Հա

Քաղաքական

05/11/2018 - 11:40

Պետութի՞ւն, թէ՞ իշխանութիւն

Այս յօդւածով միտք չունեմ  քննարկելու, թէ ինչ է  պետութիւնը։ Պետութիւն հասկացութեան մասին տարբեր տեսութիւններ կան, եւ նրանցից որեւէ մէկը չի կարող հաւակնել բացարձակ ճշմարտութեան։ Այս տեսակէտից բոլորովին ցանկութիւն չունեմ  բանավէճի մէջ մտնելու մասնագէտ- տեսաբան քաղաքագէտների հետ եւ իմ կարծիքը, թերեւս, աւելի սիրողական է։ Այնուամենայնիւ…

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

 

Այս յօդւածով միտք չունեմ քննարկելու, թէ ինչ է պետութիւնը։ Պետութիւն հասկացութեան մասին տարբեր տեսութիւններ կան, եւ նրանցից որեւէ մէկը չի կարող հաւակնել բացարձակ ճշմարտութեան։ Այս տեսակէտից բոլորովին ցանկութիւն չունեմ բանավէճի մէջ մտնելու մասնագէտ- տեսաբան քաղաքագէտների հետ եւ իմ կարծիքը, թերեւս, աւելի սիրողական է։ Այնուամենայնիւ…

Ամենատարբեր հարցերին վերաբերող՝ մշակութային, կրթական, իրաւական, ժողովրդավարական, թէ մարդու իրաւունքներին առնչւող քննարկումների ժամանակ, մասնակիցներից շատերը դէմքի խելoք արտայայտութեամբ բացատրում են յայտնի ճշմարտութիւններ. «Պատճառը դարերով պետականութեան բացակայութիւնն է… Այս ամէնը խորհրդային ժառանգութեան հետեւանք է, սերունդ պէտք է փոխւի… եւ այլն»։ Երբ բերում ես օրինակներ, թէ ինչպէ՞ս եղաւ, որ, օրինակ, Ֆինլանդիան կամ Էստոնիան մինչեւ 1917 թ. իրենց պատմութեան ընթացքում ընդհանրապէս պետութիւն չեն ունեցել (իսկ Էստոնիան նաեւ ԽՍՀՄ Հանրապետութիւն էր), այսօր բաւականին զարգացած երկրներ են, կրկին դէմքի լուրջ արտայայտութեամբ մասնագէտները պատասխանում են. «Նրանք ուրիշ են, չի կարելի համեմատել, բա նրանց աշխարհագրական դի՞րքը, չէ՞ որ նրանք Եւրոպայում են եւ մեր նման հարեւաններ չունեն…»։ Իսկ Իսրայէլը՞, չէ՞ որ բոլոր կողմերից թշնամիներով է շրջապատւած… « Դէ գիտէք, չի կարելի Իսրայէլի հետ համեմատւել, նրա թիկունքին ԱՄՆ-ն է կանգնած…»։ Եւ այսպէս շարունակ։

