Հա

Քաղաքական

06/11/2018 - 08:50

Ստեփանակերտը մերժում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու Բաքւի առաջարկը

Պաշտօնական Ստեփանակերտը մերժում է Բաքւի՝ երկու կողմում գտնւող գերիներին եւ ձերբակալւած անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկը:

«alikonline.ir» - Պաշտօնական Ստեփանակերտը մերժում է Բաքւի՝ երկու կողմում գտնւող գերիներին եւ ձերբակալւած անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկը:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դաւիթ Բաբայեանն «Ազատութեան» հետ զրոյցում պնդեց, որ իրենք չեն կարող հաւասար հարթութեան մէջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք հայկական կողմում լուրջ յանցագործութիւն են կատարել, եւ հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ․- «Իհարկէ համաձայն չենք, որ ընդհանրապէս այդ կատեգորիաները մէկը միւսի հետ փոխարինելու, որովհետեւ դրանք անփոխարինելի են: Ահաբեկիչն ու մարդասպանը պիտի իր պատիժը կրի, եւ նրան չենք փոխանակելու մենք: Ինչ վերաբերում է այլ կատեգորիաներին, նախ եւ առաջ էդպիսի դիմում պէտք է լինի, եւ մենք պիտի տեսնենք, թէ ում կարելի է ում հետ փոխել՝ եթէ կան համահաւասար կատեգորիաներ: Չեմ խօսում յանցագործների մասին եւ դիւերսանտների եւ ահաբեկիչների»:

Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան տւեալներով, Ադրբեջանում այս պահին երեք հայեր են պահւում՝ Արսէն Բաղդասարեանը, Կարէն Ղազարեանը, Զաւէն Կարապետեանը, որոնց պաշտօնական Բաքուն համարում է դիւերսանտ՝ մեղադրելով պատերազմական յանցագործութիւնների մէջ: Նրանք Ադրբեջանում երկարատեւ ազատազրկման են դատապարտւած: Հայկական կողմը հերքում է ադրբեջանցիների պնդումները:

Հայկական կողմում եւս երեք ադրբեջանցի է պահւում: Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը ձերբակալւել են 2014 թւականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղեան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիեւին՝ 22 տարւայ ազատազրկման՝ մեղաւոր ճանաչելով մի շարք ծանր յանցանքներում (սպանութեան, առեւանգման, լրտեսութեան, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու մէջ)։

Հայկական կողմում գտնւող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսէյնզադէն է, նա ձերբակալւել է անցեալ տարի Լեռնային Ղարաբաղի Թալիշ գիւղի ուղղութեամբ: Պաշտօնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թւականին ծնւած Հուսէյնզադէն ադրբեջանական բանակի զինծառայող է եւ ձերբակալւել է դիւերսիայի պահին:

Ղարաբաղցի պաշտօնեան շեշտում է, որ իրենք դէմ չեն գերիների փոխանակմանը, բայց ո՛չ Բաքւի հնչեցրած տարբերակով։

Ըստ Բաբայեանի, անցած տարիներին Ադրբեջանը կոպտօրէն խախտել է նրանց իրաւունքները․- «Այդ մարդկանց փոխարինելուց առաջ․․․․ Ադրբեջանը, դուք գիտէք, հագցնում է նրանց զինւորական հագուստ, որը նոյնիսկ Ադրբեջանի բանակին է պատկանում, ցոյց է տալիս հեռուստատեսութեամբ, որը խստիւ արգելւած է կոնւենցիաներով: Առաւել եւս անթոյլատրելի է, որպէսզի նրանց օգտագործեն քաղաքական շահարկումների նպատակով: Իսկ այդ մարդկանց նաեւ ստիպում էին, որպէսզի Արցախի եւ Հայաստանի նկատմամբ վատ բաներ խօսեն: Հիմա փաստօրէն ստացւում է, որ նա վերադարձնում է այն ակնկալիքով, որ էդ մարդիկ պէտք է ստեղ դատւեն: Անմարդկային մօտեցում»:

Գերիների թեման վերջին օրերին բաւականին ակտիւօրէն արծարծւում է ադրբեջանական լրատւամիջոցներում: Նախօրէին հարցին անդրադարձել է նաեւ Ադրբեջանի պետական անվտանգութեան ծառայութեան ղեկավար Մադաթ Գուլիեւը՝ յայտարարելով, թէ ադրբեջանցի գերիները թիւը հայկական կողմում 871 է: Աւելին՝ ինչպէս ադրբեջանցի պաշտօնեան է ասել, «նրանց փորձում են համոզել, որ Ադրբեջան պետութիւն այլեւս գոյութիւն չունի եւ որ իբր Ադրբեջանը ամբողջութեամբ գտնւում է Հայաստանի վերահսկողութեան տակ»:

Հայաստանի պաշտպանութեան նախարարի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը ցնորք է որակում այս վիճակագրութիւնը․- «Ադրբեջանը, իմ կարծիքով, չի գնում նրան, որ առանց նախապայմանների փոխանցի մեր այնտեղ գտնւած ռազմագերիներին: Նա ուլտիմատումա ներկայացնում, ինչ-որ ցնորւած թւերա ներկայացնում, ինչ-որ անյայտ մարդկանց անուններա ներկայացնում եւ նախապայմաններա առաջ քաշում, ինչը անընդունելի է տւեալ դէպքում»:

Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող Կարէն Ղազարեանի իրաւունքների երաշխաւորման եւ նրան Հայաստան վերադարձելու հարցում աջակցութեան նպատակով օրերս դիմել է ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն հանձնակատարին եւ Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատարին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։