Հա

Քաղաքական

29/10/2018 - 14:40

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հրապոյրն ու վտանգները

Որն է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման ժամկէտների դերը Փաշինեանի կառավարութեան հնարաւոր ձեռքբերումների եւ կորուստների տեսանկիւնից:

Ըստ իշխանութեան տեսակէտի` երկրում տնտեսական զարգացում չի կայանում այն պատճառով, որ կառավարութիւնը ժամանակաւոր է, խորհրդարանը չի արտայայտում ուժերի իրական փոխյարաբերութիւնը եւ վտանգում է յեղափոխական արժէքները: Սա դիտարկւում է որպէս երկիր ներդրումներ բերելու հիմնական խոչընդոտ:

ՎԱՀՐԱՄ ԲԱՅԱԴԵԱՆ

 

Որն է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման ժամկէտների դերը Փաշինեանի կառավարութեան հնարաւոր ձեռքբերումների եւ կորուստների տեսանկիւնից:

Ըստ իշխանութեան տեսակէտի` երկրում տնտեսական զարգացում չի կայանում այն պատճառով, որ կառավարութիւնը ժամանակաւոր է, խորհրդարանը չի արտայայտում ուժերի իրական փոխյարաբերութիւնը եւ վտանգում է յեղափոխական արժէքները: Սա դիտարկւում է որպէս երկիր ներդրումներ բերելու հիմնական խոչընդոտ:

Իհարկէ այս վիճակը այդպիսի վտանգներ չի պարունակում: Դրանք ուռճացւած են: Ոչ ոք չի ժխտի, որ այսօր, անգամ եթէ Փաշինեանն ինքը այդ վտանգի չափազանցման ներկայացումներ չբեմականացնի, ժողովուրդն ինքը ոչ ոքի թոյլ չի տայ յետ դառնալ: Այժմ, երբ քաղաքական դաշտում Փաշինեանին այլընտրանք չկայ, յետդարձի ամէն մի նախաձեռնութիւն միարժէքօրէն ընկալւում է որպէս հանրապետականների ռեւանշի փորձ: Իսկ որ հանրապետականներին երբեք դա անել թոյլ չի տայ ժողովուրդն ինքը, դա բոլորս գիտենք: Փաշինեանը վարպետօրէն սադրում է այդպիսի իրավիճակներ, որպէսզի հասարակական գիտակցութիւնը վերբեռնի յեղափոխական արժէքների պաշտպանութեան անհրաժեշտութեամբ: Իսկ այդպիսի իւրաքանչիւր վերբեռնում մարդկանց ուղեղներն անջատում է իրենց յանապազօրեայ խնդիրներից ու հոգսերից: Ժամանակաւորապէս: Բայց անջատում է:

Իսկ ինչո՞ւ է պահանջ դրւում, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները տեղի ունենան ոչ թէ եկող տարւայ մայիս-յունիսին, այլ այս տարւայ դեկտեմբերին:

Անցած հինգ ամիսները ցոյց տւեցին, որ այս իշխանութիւնները ոչ մի պատկերացում չունեն, թէ ինչ պէտք է արւի տնտեսութիւնում (միւս ոլորտներին գուցէ կանդրադառնանք, գուցէ՝ ոչ, բայց իրաւունք ունենք գրանցելու, որ դրանցում էլ արժանայիշատակ բան չի արւած):

Մարդը խոստացել էր, որ իր վարչապետութեան յաջորդ օրն իսկ ներդրումները հոսելու են երկիր, եւ մենք ականատեսն ենք լինելու երկրի թռիչքային զարգացման: Չեղաւ: Իշխանութեան մեկնաբանութիւնն այս հարցի վերաբերեալ մենք արդէն գիտենք:

