Հա

Քաղաքական

03/11/2018 - 08:20

Իրանագէտ. «Իրանի վերաբերմունքն Արցախեան հիմնախնդրի նկատմամբ չի փոխւել»

Եթէ ընտրութիւններից յետոյ Փաշինեանը կրկին ընտրւի վարչապետ, կարեւոր կը լինի, որ նա այցելի Իրան, այդպիսի այցը լուրջ ուղերձ կը լինի մեր հարաւային հարեւանին: «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - Եթէ ընտրութիւններից յետոյ Փաշինեանը կրկին ընտրւի վարչապետ, կարեւոր կը լինի, որ նա այցելի Իրան, այդպիսի այցը լուրջ ուղերձ կը լինի մեր հարաւային հարեւանին: «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:

Նշենք, որ Փաշինեանը տարածաշրջանային երկրներից պաշտօնական այցով եղել է միայն Վրաստանում:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ստամբուլում տեղի ունեցաւ եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով: Բանակցութիւնների աւարտին ընդունւած հռչակագրում նախարարներն ընդգծեցին այն պարտաւորութիւնները, որոնք վերաբերում են պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, միջազգային իրաւունքի նորմերի պահպանմամբ բոլոր հակամարտութիւնների խաղաղ լուծմանը եւ յատկապէս այն աջակցութեանն ու յարգանքին, որ պէտք է ցուցաբերւի պետութիւնների ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան ու միջազգայնօրէն ճանաչւած պետական սահմանների նկատմամբ:

Ոսկանեանից հետաքրքրւեցինք, թէ Իրանի՝ այդ հռչակագրին միանալը կարո՞ղ է որեւէ կապ ունենալ Բոլթոնի՝ Հայաստանում Իրանի հասցէին հնչեցրած սպառնալիքների հետ: Իրանագէտի կարծիքով` սխալ կը լինի այդ ամէնը կապել Բոլթոնի այցի եւ յայտարարութիւնների հետ: «Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը նշւած հանդիպման վերջում ընդունւած յայտնի փաստաթղթում յատուկ չի շեշտադրւել, այլ շեշտադրւել է, որ կողմերը յարգում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ մի շարք այլ միջազգային իրաւունքի սկզբունքներ: Այսինքն՝ ուղղակի յիշատակում արցախա-ադրբեջանական սահմանի մասին չկար: Ուղղակի մեր լրատւամիջոցներում տարածւեց Ադրբեջանի արտգործնախարարի մեկնաբանութիւնը, ինչի հետեւանքով էլ թիւրընկալում եղաւ: Այդպիսի հռչակագրեր, այդպիսի յայտարարութիւններ եղել են նաեւ նախկինում, մասնաւորապէս՝ նախորդ տարի Բաքւում կայացած նոյնանման հանդիպման ընթացքում»,- նշեց նա:

Ըստ Ոսկանեանի՝ Իրանի վերաբերմունքն Արցախեան հիմնախնդրի նկատմամբ չի փոխւել, աւելին՝ պաշտօնական մակարդակում իրանցիները հանդէս են գալու հաւասարակշռւած քաղաքականութեամբ: «Իրանին ձեռնտու է, որպէսզի այն իրավիճակը, որը դէ ֆակտօ ստեղծւել է Արցախեան հակամարտութեան գօտում, յատկապէս՝ սահմանների առումով, պահպանւի: Տարածքային ամբողջականութեան մասին խօսելիս Իրանի արտգործնախարարն աւելի շուտ իր սահմանների մասին է ակնարկել, այսինքն՝ ոչ թէ Արցախի, այլ Իրանի տարածքի՝ Սիրիայի, Իրաքի հետ կապւած, որտեղ եթէ կիրառւի ազգերի ինքնորոշման սկզբունքը, ապա այդ պետութիւնները կարող են մասնատւել, ինչը չի բխում Իրանի շահերից»,- պարզաբանեց նա:

Նոյեմբերի 1-ին Փաշինեանն ԱԺ-ում ՀՅԴ-ական պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանի հարցին ի պատասխան՝ նշել էր, որ վերջերս մի շատ փորձւած դիւանագէտի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրել է Հայաստանի իրավիճակը: «Ասացի՝ մեր 4 սահմաններից 2-ը փակ են՝ Ադրբեջանի հետ սահմանը փակ է Ղարաբաղեան հակամարտութեան պատճառով եւ Թուրքիայի հետ սահմանը՝ նոյնպէս Ղարաբաղեան հակամարտութեան պատճառով: Կարող է թւալ, թէ միւս երկու սահմանները բաց են, բայց այդ սահմանները կիսաբաց են, որովհետեւ հայ-իրանական սահմանը, օրինակ, ամէն պահի կարող է դէ ֆակտօ փակւել ԱՄՆ-ի եւ Իրանի հետ յարաբերութիւնների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։ Հայ-վրացական սահմանը դէ ֆակտօ կարող է փակւել, օրինակ, վատ եղանակային պայմանների կամ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»,- ասել էր Փաշինեանը։

Հարցին, թէ հայ-իրանական սահմանի փակման մասին ակնարկը կարո՞ղ է Իրանում թիւրընկալման տեղիք տալ, Ոսկանեանը պատասխանեց, որ Փաշինեանը դիւանագէտի հետ զրոյցի ընթացքում է այդ խնդիրը քննարկել, եւ, իր կարծիքով, գոյները խտացւել են, հաւանաբար, Հայաստանի համար որեւէ շահաւէտ դիրքորոշում դիմացինի մօտ ստեղծելու նպատակով: «Աւելի կարեւոր է ակնյայտ յայտարարութիւնն առ այն, որ նոյնիսկ ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեայի հետ հանդիպումների ընթացքում Հայաստանն առաջնորդւել է բացառապէս սեփական, ազգային եւ պետական շահով, եւ դա ընկալելի է եղել Նահանգների կողմից: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ Հայաստանը չի անսացել ԱՄՆ-ի յորդորներին կամ տուրք չի տւել ճնշումներին, եթէ այդպիսիք եղել են»,- ասաց իրանագէտը:

Իսկ թէ ի՞նչ ընթացք է սպասւում հայ-իրանական յարաբերութիւններում, Ոսկանեանը նշեց, որ մեր յարաբերութիւններն Իրանի հետ շարունակելու ենք զարգացնել, դա նշել է նաեւ Փաշինեանը: «Փաշինեանն էլ նշեց, որ իր՝ կրկին վարչապետ դառնալու պարագայում Իրանի հետ յարաբերութիւնները կը ստանան նոր մակարդակ եւ կը զարգանան նոր մթնոլորտում: Մենք ունենք շատ կարեւոր խնդիր՝ իրանցիներին բացատրել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձութիւնների տրամաբանութիւնը, քանի որ Իրանում այդքան էլ լաւ չեն հասկանում՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Միւս կարեւոր խնդիրը, բնականաբար, Փաշինեան-Ռոհանի հանդիպումն է՝ ոչ թէ տարբեր կառոյցների շրջանակում, քանի որ ՄԱԿ-ում նման հանդիպում եղել է` այլ պաշտօնական այցերի մակարդակով: Նման հանդիպումները լուրջ խթան են երկկողմ յարաբերութիւններում առաջընթաց գրանցելու համար»,- ասաց Ոսկանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։