Մասնագիտութեան բերումով ԽՍՀՄ տարիներին շատ եմ շրջել տարբեր Հանրապետութիւններով, շփւել տարբեր ազգերի հետ։ Հետաքրքրական բացայայտիչներ եմ պարզել այդ շփումների արդիւնքում։ Այսպէս, մերձբալթեան ազգերն ու մեր հարեւան վրացիները չէին համարում, որ ԽՍՀՄ-ը յաւէրժ է, եւ նոյնիսկ նրանց կոմունիստական, մտաւորական վերնախաւը, իրենց հաւատարմութիւնը յայտնելով մարքսիզմ-լենինինզմի սկզբունքներին, հնարաւորինս վարում էին ինքնուրոյն քաղաքականութիւն։ Իհարկէ Մոսկւան կը ցանկանար, որ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները աստիճանաբար ուծացւէին, բայց հաստատ Մոսկւան չէր ստիպում, որ Խորհրդային Հայաստանում ազգութեամբ հայ երեխաները համատարած սովորէին ռուսական դպրոցներում (արդէն 70-ականներից շատ հայկական դպրոցներ աշակերտների համալրման խնդիրներ ունէին), ի տարբերութիւն վերը նշւած ազգերի։ Կամ Հայաստանի պէս փոքր Հանրապետութիւնում, հետեւել ԽՍՀՄ ընդհանուր գիգանտոմանիայի միտումին եւ Երեւանը դարձնել միլիոնանոց մայրաքաղաք, անտեսելով այլ քաղաքների եւ շրջանների հաւասարաչափ զարգացումը, ի տարբերութիւն մերձբալթեան երկրների։ Ինչպէս մեր կոմունիստական, մտաւորական վերնախաւը, այնպէս էլ հասարակութիւնը չէր պատկերացնում Խորհրդային Հայաստանը, որպէս առանձին, թէկուզ ոչ անկախ սուբիեկտ, այլ ԽՍՀՄ անծայրածիր տարածքի անբաժան մաս։ Կարելի է այլ օրինակներ նոյնպէս բերել, օրինակ ՝ Հայաստանի տեղանունները, անձնանուններն ու ազգանունները եւ այլն, էլի ի տարբերութիւն այլ Հանրապետութիւնների։ Կարծում եմ՝ այս ամէնի պատճառը պետական մտածողութեան բացակայութիւնն է։ Մեր կոմունիստամտաւորական վերնախաւը, չունենալով պետական մտածողութիւն, շատ հայրենասէր էր։ Հայրենասիրութիւնն արտայայտւում էր Ցեղասպանութեան մասին անվերջ ստեղծագործելով, Արարատ լեռան կենացը խմելով, ԽՍՀՄ ժողովուրդների անխախտ դաշինքը գովերգելով, իհարկէ չմոռանալով զաւակներին ռուսական դպրոց տալ։ Իսկ պետական մտածողութիւնը ազգային արժանապատւութեան հարց է։ Այս հոգեբանութեամբ էլ 1990 թ. մայիսին, դեռեւս Խորհրդային Հայաստանում տեղի ունեցաւ իշխանափոխութիւն։ Չնայած ՀՀՇ-ի ծրագրի անկախութեան մասին հռչակագրային դրոյթների եւ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացւած անկախութեան հանրաքւէի, իրականում Հայաստանն, ինչպէս միւս Հանրապետութիւնները, անկախացաւ 1991թ. դեկտեմբերի 8-ին Բելովեժեան համաձայնագրի արդիւնքում։ Ինչեւէ, ինչպէս ԽՍՀՄ այլ Հանրապետութիւնները, այնպէս էլ Հայաստանը որպէս պետութիւն ճանաչւեց եւ դարձաւ ՄԱԿ-ի անդամ։

Այսօր արդէն 27 տարւայ պետութիւն ենք, բայց արդեօ՞ք այս տարիների ընթացքում մեր քաղաքական, մտաւորական, փիլիսոփայական միտքն աշխատել է պետութիւն կառուցելու, այն հզօրացնելու, այն է՝ արդիւնաւէտ պետական ինստիտուտներ ստեղծելու, տնտեսական զարգացման հայեցակարգ ունենալու, թէ՞ միայն իշխանութեան հասնելու եւ ամէն գնով այն պահելու ուղղութեամբ։ Եւ արդեօ՞ք նոյն ուղիով չենք շարժւում նաեւ այժմ՝ յեղափոխութիւնից յետոյ։ Այսպէս, արդէն 1991թ. ընդունւեց ՀՀ նախագահի մասին օրէնքը՝ ամրապնդելու համար Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութիւնը։

