Հա

Քաղաքական

28/10/2018 - 12:10

Հայ-ադրբեջանական սպառազինութեան մրցավազքը «յետբոլթոնեան» շրջափուլում

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում ծաւալւող սպառազինութեան մրցավազքում Հայաստանը մշտապէս եղել է հետապնդողի, իսկ Ադրբեջանը՝ առաջատարի դերում։ Պարզ պատճառներով՝ Ադրբեջանն ունի ագրեսիւ մտադրութիւններ, այդ թւում՝ ուժային մեթոդներով ԼՂ եւ շրջակայ տարածքների վերադարձը, մեծաթիւ նաւթադոլարներ եւ աւտորիտար առաջանորդներ։ 

Աննա Մկրտչեան

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում ծաւալւող սպառազինութեան մրցավազքում Հայաստանը մշտապէս եղել է հետապնդողի, իսկ Ադրբեջանը՝ առաջատարի դերում։ Պարզ պատճառներով՝ Ադրբեջանն ունի ագրեսիւ մտադրութիւններ, այդ թւում՝ ուժային մեթոդներով ԼՂ եւ շրջակայ տարածքների վերադարձը, մեծաթիւ նաւթադոլարներ եւ աւտորիտար առաջանորդներ։ Իսկ սակաւառեսուրս, տնտեսապէս խոցելի եւ աւելի ժողովրդավար Հայաստանի համար խնդիր է եղել պահպանել ընթացիկ ուժերի հաւասարակշռութիւնը ու ստատուս քւոն՝ նպատակ ունենալով ապագայում հասնելու ԼՂ կարգավիճակի իրաւական ամրագրմանը եւ նրա անվտանգութեան ապահովմանը։

Անկախ յայտարարւած նպատակների իրաւաչափութիւնից ու բարոյապէս հիմնաւորւած լինելուց՝ առկայ անվտանգութեան տարածաշրջանային համակարգում եւ փոխադարձ անվստահութեան մթնոլորտում երկու կողմերին էլ հարկաւոր են կոշտ ուժ՝ զէնք, զինամթերք, փող իրենց շահերն առաջ մղելու եւ սեփական դիրքերը ամրապնդելու համար։

Սպառազինութեան պարտադրւած այս մրցավազքում հայկական կողմը, թւում է, թէ ստանձնել է բարոյական չափանիշների եւ իրաւական նորմերի պահապանի դերը, որոնք կարող են ինչ-որ չափով զսպել կամ սահմանափակել Ադրբեջանի կողմից նորանոր արդիական զէնքերի գնումը, ինչպէս նաեւ դրանց ձեռքբերման աղբիւրների դիւերսիֆիկացիան։

Հայ հասարակութիւնը արդարացւած մտահոգութեամբ է ընդունում Ադրբեջանի կողմից այս կամ այն զինատեսակի ձեռքբերման մասին յաճախակի դարձած լուրերը։ Առաւել ցաւալի է ընկալւում դաշնակից Ռուսաստանի կողմից մեծածաւալ արդիական զէնքի վաճառքն Ադրբեջանին։ Մի հանգամանք, որ բացատրւում է ինչ-որ առումով ցինիկ բիզնես տեսանկիւնով՝ «անձնական ոչինչ չկայ, սա պարզապէս գործարք է» տիպի հիմնաւորումներով։ Այս դէպքում դաշնակցային նորմերը ոչ լրիւ են գործում՝ առաջնահերթութիւնը զիջելով փողին ու զէնքի շուկաներում գերակայութիւն հաստատելու ձգտումներին։

