Հա

Քաղաքական

12/11/2018 - 11:20

«21-րդ դարում անընդունելի է ինքնորոշման իրաւունքը վերածել կենսաբանական սպառնալիքի». Ն. Փաշինեանը ելոյթ է ունեցել «Փարիզի խաղաղութեան համաժողովի» շրջանակում

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինենաը երէկ՝ նոյեմբերի 11-ին մասնակցել է «Փարիզի խաղաղութեան համաժողով»-ի աշխատանքներին: Ֆորումն անցկացւում է Առաջին աշխարհամարտում կնքւած զինադադարի 100-ամեակին նւիրւած միջոցառումների շրջանակում:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինենաը երէկ՝ նոյեմբերի 11-ին մասնակցել է «Փարիզի խաղաղութեան համաժողով»-ի աշխատանքներին: Ֆորումն անցկացւում է Առաջին աշխարհամարտում կնքւած զինադադարի 100-ամեակին նւիրւած միջոցառումների շրջանակում:

Նիկոլ Փաշինեանը համաժողովի շրջանակում  հանդէս է եկել ելոյթով, որում մասնաւորապէս անդրադարձել է ժողովրդների ինքնորոշման իրաւունքին, նշելով որ 21-րդ դարում անընդունելի է ինքնորոշման իրաւունքը վերածել կենսաբանական սպառնալիքի:

«Առաջին աշխարհամարտի արդիւնքում աշխարհի ժողովուրդներն օրէնքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսեւորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրաւունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան յստակօրէն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարաւորութիւն ստացաւ հանրաքւէ անցկացնել: Ցաւօք, այդ իրաւունքի նկատմամբ մօտեցումն ընտրովի է:

Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամեակներ շարունակւող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռեւս չի ստացել պատշաճ իրաւական լուծում: 21-րդ դարում բացարձակապէս անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը կիրառելու ցանկութիւնը կարող է վերածւել կենսաբանական սպառնալիքի»,- յայտարարել է ՀՀ վարչապետի պաշտօնակատարը:

Ելոյթից յետոյ Նիկոլ Փաշինեանը խորհրդանշական գիրք է յանձնել «Խաղաղութեան գրադարանին»`պատմաբան Հայկ Դեմոյեանի «Հայոց Ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։