Համարեայ բառացի յիշում եմ այդ օրէնքի ընդունման անհրաժեշտութեան մասին նրա հեռուստատեսային ելոյթը, որի իմաստը հետեւեալն էր. ԽՍՀՄ-ում առկայ էին կառավարման տարբեր մարմիններ՝ Գերագոյն խորհուրդ, կառավարութիւն, դատարաններ, տեղական ինքնակառավարում եւ այլն։ Բայց նրանց բնականոն աշխատանքի արդիւնաւէտութիւնը ապահովում էր Կոմկուսը, կատարելով ցեմենտողի դեր։ Այժմ երբ Կոմկուսի ղեկավար դերը վերացել է, մեզ անհրաժեշտ է նոր մարմին, որը կը կատարի այդ նոյն ցեմենտողի դերը։

Դրանով իսկ ի չիք արւեց իրաւական պետութիւն հասկացութիւնը (երբ ոչ թէ ցեմենտն է կարգաւորում ինստիտուտների յարաբերութիւնները, այլ օրէնքը), իշխանութեան տարանջատման սկզբունքը, պետական ինստիտուտների զարգացումը, դրանց տալով զուտ ձեւական բնոյթ։ Արդէն 1995 թ. պարտադրւած Սահմանադրութիւնը լուծում էր ոչ թէ պետական կառոյցների, այն է՝ պետութեան զարգացման հայեցակարգ, այլ ընդամէնը սեփական իշխանութեան ամրապնդման։ Նշւած Սահմանադրութեամբ էլ (չեմ խօսում կեղծւած ընտրութիւնների մասին), իշխանութեան խաղաղ փոխանցումը (ընտրութիւնների միջոցով), այն է՝ պետականութեան ամրապնդումն ու շարունակականութիւնը դարձաւ անհնարին։

1998 թ. պալատական յեղաշրջման արդիւնքում գալով իշխանութեան, Ռոբերտ Քոչարեանը, նմանատիպ հնարաւոր սցենարից (երբ միապետի դէմ միաւորւում են ուժային կառոյցները) իրեն ապահովելու համար, 2002 թ. լուծարեց Ազգային անվտանգութեան եւ Ներքին գործերի նախարարութիւնները, դրանք դարձնելով Նախագահին կից ծառայութիւններ, այն է՝ անձնական գւարդիաներ, նոյնպէս լուծելով իշխանութեան, ոչ թէ պետութեան խնդիր։ Սերժ Սարգսեանը էլ աւելի «կատարելագործեց» իշխանութեան ամրապնդման հայեցակարգը, ստեղծելով միասնական Քննչական կոմիտէ, հետագայում յատուկ քննչական ծառայութիւն, որոնք յամարւելով «անկախ», իրականում ուղիղ նախագահից կախւածութեան մէջ էին։ Երկու անգամ դառնալով նախագահ՝ Սերժ Սարգսեանը 2013 թ. սեփական իշխանութիւնը երկարացնելու նպատակով, ձեռնամուխ եղաւ նոր սահմանադրութեան (սահմանադրական փոփոխութիւնների) պարտադրմանը։ Արդիւնքում խեղաթիւրւեց խորհրդարանական կառավարման գաղափարը եւ ունեցանք նոյն նախագահի լիազօրութիւններով օժտւած վարչապետի պաշտօն, որի ենթակայութեան տակ են եւ որի հրամաններն են կատարում Ոստիկանութիւնը, Ազգային անվտանգութիւնը եւ քննչական մարմինները։

