Հա

Քաղաքական

28/10/2018 - 10:40

Վարդան Ոսկանեան. «Մենք ուղղակի չենք կարող օդում կախւած ծրագրերի հեռանկարով փչացնել յարաբերութիւններն Իրանի հետ»

«Դատելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեայի յայտարարութիւններից՝ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնները որոշակի անհանգստութիւններ առաջացնում են ԱՄՆ-ի մօտ»,- «168.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի՝ Իրանի վերաբերեալ արւած յայտարարութիւններին։ 

«alikonline.ir» - «Դատելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեայի յայտարարութիւններից՝ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնները որոշակի անհանգստութիւններ առաջացնում են ԱՄՆ-ի մօտ»,- «168.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի՝ Իրանի վերաբերեալ արւած յայտարարութիւններին։ Մասնաւորապէս, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում Բոլթոնն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է առաւելագոյն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ, ըստ Բոլթոնի՝ Իրանը չի հրաժարւել միջուկային զէնք ստեղծելու ջանքերից:

«Ակնյայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարութիւնների միջեւ զրոյցը շատ կարեւոր կը լինի: Սակայն, ինչպէս ընդգծեցի վարչապետի հետ զրոյցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձաւոր Արեւելքում եւ ողջ աշխարհով մէկ նրանց վարքագիծը չարամիտ է եւ պէտք է փոխւի»,- ասել է Բոլթոնը։

 

«ԱՄՆ-ը ըմբռնումով կը կը մօտենայ»

Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ, սակայն, պաշտօնական Երեւանը կարծես թէ յստակօրէն բացատրել է հայ-իրանական յարաբերութիւնների կարեւորութիւնը մեր պետութեան համար. «Հետեւաբար՝ պէտք է ակնկալել, որ ԱՄՆ-ը ըմբռնումով կը մօտենայ հայկական կողմի դիրքորոշումներին՝ հաշւի առնելով, որ Իրանի հետ յարաբերութիւնները եւ յատկապէս՝ հայ-իրանական սահմանը մեր պետութեան կենսական շահերի եւ անվտանգութեան ապահովման կարեւոր բաղադրիչ է։ Անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից՝ Հայաստանը չի կարող սեփական շահերից հրաժարւել, առաւել եւս՝ չի կարող հրաժարւել սեփական անվտանգութեան կարեւորագոյն բաղադրիչից։ Այս ամէնը կարծես թէ բացատրւել է նաեւ Բոլթոնին»։

 

«Հայաստանը 2 ուղղութեամբ պէտք է աշխատի»

Հայաստանը, ըստ իրանագէտի՝ երկու ուղղութեամբ պէտք է աշխատի. «Մի ուղղութիւնն Իրանն է. Հայաստանի նման անզիջում դիրքորոշումը բխում է մեր, բայց նաև՝ Իրանի շահերից, այստեղ մեր շահերը համընկնում են։ Հետեւաբար՝ Իրանի հետ մեր յարաբերութիւններում պէտք է մեր կայուն եւ վստահելի գործընկերոջ կարգավիճակը կապիտալիզացւի, մասնաւորապէս՝ իրանական կողմի հետ բանակցուիւններ տարւեն Հայաստանի համար կարեւոր նշանակութիւն ունեցող տրանսպորտային ծրագրերին իրանական լուրջ եւ ակտիւ մասնակցութեան վերաբերեալ։ Խօսքը վերաբերում է «Հիւսիս-Հարաւ» մայրուղուն, Հայաստան-Իրան երկաթուղային ծրագրին։

Միւս կողմից էլ՝ պէտք է աշխատենք ԱՄՆ-ի հետ, որովհետեւ այս պետութիւնը համաշխարհային գերտէրութիւն է։ Լուրջ անելիքներ ունենք նաեւ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններում Հայաստան-Իրան յարաբերութիւններ հարցում արտօնեալ կարգավիճակ ձեռք բերելու ուղղութեամբ, որովհետեւ ԱՄՆ-ի նախկին վարչակարգերը հաշւի են նստել Հայաստանի կենսական շահերի հետ։ Չեմ կարծում, թէ այս անգամ որեւէ մէկն իրաւունք ունի մեզ պարտադրել՝ հրաժարւել սեփական շահերից։ Բայց այս ամէնին հասնելու համար պէտք է յստակ, համակարգւած, բարդագոյն աշխատանք տանել, որը ենթադրում է նաեւ մեր պետութեան հասարակական, քաղաքական եւ այլ վերնախաւերի համախմբում՝ Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի շուրջ»։

 

«Անտրամաբանական է»

