Հա

Քաղաքական

06/11/2018 - 13:00

«Մեր գործընկերները պէտք է ընկալեն Հայաստանի խոցելիութիւնը». Նազարեանը՝ Իրանի դէմ պատժամիջոցների մասին

Իրանի նկատմամբ սահմանւած միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է Հայաստանի համար: Այս մասին ՀՀ ԱԺ-ում 2019 թւականի բիւջէի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտօնակատար Կարէն Նազարեանը` ի պատասխան «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանի խնդրանքին` անդրադառնալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի յայտարարութեանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերեալ: 

«alikonline.ir»- Իրանի նկատմամբ սահմանւած միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է Հայաստանի համար: Այս մասին ՀՀ ԱԺ-ում 2019 թւականի բիւջէի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտօնակատար Կարէն Նազարեանը` ի պատասխան «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանի խնդրանքին` անդրադառնալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնի յայտարարութեանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերեալ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Զոհրաբեանը հետաքրքրւեց` տարածաշրջանի երկրների կողմից համարժէք արձագանք կա՞յ, որովհետեւ քաղաքական վերլուծաբաններին մտահոգում է` եթէ արձագանքը  ճշգրիտ չլինի, դա կարող է յանգեցնել Հայաստանի «կղզիացմանը»:  

Նազարեանի խօսքով` Հայաստանը մշտապէս լիակատար աջակցութիւն է ցուցաբերել համատեղ գործողութիւնների, ծրագրերի իրականացմանը, որոնք կնքւել են  Իրանի եւ գործընկեր պետութիւնների հետ: «Մեզ համար կարեւոր է, որպէսզի շարունակւեն բարիդրացիական յարաբերութիւնները մեր հարեւան երկրի հետ: Այս առումով ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է իր կարեւորագոյն առաքելութիւնը, այն է `գործընկեր պետութիւնների հետ իրականացնում է թափանցիկ քննարկումներ` կարեւորելով Հայաստան-Իրան յարաբերութիւնները մի կողմից, միւս գործընկեր պետութիւնների հետ յարաբերութիւնները`միւս կողմից»,- ասաց նա:

Ըստ Նազարեանի` Բոլթոնի այցի մասին շատ է խօսւել, եւ այդ այցը առիթ էր մեզ համար ամենաբարձր մակարդակով վերհանելու տարածաշրջանային զարգացմանը միտւած խնդիրները, նաեւ լսելի դարձնելու մեր մօտեցումներն այն մարտահրաւէրների առնչութեամբ, որոնք ծառացած են մեր պետութեան առջեւ:  

«Ծառուկեան» խմբակցութեան մէկ այլ պատգամաւոր` Միքայէլ Մելքումեանը, նշեց, որ յայտնի է` Հայաստանը եւ Իրանը ապրանքափոխանակման պայմանագիր ունեն` գազ` էլեկտրաէներգիայի դիմաց: «Ադրբեջանը դադարեցրել է մօտ 2 մլրդ. խորանարդ մետր գազի ձեռք բերումը Իրանից: Ի՞նչ էք կարծում, որո՞նք են այն ռիսկերը, որ կարող են վերաբերել այդ ապրանքափոխանակման պայմանագրին, այդ սանկցիաները կարո՞ղ են խանգարել դրան»,- հարցրեց պատգամաւորը:

Նազարեանը պատասխանեց, որ այս պահին ուշադրութեամբ հետեւում են Իրանի ուղղութեամբ զարգացող իրադարձութիւններին, մշտապէս կապի մէջ են Իրանի գործընկերների հետ: «Այո, 2008 թւականից ի վեր իրականացնում ենք «գազ` էլեկտրականութեան դիմաց» գործարքը, որից ոգեւորւած են մեր եւրոպացի գործընկերները: Նրանք էլ են փորձում նման գործարք կնքել: Լինելով փոքր երկիր` կարողանում ենք արտահանել մեր դրական փորձը: Մենք մշտապէս հաւատարիմ ենք եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին, սակայն, միւս կողմից, էական է, որ մեր գործընկերները առաւելագոյնս ընկալեն այն խոցելիութիւնը, որը բաժին է հասել Հայաստանին` որպէս դէպի ծով չունեցող երկիր: Ես յոյս ունեմ, որ բաց, թափանցիկ յարաբերութիւնների շնորհիւ վտանգ չի լինի մեր հարեւան երկրներին»,- ասաց նա:

Մելքումեանն էլ հետաքրքրւեց Հայաստան-Իրան երկաթուղու ճակատագրով: «Մենք տարիներ շարունակ խօսում ենք Իրան-Հայաստան երկաթուղու մասին: Այսօր Ադրբեջանը կառուցում է երկաթուղի: Երբ կայ «կղզիացման» վտանգ մեզ համար, առաջիկայ 10 տարում Հայաստան-Իրան երկաթուղու պրոյեկտը հնարաւո՞ր է սկսւի, թէ՞ ոչ»,- հարցրեց նա:

Նազարեանը պատասխանեց, որ իր համար դժւար է կանխատեսել, թէ երբ կը կառուցւի երկաթուղին, սակայն, ըստ նրա, հարցը օրակարգային է: «Մեր փորձագէտները գտնում են, որ կայ կենսունակութեան խնդիր, պէտք է ապաւինենք մեր մասնագետների փորձառութեանը եւ տեսակէտներին»,- ասաց Նազարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։