Ինչպէս 1998 թ. յեղաշրջման արդիւնքում միապետական համակարգը փոխանցւեց Լեւոն Տէր-Պետրոսեանից Ռոբերտ Քոչարեանին, այնպէս էլ 2018 թ. Սերժ Սարգսեանի համար ստեղծւած սուպերվարչապետի պաշտօնը, յեղափոխութեան արդիւնքում ժառանգութիւն անցաւ Նիկոլ Փաշինեանին։ Մինչեւ մայիսի 8-ը վարչապետի լիազորություններ ստանձնելը, Նիկոլ Փաշինյանն ուներ միայն հանրութեան զգալի մասի աջակցութիւնը։ Ընտրւելով վարչապետ, այս ամիսների ընթացքում օգտագործելով սուպեր լիազօրութիւնները, նա արդէն, նոյնիսկ մինչեւ դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրութիւնները, ունի եթէ ոչ անվերահսկելի, գոնէ ահռելի իշխանութիւն։ Ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ յատկապէս ընտրութիւններից յետոյ, երբ վերջնականապէս կամրապնդւի Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը, նա կամովին կը գնայ վարչապետի լիազօրութիւնների սահմանափակմանը, փոխարէնը՝ ամրապնդելուվ պետական ինստիտուտների գործառոյթները։ Յամենայն դէպս , անձամբ ես համաշխարհային պատմութեան մէջ այդպիսի դէպք չեմ յիշում, երբ առանց հասարակական պահանջի եւ պարտադրման, իշխանութիւնը կամաւոր զիջումների է գնում, դրանով իսկ սահմանափակելով սեփական իշխանութիւնը, հնարաւոր դարձնելով իշխանութեան փոփոխութիւնը։

Պատահակա՞ն է, արդեօք, ՔՊ-ի ականաւոր անդամ Ալէն Սիմոնեանի երկու օր առաջ արած յայտարարութիւնը. «ՔՊ-ն առնւազն տասը տարի լինելու է իշխանութեան»։ Յիշեցի ժամանակին Վանօ Սիրադեղեանի՝ «Մեր դէմ խաղ չկայ, մի տասը տարի յետոյ կարող է դառնանք ընդդիմադիր», այնուհետեւ Էդուարդ Շարմանազովի՝ «Դեռ երկար ժամանակ վարչապետի թեկնածուն պէտք է անցնի Մելիք-Ադամեանով» խօսքերը։

Ընտրութիւններից յետոյ կը լինե՞ն արդեօք սահմանադրական փոփոխութիւններ, ապահովելու իշխանութիւնների իրական տարանջատում, ողջ դատաիրաւական համակարգի անկախութիւն եւ պառլամենտական եւ քաղաքացիական վերահսկողութիւն, տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրոյնութիւն, թէ՞ «դեռ ժամանակը չի, հակայեղափոխութեան վտանգ կայ, պատերազմը դեռ չի աւարտւել, մեզ ուժեղ ձեռք է պէտք եւ այլն»։

 Կամ որոշ ժամանակ անց, օրինակ մէկ տարուց, նախաձեռնւի սահմանադրական փոփոխութիւններ, այս անգամ նորից վերադառնալով նախագահական (միապետական) համակարգին, եւ իշխանամերձ քաղաքագէտները դէմքի խելօք արտայայտութեամբ մեզ կը բացատրեն « Հայաստանում կուսակցութիւնները կայացած չեն, այս անցումային շրջանում մեզ անհրաժեշտ է ուժեղ կառավարում։ ԱՊՀ, ԵՒՐԱՍԻԱ, ՀԱՊԿ երկրներում նախագահական կառավարում է եւ ճիշտ կը լինի մենք էլ անցնենք նախագահական կառավարման։ Ղարաբաղի բանակցութիւններում Փաշինեանին անհրաժեշտ է ուժեղ մանդատ։ Բռնապետութիւնից ժողովրդավարութիւնն անցնում է աւտորիտարիզմով եւ այլն»։ Եւ հերթական անգամ կունենանք իշխանութեան, եւ ոչ թէ պետական կառոյցների ամրապնդման հարց։

Հարց է, ի՞նչպէս կը պահի իրեն հասարակութիւնն ընտրութիւններից յետոյ։ Կը պահանջի՞ արդեօք Նիկոլ Փաշինեանից իրականացնել բարեփոխումներ, սահմանափակելով սեփական իշխանութիւնը եւ զարգացնելով պետական կառոյցները, թէ՞ «Թողնենք թող աշխատեն»։ Դրանից է մեծապէս կախւած, ի վերջոյ կը կարողանանք դնել իրաւական պետութեան հիմքերը, թէ՞ կը շարունակենք մնալ որպէս «չկայացած պետութիւն»։

