Հա

Քաղաքական

01/11/2018 - 12:30

Արցախի ժողովուրդն ինքը պէտք է որոշի իր ճակատագիրը

Հոկտեմբերի 30-31-ը Արցախում էին Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցութեան միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն եւ նոյն կուսակցութեան միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանի եւ յանձնախմբի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանի ուղեկցութեամբ։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 30-31-ը Արցախում էին Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցութեան միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն եւ նոյն կուսակցութեան միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանի եւ յանձնախմբի գործադիր տնօրէն Հեղինէ Էւինեանի ուղեկցութեամբ։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը: 

Արցախի Հանրապետութիւնում պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի, ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլեանի, Արցախի Հանրապետութիւն-Բելգիայի ֆրանսախօս օրէնսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամութեան շրջանակի անդամների հետ, այցելել է Ստեփանակերտի Թումօ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Halo Trust» կազմակերպութեան Արցախի գրասենեակ, իսկ հոկտեմբերի 31-ին՝ հանդէս եկել մամլոյ ասուլիսով: 

Ասուլիսի սկզբում Ժան-Ժակ Ֆլաոն նշել է, որ ուրախ է Արցախում գտնւելու եւ իրողութիւններին անձամբ ծանօթանալու հնարաւորութեան համար: Նա տեղեկացրել է, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատնից էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ իրեն «ահաբեկիչ» են անւանել. «Ադրբեջանի այս քաղաքականութիւնը հակառակ ազդեցութիւնն է ունենալու այն առումով, որ ես աւելի ու աւելի եմ սիրելու Արցախի Հանրապետութիւնը եւ աւելի է ամրապնդւելու նրա բարեկամը լինելու իմ պատրաստակամութիւնը: Իսկ իրեն ժողովդրավար երկիր համարող Ադրբեջանի դեսպանատան կողմից նման արձագանգը շատ զարմանալի է ու մտահոգիչ»: 

Նա յանձնառութիւն է ստանձնել վերադառնալուն պէս նպաստել Արցախի մասին Բելգիայի հասարակական ու քաղաքական շրջանակներին տեղեկացնելուն, քանի որ այս տարածաշրջանի մասին տեղեկացւածութիւնն այնտեղ բարձր մակարդակի վրայ չէ: 

Ժան-Ժակ Ֆլաոն եւ Ջուլի Սզման առաջին անգամ են ժամանել Արցախ՝ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով: «Ուրախ եմ այս հիանալի երկիրն ու ժողովրդին բացայայտելու, իրականութեանը, մշակոյթին ծանօթանալու համար: Բարձր եմ գնահատում առաջ շարժւելու Ձեր հաստատակամութիւնը»,- նշել է Ջուլի Սզման՝ աւելացնելով, որ Արցախում յատկապէս տպաւորւել է Թումօ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, որից Բելգիան կարող է օրինակ վերցնել: 

Անդրադառնալով հնարաւոր համագործակցութեան մասին հարցին՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամն առանձնացրել է բնական զբոսաշրջութեան գաղափարը, որի հնարաւորութիւնը տալիս են Արցախում առկայ մշակութային, կրօնական կոթողները: 

Նրա խօսքով՝ Բելգիան գտնւում է Եւրոպայի սրտում եւ միշտ փորձել է համախոհութեամբ լուծել բոլոր հարցերը. «Իսկ 2019 թ. յունւարի 1-ից Բելգիան ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ կը դառնայ: Բելգիայի վարչապետը եւ մեր կուսակցութեան անդամ ԱԳՆ նախարարն աշխատելու են պատերազմական եւ սառած հակամարտութիւնների, այդ թւում նաեւ Արցախի հարցի շուրջ եւ փորձելու են թուլացնել հակամարտող երկրների միջեւ լարւածութիւնը, օժանդակել, որպէսզի դրանք լուծւեն»: 

«Արցախի ժողովուրդն ինքը պէտք է որոշի՝ ուզում է անկախ մնալ, թէ միանալ Հայաստանին: Դա Ձեր իրաւունքն է, որին մենք պէտք է զօրավիգ կանգնենք»,- նշել է Ժան-Ժակ Ֆլաոն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։