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն օրերս Սիւնիքի մարզում մի ուշագրաւ յայտարարութիւն է արել։ Նա մասնաւորապէս ասել է, որ Սիւնիքում շատ յաճախ արձանագրւում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դէպի Հայաստանի Հանրապետութիւն։

«Եւ այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակութիւնը, եւ միւս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդութեանը։ Ինձ համար յատուկ կարեւորագոյն խնդիր է՝ ջարդել նարկոթրաֆիկի ողնաշարը։ Միամտութիւն կը լինի կարծել, թէ դրանով միայն օտարերկրացիներն են զբաղւում։ Այդ օտարկերկրացիները չեն կարող գործել, եթէ տեղում գործակիցներ չունենան»,- ասել է Փաշինեանը:

Վարդան Ոսկանեանից հետաքրքրւեցինք, թե ի՞նչ վտանգներով է յղի այս յայտարարութիւնը, արդեօ՞ք սա հետագայում չի կարող օգտագործւել հէնց ԱՄՆ-ի կողմից՝ հայ-իրանական սահմանը փակելու պահանջ ներկայացնելու համար, որովհետեւ գրեթէ բոլոր կոնֆլիկտային գօտիներում գերտէրութիւններն իրենց գործողութիւններն արդարացնում են՝ նշելով, որ պայքարում են նարկոթրաֆիկի դէմ։ Ի պատասխան՝ իրանագէտը հետեւեալն ասաց.

«Նախ պէտք է յստակօրէն արձանագրել, որ Իրանը թմրանիւթերի միջազգային տարանցման դէմ պայքարի առաջամարտիկներից է, իրանական պետական կառոյցները պայքարում են դրա դէմ։ Թմրանիւթերի արտադրման հիմնական կենտրոնն Աֆղանստանն է, որը գտնւում է ԱՄՆ-ի վերահսկողութեան տակ։ Եթէ նոյնիսկ ելնենք այդ տրամաբանութիւնից, ապա ակնյայտ է, որ Մեքսիկայի սահմանն ԱՄՆ-ի հետ շատ աւելի մեծ վտանգներ է պարունակում, բայց ԱՄՆ-ը այդ սահմանը փակ չի պահում։

Հետեւաբար՝ ակնկալել, որ այդ տրամաբանութեամբ շարժւելու դէպքում Հայաստանը պէտք է վերանայի իր դիրքորոշումները՝ կապւած Հայաստան-Իրան սահմանի հետ, անտրամաբանական է։ Հայաստան-Իրան սահմանն աշխարհում ամենախաղաղ, ամենակայուն սահմաններից մէկն է։ Այս սահմանն ունի նաեւ մէկ այլ կարեւորագոյն յատկանիշ՝ դա երկու պետութիւնների միջեւ երբեւէ գոյութիւն ունեցած եւ ունեցող հնագոյն սահմաններից մէկն է՝ պատմական տարբեր ժամանակահատւածներում կրած փոփոխութիւններով հանդերձ։ Հետեւաբար՝ այս սահմանին պէտք է չափազանց մեծ ուշադրութեամբ եւ պատասխանատւութեամբ մօտենալ»։

 

«Իրատեսական չէ»

Ոսկանեանի խօսքով՝ Հայաստանը պէտք է հաշւի առնի տարբեր խաղացողների շահերը, բայց չի կարող դա անել՝ սեփական շահերը ոտնահարելու գնով. «Հետեւաբար՝ ակնկալիքները Հայաստանից պէտք է լինեն չափաւոր։ Մենք ուղղակի չենք կարող եթերային խոստումների կամ օդում կախւած ծրագրերի հեռանկարով փչացնել յարաբերութիւններն Իրանի հետ։ Սա դուրս է խելամտութեան սահմաններից։ Մեր բոլոր գործընկերները պէտք է դա հասկանան»։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թէ Հայաստանի ճիշտ աշխատանքի դէպքում պաշտօնական Երեւանը կարող է լինել այն հարթակը, որտեղ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցութիւններ կարող են ընթանալ, Ոսկանեանն ասաց, որ այս պահի դրութեամբ դա իրատեսական չէ. «Բայց Հայաստանի այդ ամորտիզացնող դերակատարութիւնը պէտք է դիտարկել, եւ հաշւի առնելով, որ Հայաստանը բարեկամական յարաբերութիւններ է պահպանում մի կողմից՝ Իրանի, եւ միւս կողմից՝ ԱՄՆ-ի հետ, կարծում եմ՝ մեր այս դիրքորոշումը պէտք է գնահատւի երկու կողմերում էլ։ Եւ միգուցէ հնարաւորութիւն ստեղծւի հայկական հարթակն օգտագործել նման բանակցութիւնների համար։ Բայց կրկնեմ՝ այս պահի դրութեամբ դա իրատեսական չեմ համարում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։