Որոշակի անհանգստութեան տեղիք է տւել նաեւ օրերս Հարաւային Կովկասում պաշտօնական այցով գտնւող ԱՄՆ նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի յայտարարութիւնը, որ, թէպէտեւ վերջնական որոշում չկայ, բայց կողմերը կարող են տեսականօրէն ձեռք բերել նաեւ ամերիկեան զէնք, ինչը, ըստ նրա, աւելի լաւն է, քան ռուսականը։ Ինչքան էլ ամերիկեան զէնքի ձեռքբերման հնարաւորութեան հեռանկարը գրաւիչ թւայ թէ՛ որակական, թէ՛ ռուսական կախւածութեան նւազեցման տեսակէտից, նման յայտարարութիւնները կարող են լրացուցիչ բարդութիւններ ստեղծել Հայաստանի համար տարածաշրջանային ընդհանուր ուժային հաւասարակշռութիւն պահպանելու համատեքստում։ Ջան Բոլթոնը, լինելով ռէալիստ եւ պրագմատիկ գործիչ, պարզ ասել է այն, ինչ սովորաբար մնում է հրապարակային յայտարարութիւնների տողատակերում։ Եթէ պէտք է զէնք գնէք, կարող էք գնել նաեւ մեզանից։ Սա էր նրա ուղերձը, որը կարող է եւ մնայ յայտարարութեան մակարդակում, բայց կարող է գրգռել աւելի ագրեսիւ ու հարուստ կողմի, այն է՝ Ադրբեջանի հետաքրքրութիւնը։

Իսկ վերջին միտումները ցոյց են տալիս, որ Ադրբեջանը, գուցէ եւ դժգոհ լինելով ռուսական զէնքի որակից, գուցէ եւ ֆինանսների առատութիւնից, քայլեր է ձեռնարկում Թուրքիային եւ Իսրայէլին զուգահեռ այլ աղբիւրներից, դրանց թւում, ըստ մամուլի հաղորդումների, Սլովակիա, Չեխիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, զէնք-զինամթերք ձեռք բերելու ուղղութեամբ։

Հայաստանի պացիֆիստական հռետորաբանութիւնը եւ միջազգային իրաւունքի նորմերի կարեւորութեան վերաբերեալ բարձրաձայնումները այս պարագայում այնքան էլ արդիւնաւէտ չեն։ Երբ կշեռքի մի նժարին դրւած է լինում առձեռն փողը, գումարած աշխատատեղեր ռազմարդիւնաբերական ոլորտում, միւս նժարին՝ մարդու իրաւունքները, արդարութիւնն ու իրաւական նորմերը, ապա նոյնիսկ ամենահասուն ժողովրդավարական ու լիբերալ նորմերը կրող երկրներն են դժւարութեամբ ընտրութիւն կատարում։

Վերջին օրինակը այն է, երբ Սաուդական Արաբիայի լրագրող Ջամալ Խաշեղջիի հոկտեմբերի 2-ին սպանութիւնից յետոյ որոշ երկրներ, մասնաւորապէս՝ Գերմանիան հանդէս է եկել Սաուդական Արաբիային զէնքի վաճառքը դադարեցնելու կոչով։ Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, ընդահակառակը, հանդէս է եկել յայտարարութեամբ, որ այդ սպանութիւնը որեւէ կերպ կապ չունի զէնքի վաճառքի հետ եւ այդ կոչերը որակել է «դեմագոգիա»։

Զէնքի վաճառքը բաւականին եկամտաբեր բիզնես է, եւ այս հարցում միայն բարոյական-իրաւական կռւանների վրայ յենւելը, կամ խռոված կեցւածք ընդունելը ոչ միշտ է բերելու սպասւած արդիւնքերի։ Միւս ծայրայեղութիւնն էլ՝ սպառազինութեան անմնացորդ մրցավազքի մէջ մտնելը, մեր դէպքում անհեռատես կը լինի։ Մնում է կրկին փնտրել ոսկէ միջինը՝ եւ՛ զէնք, եւ՛ դիւանագիտութիւն կարգախօսով, ոչ պատերազմին՝ պատերազմին պատրաստւելու միջոցով տրամաբանութեան շրջանակներում։

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։