Ի դէպ, հիմնականում նոյն իշխանութեան եւ ոչ թէ պետական տրամաբանութեամբ են մտածում նաեւ 90-ականներից սկսած հայաստանեան ընդդիմադիր ուժերը։ Ընտրութիւնների ժամանակ հիմնական հռետորաբանութիւնը եղել է « …Ազատւենք սրիկաներից, մենք գիտենք ինչ ենք անելու, աւազակապետութիւն եւ այլն»։ Իսկ թէ ինչպիսի պետական կառավարման համակարգ պէտք է կառուցել… Այսինքն համակարգը լաւն է, իշխանութիւնը՝ վատ։ Մենք գանք՝ լաւ կը լինի (իհարկէ՝ իրենց համար)։ Յիշում եմ 2008 թ. Լեւոն Տէր-Պետրոսեանի աջակիցներից մէկի հետ իմ զրոյցը։ Երբ նրան յիշեցրի, որ Լեւոն Տէր-Պետրոսեանի 1995 թ. սահմանադրութեամբ ոչնչացւեց դատական իշխանութիւնը, դատաւորներին նշանակում եւ հեռացնում էր ՀՀ նախագահը, նա հակադարձեց. «Շատ ճիշտ է եղել, պէտք է լաւ նախագահ լինի, որ լաւ դատաւորներ նշանակի»։

Հայաստանեան քաղաքական ուժերին եւ գործիչներին յատուկ է նաեւ, իմ կարծիքով, շատ արհեստական գաղափարախօսութիւն։ Նրանք իրականում ոչ աջ են, ոչ ձախ, ոչ ազգայնական, ոչ էլ պահպանողական, այլ ռուսամէտ, արեւմտամէտ, կամ հայամէտ (՞) ։ Արեւմտամետների ծրագիրը ոչ թէ Հայաստանում եւրոպական մոդելի պետական կառավարման համակարգ կառուցելուն ուղղւած բարեփոխումներն են, այլ Հայաստանի անդամակցութիւնը Եւրոմիութեանը եւ ՆԱՏՕ-ին։ Մանկական լեզւով ասած Ռուսաստանը ՝ քըխ, արեւմուտքը՝ պուպուշ։

Իրականում նրանց ոչ այնքան հետաքրքրում են նոյն եւրոպական արժէքները, որքան նոր, աւելի հարուստ, քաղաքակիրթ տիրոջ փնտրտուքը։ Այս նոյն հոգեբանութեամբ հայ քաղաքական միտքը, 19-րդ դարում դնում էր ոչ թէ պետութեան, այլ առաւել քաղաքակիրթ տիրոջ հարցը։ Այն ժամանակ էլ Ռուսաստանն աւելի քաղաքակիրթ տէր էր, քան Պարսկաստանը, յետոյ՝ Թուրքիան։ Եւ իսկապէս գուցէ այդպէս էր։ 

Քաղաքական ուժերը պէտք է կոնսենսուսի գան պետութեան կառուցման, զարգացման, հզօրացման հարցում, որն ի դէպ ծանր, հետեւողական աշխատանք է՝ հսկայական ուժերի լարում պահանջող։ Այն ներառում է ոչ միայն պետական կառոյցների ամրապնդումն ու զարգացումը, այլեւ տնտեսական զարգացման հայեցակարգը, եւ ամենակարեւորը՝ պետական անվտանգութեան հարցի լուծումը սեփական ուժերով։ Միայն դրանից յետոյ է հնարաւոր ունենալ իրական դաշնակիցներ, այլ ոչ թէ ընկնել լաւ հովանաւորների փնտրտուքների գիրկը (լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, թէ Արեւմուտքը)։

