Հա

Քաղաքական

12/11/2018 - 14:10

Ի՞նչ պէտք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչութիւն է իրականացնում Իրանի դէմ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք յայտարարութիւններ էր արել, որոնք տագնապալի էին Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւնների առումով։ ԱՄՆ-ի պատժամիջոցներն արդէն գործում են, եւ այդ պայմաններում Հայաստանը ստիպւած է միաժամանակ ճկուն եւ ոչ երկիմաստ քաղաքականութիւն վարել։ Իրանի հետ բարեկամութիւնը վտանգելն անթոյլատրելի է։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք յայտարարութիւններ էր արել, որոնք տագնապալի էին Հայաստանի եւ Իրանի բարեկամական յարաբերութիւնների առումով։ ԱՄՆ-ի պատժամիջոցներն արդէն գործում են, եւ այդ պայմաններում Հայաստանը ստիպւած է միաժամանակ ճկուն եւ ոչ երկիմաստ քաղաքականութիւն վարել։ Իրանի հետ բարեկամութիւնը վտանգելն անթոյլատրելի է։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Իրանի հետ յարաբերութիւնները Հայաստանի համար կարեւոր են ցանկացած քաղաքական դասաւորութեան դէպքում՝ չնայած երկու երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակին։ Իրանի վրայ ճնշում գործադրելու ամերիկեան պատրաստակամութիւնը որոշակի տագնապ է առաջացրել Հայաստանում։

Ամերիկեան իշխող վերնախաւի կիրառած տնտեսական ահաբեկչութիւնը նորութիւն չէ, բայց այլ բան է, որ այդ փորձւած զէնքը վերջին շրջանում կիրառւում է ցանկացած պատճառով եւ առանց պատճառի, եւ աշխարհում ոչ ոք ապահովագրւած չէ, որ վաղը միջազգային յարաբերութիւններում պետական կամայականութեան այդ ձեւը չի օգտագործւի իր դէմ։

Եւ դրա համար պատճառներ պէտք չեն։ Օրինակ` Վաշինգտոնին կարող է դուր չգալ, որ Իրանն ունի հոգեւոր առաջնորդ, եւ, ինչպէս արտայայտւում են Սպիտակ տանը, «այաթոլաների ռեժիմի տակ» կառուցել է զարգացած տնտեսութիւն, դարձել տարածաշրջանային առաջնորդ եւ համարձակւում է պաշտպանել սեփական շահերը։ Իսկ երբ ինչ-որ երկրի շահերը չեն համընկնում ամերիկեանի հետ, գործի է դրւում ցանկացած միջոցով ճնշում գործադրելու տարբերակը։

Բոլթոնը Իրանին վերաբերեալ բաց տեքստով է յայտարարութիւն արել, ինչն էլ ստիպել է հայ հասարակութեանը մտահոգւել՝ սպասելով Հայաստանի նոր ղեկավարութեան արձագանգին։ Բարեբախտաբար Նիկոլ Փաշինեանը բաւական հասկանալի է արտայայտւել այդ առումով՝ պատասխանելով Բոլթոնի աննրբանկատութեանը։

Հայաստանը մենակ չէ Իրանի վերաբերեալ ամերիկեան քմահաճոյքը չխրախուսելու հարցում։

«Այդ առումով ԱՄՆ-ն չի վայելում միջազգային հանրութեան աջակցութիւնը, այդ թւում՝ Եւրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների։ Երեւում է, որ Թրամփին քիչ են աջակցում անգամ ԱՄՆ-ում»,- ասում է իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը։

Նա կարծում է, որ տարածաշրջանում գործը չի հասնի ռազմական գործողութիւններին՝ չնայած նրան, որ Թեհրանը միանշանակ հասկացնել է տւել, որ եթէ բախւի նաւթի արտահանման խնդիրների, ապա ոչ մէկին թոյլ չի տայ դրա վաճառքով զբաղւել տարածաշրջանում։ Ուստի Իրանի վրայ ճնշումը կը շարունակւի առանց ռազմական ուժ կիրառելու։

Եւ եթէ Վաշինգտոնը հասկանում է Իրանի հետ ռազմական առճակատման վտանգաւոր հետեւանքները եւ արկածախնդրութիւնը, ապա, միւս կողմից, ակնյայտ է, որ Սպիտակ տանը չեն պատկերացնում, թէ ում հետ գործ ունեն։ Գունաւոր յեղափոխութիւններ իրականացնելու համար սովորական «ամերիկեան գործիքները» Իրանի դէպքում, ամենայն հաւանականութեամբ, անօգուտ կը լինեն։ Հազարամեայ պետականութիւն եւ միասնական ազգի գիտակցութիւն ունեցող ժողովրդին չես խաբի տարաբնոյթ պատժամիջոցներով եւ պետութիւններ ոչնչացնելու բաղադրատոմսերով՝ մշակւած Սորոսի մասնագէտների եւ այլ գլոբալ սրիկաների կողմից։

Վաշինգտոնն իր բաղադրատոմսերը համարում է ունիվերսալ, բայց դրանք յաճախ չեն աշխատում։ Դասական օրինակ է Կուբան, որին կանխատեսում էին քաղաքական ընթացքի անխուսափելի փոփոխութիւն ԽՍՀՄ տապալումից յետոյ․ անցել է երեք տասնամեակ, իսկ Կուբան չի մտածում յանձնւել։ Այո, աղքատ են, բայց դա էլ է ամերիկեան քաղաքական ու տնտեսական ահաբեկչութեան հետեւանք։

Առաւել եւս Իրանը։ Նոր իրողութիւնները հաշւի առնելով, քանի դեռ Թրամփը կը շարունակի կամայականութիւններ անել, Հայաստանը կը շարունակի կարեւոր նշանակութիւն ունենալ Իրանի համար, քանի որ միակ երկիրն է, որը կարողացել է այս տարիներին լոեալ մնալ նրա նկատմամբ՝ հաշւի առնելով պատժամիջոցները։ Տօնոյեանի խօսքով՝ դա երաշխաւորում է համագործակցութեան եւ կապերի զարգացման նոր հնարաւորութիւններ։

Վաշինգտոնը, իհարկէ, կը շարունակի ճնշել Հայաստանին, յատկապէս Թրամփի շրջանում, երբ իւրաքանչիւր նոր օրը կարող է անսպասելի, անտրամաբանական եւ անբացատրելի շրջադարձեր բերել։ Ամերիկեան վարչակազմերի անտրամաբանական ու օրէցօր անկանխատեսելի դարձող գործողութիւնների պատասխանը պէտք է լինի սեփական ազգային շահերի գերակայութիւնը գիտակցելը եւ յանուն այդ շահերի գործելը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։