Մեր կարծիքով, եթէ անգամ այդպիսի խոստումներ եւ ծրագրեր էլ կային, ապա դրանք իրականութիւն չէին դառնայ, քանի դեռ մեր երկրում շարունակւում է կոռուպցիայի դէմ պայքարի բեմականացումը: Բացի այն, որ այդ ամէնը կատարւում է մասնագիտական շատ ցածր մակարդակով, այդ գործողութիւնների ծրագիրն ու սցենարն էլ սիրողականից ցածր մակարդակի են: Ակնյայտ էր անելիքի անհասկանալիութիւնը, իսկ գործողութիւնների կառուցման ճանապարհների փլուզումները ցոյց էին տալիս պատասխանատու մարդկանց ոչ կոմպետենտութիւնը: Եւ դա՝ ամենաբարձր մակարդակներում: Այդ գործընթացներում ԱԱԾ-ի ներգրաւումով կարծես թէ պիտի ընդգծւեր դրանց կարեւորութիւնը, բայց ստացւում էր այնպէս, որ այդ կառոյցն աւելի կարեւոր առաքելութիւն չունի եւ, ըստ էութեան, նսեմացւում էր դրա դերը երկրի կեանքում:

Միւս հանգամանքը, որ այդ ճանապարհին ոչ պակաս կարեւոր խոչընդոտ է, մենաշնորհների առկայութիւնն է մեր երկրում: Այն իրողութիւնը, որ «բոլոր ցանկացողները կարող են բանան ներկրել», բոլորովին էլ չի նշանակում, որ մենաշնորհները վերացւած են: Դա ընդամենը նշանակում եւ ցոյց է տալիս, թէ ինչ մակարդակով են ընկալում այդ կարեւորագոյն տնտեսական խնդիրը մեր իշխանութիւնները: Ընկալման մակարդակի հաստատումն է նաեւ իշխանութեան ձեռքին եղած միակ հակամենաշնորհային գործիքի (Տնտեսական մրցակցութեան պահպանման պետական յանձնաժողով-ՏՄՊՊՅ) պարապուրդը, երբ գիւղնախարարը (թէկուզ եւ արդէն նախկին) կաթ արտադրողներին կաթ մթերողների դեմպինգային գործարքից պաշտպանելու միջոց չէր տեսնում՝ «մենք նրանց վրայ ազդելու լծակներ չունենք» մեկնաբանութեամբ:

Իշխանութեան յայտարարութիւնները, թէ մեր երկրում մենաշնորհները վերացւած են, իրականութեանը չեն համապատասխանում: Դրանք ինչպէս եղել են, այնպէս էլ կան: Որպէս դրա հետեւանք նոյնութեամբ պաշտպանւում է երկրում հաստատւած օլիգարխիական համակարգը՝ իր բոլոր հնարաւոր ազդեցութիւններով: Իշխանութիւնների մեկնաբանութիւնը, թէ իրենք չեն ուզում վնասել ձեւաւորւած եւ գործող բիզնեսներին, նոյնպէս խօսում է իրենց անելիքների վերաբերեալ պատկերացումների մակարդակի եւ անճարակութեան մասին:

Դա նոյնպէս դրսից լաւ տեսանելի է, որքան էլ մենք չուզենանք:

Այս ժամանակաւոր կառավարութեան տնտեսական անյաջողութիւնների ուրիշ պատճառներ էլ կան, բայց դրանց մասին՝ իրենց տեղում:

Վերջապէս՝ անցած հինգ ամիսների ընթացքում կառավարութիւնը չկարողացաւ հանրութեանը ներկայացնել հարկային-մաքսային օրէնսդրութեան իր տեսլականը: Կարծում ենք` սա լուրջ է:

Ի՞նչ հետեւութիւն կարող ենք անել այստեղից:

