀ նոր իշխանութիւնների՝ խորքի մէջ տէր-պետրոսեանական զիջողական մօտեցումներից էապէս չտարբերւող դիրքորոշում կամ, առնւազն, նոր կառավարութեան կազմում են տէր-պետրոսեանական գաղափարները եւ հայացքներն անվերապահ ընդունող երբեմնի ընդդիմադիրները, որոնց` արցախեան խնդրի հանդէպ ունեցած տէր-պետրոսեանական վտանգաւոր դիրքորոշումները պատից կախւած զէնքի նման մի գեղեցիկ օր կրակելու են:

Արդիւնքում՝ դեկտեմբերեան ընտրական գործընթացների աւարտն ազդարարելու է արցախեան խնդրի կարգաւորման նոր եւ անչափ վտանգաւոր փուլի սկիզբը, եւ տւեալ փուլում հայոց պետականութեան համար կործանարար զիջումներ թոյլ չտալու համար հայ հանրութիւնն, առաջին հերթին, չպէտք է թոյլ տայ միահեծան իշխանութեան հաստատում ՀՀ-ում: Այդպիսի իշխանութեան գերին դառնալու է հէնց ինքը՝ Ն. Փաշինեանը, եւ նրան այլեւս չի կարողանայ մօտալուտ արտաքին ճնշման պայմաններում, հողային զիջման հարցում, իր հակադիր կեցւածքով օժանդակել որեւէ քաղաքական ուժ: Երկրում պէտք է ձեւաւորւի ուժեղ, արմատական եւ գաղափարական ընդդիմութիւն, որը ոչ միայն երկրի բնականոն զարգացման նախապայմանն է, այլեւ Փաշինեանական իշխանութեան՝ արցախեան խնդրում հողային զիջումներ թոյլ չտալու միակ գրաւականը: Աւելորդ չենք համարում յիշեցնելու, որ արցախեան գոյապայքարի ողջ ընթացքում Լ. Տէր-Պետրոսեանի վարչախումբը միջազգային հանրութեան հետ յարաբերութիւններում յենւում էր հէնց այդ ներկայացման վրայ, այն է` «Արցախում զինւած պայքարը «հրահրում է» տեղի ժողովուրդը, եւ ինքը որեւէ կապ չունի այդ ամէնի հետ, աւելին` չի կարող ազդել արցախցիների ազատագրական պայքարի վրայ»: Սա կիրառւում էր եւ' ագրեսորի պիտակից, եւ' միջազգային ճնշումների գլխացաւանքից ազատւելու համար: Փաստենք նաեւ, որ այս սցենարը Լ. Տէր-Պետրոսեանը լաւագոյնս կիրառում էր նաեւ շնորհիւ երկիր վերադարձած ՀՅԴ-ի, որը տւեալ շրջանի հասարակական-քաղաքական կեանքում եւ Արցախի ազատագրման գործում առանցքային դերակատարում ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժն էր:

Կրկին յիշատակելով Վրաստանը՝ փաստենք, որ հողային զիջման գնով հակամարտութեան գլխացաւանքից իրեն ազատած, երկրում միահեծան իշխանութիւն հաստատած սահակաշւիլիական արկածախնդրութիւնները չներելով՝ երկրի հասարակութիւնն ընդամենը 4 տարի անց դուրս եկաւ փողոց եւ վռնդեց Նոբէլեան մրցանակի յաւակնորդ երբեմնի «մեծ ժողովրդավարին»: Վռնդեցին, սակայն՝ ուշ էր. հարաւօսական հակամարտութիւնն այլեւս երբեք չի վերադառնայ այն բաղձալի ստատուս քւոյին, ինչը կար 2000-ական թթ. կէսերին՝ մինչ «ժողովրդավարների» միահեծան իշխանութեան ամրապնդումը Վրաստանում: ՀՀ-ում եւս չի ներւի Փաշինեանական ցանկացած արկածախնդրութիւն: Ժողովրդի մէջ ապրող ազգը շատ շուտ կարթնանայ, սակայն նշեալ արկածախնդրութիւններով պայմանաւորւած կորուստները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ հայոց պետականութեան գոյութեան համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։