Հայաստանի անվտանգութեան հարցը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը չէ, այլ հզօր, մրցունակ պետութեան կառուցումը։ Այդ պարագայում տարբեր երկրներին խնդրելու, տեղի քաղաքական գործիչներին «լոբբինգ» անելու կարիք այլեւս չի լինի։ Բոլոր պետութիւններն առանց մեր խնդրանքի, մեզ յարգելով այն կընդունեն։ Իսրայէլն իր անվտանգութեան յոյսը միջազգայնօրէն ճանաչւած Հոլոքոստի վրայ չի դնում, այլ ուժեղ պաշտպանութեան։ Իսկ այս 27 տարիների ընթացքում միայն իշխանութեան համար հայեցակարգը բերեց համատարած կոռուպցիայի, սեփականաշնորհւեցին եւ մսխւեցին ԽՍՀՄ-ից մնացած հարստութիւնը, պատճառաբանելով խորհրդային արդիւնաբերութեան միջազգային շուկայում ոչ մրցակցային, հնացած լինելը։

Հետաքրքիր է, պատերազմող Հայաստանում հնարաւոր չէ՞ր արդեօք այդ արտադրական գործարանները վերազինել ռազմարդիւնաբերականների, չէ՞ որ 2016 թ. ապրիլյան պատերազմում մեկ է կռւում էինք 80-ականների զենքերով։ ՀԱՊԿ-ի մեր դաշնակից Բելառուսը, որ «Պոլոնեզ» ժամանակակից, մահաբեր զէնք է վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին։ Արդ, ո՞ր թւականների հիմքի վրայ է կառուցւած Բելոռուսի ռազմարդիւնաբերութիւնը։ 27 տարւայ պատերազմող Հայաստանը 200 մլն. դոլար գումար չունի զէնք գնելու եւ այն վարկով է ձեւակերպում ու քննադատում Ռուսաստանին զէնքի խմբականակներն ուշացնելու համար։ Բայց պատերազմող Հայաստանում վեր են խոյանում շքեղ դղեակներն ու քանդուքարափ փողոցներով ու միջպետական ճանապարհներով սլանում շքեղ ծառայողական մեքենաները։ Տպաւորութիւնն այնպիսին է, որ մեզ թւում է, որ ռուսամէտների համար ռուսները, արեւմտամէտների համար ամերիկացիները, ֆրանսիացիները, հոլանդացիները իրենց զաւակներին պէտք է ուղարկեն Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու, անհրաժեշտութեան դէպքում Հայաստանի համար զոհւելու համար, քանի որ մենք հայեր ենք, առաջին քրիստոնեայ ազգն ենք, շրջապատւած ենք թշնամիներով եւ Ցեղասպանութիւն ենք տեսել։ Իսկ մե՞նք։ Իսկ մենք երկիրը թալանենք, ռաբիսի կերկերուն հնչիւնների տակ քեֆեր անենք, հայրենասիրական երգեր երգենք եւ նրանց բոլորին «հարիֆներ» համարենք։

Առաջիկայում կը ձեւաւորւի՞ արդեօք պետութեան կառուցման, այլ ոչ թէ միայն իշխանութեան նպատակ ունեցող քաղաքական վերնախաւ եւ հասարակութիւն։ Այսօրւայ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում յուսամ դեռ վերջնականապէս չենք ուշացել։ Գուցէ սա վերջին հնարաւորութիւնն է։

 

Յ.Գ.- Առաջիկայ արտահերթ ընտրութըւններին մասնակցող քաղաքական ուժերը կը ներկայացնե՞ն արդեօք պետական կառավարման հայեցակարգ, թէ՞ ինչպէս միշտ, «մենք աւելի լաւն ենք, ես ձեր ցաւը տանեմ եւ այլն»։

«hetq.am»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։