Անելիքը չիմանալով հանդերձ` իշխանութիւնն զգում է, որ մինչեւ 2019 թ. կէսերը իր կառավարութիւնը բազմաթիւ անուղղելի իրավիճակների մէջ է յայտնւելու երկրի կեանքի տարբեր ոլորտներում: Վատագոյնը կատարւելու է տնտեսութեան հետ եւ տնտեսութեան մէջ: Դրանք շատ թանկ են նստելու թէ՛ Փաշինեանի անձնական վարկանիշի, թէ՛ նրա կուսակցութեան ՝ որպէս իշխանութիւն վերարտադրւելու կարողութիւնների վրայ:

Այսինքն, կայ իրական մտավախութիւն իշխանութիւնը կորցնելու, եւ դա ստիպում է Փաշինեանին արտահերթը 2019-ի մայիս-յունիսից տեղափոխել այս տարւայ դեկտեմբեր: Որ արտահերթն այս տարւայ դեկտեմբերին անցկացնելու դէպքում ներկայ իշխանութիւնը արժանի հակառակորդ չի ունենայ եւ կը տօնի իր գրեթէ միանձնեայ յաղթանակը, փաստ է: Եւ դա իրական սպառնալիք է երկրի քաղաքական միջավայրի կենսունակութեան համար:

Իսկ ինչ կը լինի նրա ու իր կուսակցութեան հետ, եթէ 2018-ի դեկտեմբերի արտահերթով նրանք մնան իշխանութիւն եւ յետագայ հինգ տարիների ընթացքում, այլեւս առանց հակայեղափոխութեան յոյսի, ձախողեն երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային կեանքը: Եւ մենք ականատես կը լինենք դեռեւս չձեւակերպւած ուղերձներով ներկայացումների, որոնք կոչւած կը լինեն փոխարինելու ժողովրդին տւած խոստումները: Եւ արդեօ՞ք մենք նորից չենք յայտնւի քաղաքական ցնցումների շեմին (կամ էլ յորձանուտում): Արդեօք այդ դէպքում նրա վիճակն աւելի նախանձելի՞ է լինելու, քան, ասենք, եթէ մինչեւ մայիս չկարողանար պահել իր եւ իր կուսակցութեան վարկանիշը եւ խորհրդարանական ընտրութիւններում տանուլ տար մի նոր քաղաքական ուժի, որը կարող էր իր ծրագրերով եւ աշխատելու կարողութեամբ գերազանցել նրան, շահել ժողովրդի համակրանքն ու ձայները: Չէ՞ որ բնակչութեան մի ստւար զանգւած կանգնեց նրա թիկունքին ոչ թէ այն պատճառով, որ սիրում է յեղափոխութիւն անել, այլ որովհետեւ ապրելու հնարաւորութիւն եւ նպատակ է ակնկալում այդ ուժից: Իսկ այդ ամէնը խոստանալ եւ չտալ հնարաւոր է մի քանի անգամ, բայց ոչ միշտ եւ անընդհատ:

Յաջորդ խնդիրը, որ առաջանում է դեկտեմբերին ընտրութիւնների անցկացման պարագայում: Այս մի քանի ամիսների ընթացքում երկրում ստեղծւել եւ ստեղծւում են քաղաքական նոր կուսակցութիւններ, որոնք կարող են ունենալ երկրի զարգացման իրենց տեսլականը, հասարակութեան կեանքի կարեւորագոյն հիմնախնդիրների լուծման իրենց ճանապարհները, որոնցով կարող են մրցակցել ներկայիս իշխանութիւնների ծրագրերի հետ եւ հասարակութեանը տալ ընտրութեան լուրջ հնարաւորութիւններ: Իսկ այս դէպքում դրանք գրեթէ բոլորը դուրս են մնում այդ գործընթացից: Նախ, որովհետեւ նրանք զրկւում են այն անհրաժեշտ ժամանակից, որը պահանջւում է սեփական ծրագրերի ներկայացման, քաղաքական դաշտում իրենց տեղը գտնելու համար: Իսկ այդ կուսակցութիւնների թիկունքում, որքան էլ նրանք նորաստեղծ լինեն, հազարաւոր մարդիկ են, մտածող մարդիկ: Իշխանութիւններն իրենց այդ քայլով այս մարդկանց դուրս են դնում ընտրական գործընթացից: Ուղղակիօրէն դուրս են դնում, որովհետեւ անգամ եթէ նրանք մասնակցեն ընտրութիւններին եւ իրենց ձայնը տան ընտրութիւններում ներկայացւած կուսակցութիւններից կամ դաշինքներից մէկին, ապա ակնյայտ է, որ դա նրանց ընտրութիւնը չէ:

Ընտրարշաւին մասնակցելու հնարաւորութիւն են ունենում այն կուսակցութիւնները, որոնք մինչ այդ էլ կային քաղաքական դաշտում եւ բազմաթիւ տարիներ, եթէ չասենք տասնամեակներ, այնտեղ են, բայց այժմ նրանք ոչ ասելիք ունեն, ոչ անելիք: Բայց ունեն հնարաւորութիւն այս ընտրութիւններին եւս մասնակցելու, քննադատելու, պաշտպանւելու, այս կամ այն ուժին սատարելու կամ դաշինքներ կազմելու եւ այլն: Կարճ՝ այս ընտրութիւնները եւս զարդարելու: Եւ սա ի՞նչ կը տայ մեր քաղաքական միջավայրին:

Միւս խնդիրն առնչւում է նախընտրական գրաւին: Քանի որ ընտրական օրէնսգրքի նախատեսւող փոփոխութիւններով դեռեւս պահպանւում է ընտրագրաւ հասկացութիւնը, դա եւս մէկ էական խոչընդոտ է նորաստեղծ կուսակցութիւնների ճանապարհին: Դա ոչ միայն կարող է փակել իրոք գաղափարական բովանդակութիւն ունեցող կուսակցութիւնների ճանապարհը յատկապէս այս գերկարճ վազքատարածութեան պարագայում, այլեւ լաւագոյն պայմաններ կը ստեղծի օլիգարխների հովանիների տակ բուծւած կուսակցական տնտեսութիւնների համար, որոնց նպատակներն իշխանութիւնում բոլորիս են յայտնի:

Արդիւնքում մենք տեսնում ենք, որ խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները եկող տարւայ մայիս-յունիսից այս տարւայ դեկտեմբեր տեղափոխելը բովանդակային առումով ոչ մի դրական բան տալ չի կարող: Այն կունենայ բազմաթիւ բացասական հետեւանքներ, որոնց ազդեցութիւնը կը զգացւի արդէն ընտրութիւններից ոչ շատ անց:

Իրականում այն լուծում է միայն այսօրւայ իշխանութիւնների խնդիրը՝ մնալ իշխանութիւնում:

Նոյնպիսի նպատակաուղղւածութեամբ Ս. Սարգսեանի իշխանութիւնը ոչ վաղ անցեալում «հիմնաւորեց» եւ անցկացրեց կառավարման նախագահական ձեւից խորհրդարանականին անցնելու հանրաքւէն (սրա բացասական հետեւանքների մասին ես իմ կարծիքը յայտնել եմ «Իրատես»-ի էջերում` նախքան այդ հանրաքւէի անցկացումը), որը, ըստ էութեան, իշխանութիւն մնալու նրա համար ձեււած տարբերակն էր: Եւ այսօրւայ իշխանութիւնները, որ այն ժամանակւայ ընդդիմութիւնն էին, իրաւացիօրէն քննադատում էին այն ժամանակւայ իշխանութիւններին:

Հիմա ի՞նչ է ստացւում: Իշխանութիւնն այնքան քաղցր պտուղ է, որ այն վերցնողն այլեւս չի ուզում բաց թողնել ձեռքից: Եթէ այդպէս է, ուրեմն այսօրւայ իշխանութիւնները չեն դիմացել գայթակղութեանը կամ, որ նոյնն է, «յեղափոխական արժէքները վտանգւած են»:

«Իրատես»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։