Հա

Քաղաքական

13/11/2018 - 12:30

Հայաստանը լրջօրէն զբաղւում է աւիացիայով. ինչո՞վ են հետաքրքիր շւեդական կործանիչները

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում ասում են, ուր դիտարկում են «JAS-39 Gripen» շւեդական կործանիչների գնման հարցը։

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում ասում են, ուր դիտարկում են «JAS-39 Gripen» շւեդական կործանիչների գնման հարցը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Հայկական ՌՕՈՒ-ի աւիապարկը ապագայում կարող է համալրւել շւեդական «JAS-39 Gripen» կործանիչներով։

Դատելով հայկական լրատւամիջոցներից մէկին տրւած ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մեկնաբանութիւնից` նման քննարկումներ են հիմա ընթանում շւեդական կողմի հետ։ Միաժամանակ գերատեսչութիւնը լրացուցիչ մանրամասներ չի յայտնում, ինչն, ընդհանուր առմամբ, հասկանալի է։ Զինւորականները սովորաբար շատախօս չեն լինում, յատկապէս, երբ խօսքը պաշտպանական գնումների մասին է։

Միաժամանակ, ըստ ամենայնի, հարցը դեռ միայն քննարկումների փուլում է։

Դեռ այս տարւայ ամռանը պաշտպանութեան նոր նախարար Դաւիթ Տօնոյեանը յայտարարել էր բազմաֆունկցիոնալ աւիացիայի ստեղծման անհրաժեշտութեան մասին։

Գերատեսչութիւնում հիմա ասում են, որ քննարկւում է այլ երկրներից կործանիչներ գնելու հարցը։ 

Մինչդեռ նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նոյն Տօնոյեանը, պատասխանելով հարցին, ասաց, որ շւեդական մեքենաների վերաբերեալ ոչ մի որոշում կայացւած չէ։ Նա կոչ արեց չկենտրոնանալ ինչ-որ ենթադրութեան վրայ, քանի որ Հայաստանը դիտարկում է բոլոր առաջարկութիւնները։ Ու որոշումները կայացւում են կախւած զէնքի որակի, գնի ու մատակարարման ժամկէտներից։ Պաշտպանութեան նախարարի պաշտօնակատարը հասկացրեց, որ ընտրութիւնն արդէն արւել է։ Թէ ում օգտին, նա չպարզաբանեց, միայն ասաց, որ ֆինանսական ու տեխնիկական հարցեր են լուծւում։

Հարցը, թէ ինչու են հէնց այս փուլում ուշադրութեան կենտրոնում յայտնւել շւեդական «JAS-39 Gripen» կործանիչները, պարզ է, եւրոպական այլ արտադրողների ռազմական մեքենաների համեմատ դրանք աւելի էժան են։ Ընդ որում` որոշ տւեալների համաձայն, Շւեդիան ինքն է նախաձեռնել այդ քննարկումները։ «JAS-39 Gripen»-ը թեթեւ մէկ շարժիչով կործանիչ է, այն հիմնականում մատակարարւում է փոքր տարածքով երկրներ, քանի որ մեքենայի մարտական շառաւիղը փոքր է։

Ռազմական փորձագէտ Լեւոնիդ Ներսեսեանի խօսքով` այդ ինքնաթիռները գին-որակ լաւ յարաբերակցութիւն ունեն, թէեւ ռուսական տեխնիկայի համեմատ շւեդական մեքենաների գինն աւելի մեծ է։ Փորձագէտը համեմատում է առաջին հերթին ռուսականի հետ, քանի որ նախ Ռուսաստանը զէնքի ու ռազմական տեխնիկայի Հայաստանի հիմնական մատակարարման է, իսկ աւելի վաղ հայ զինւորականները խօսում էին ռուսական «SU-30 SM» կործանիչների ձեռք բերման մասին։

Ներսիսեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց, որ դեռ ստոյգ յայտնի չէ` կոնկրետ ինչ պայմաններ են առաջարկում շւեդները, սակայն դրանք կարող են Ռուսաստանի հետ գործարքի պայմաններից պակաս շահաւէտ լինել։

«Որոշ տեղեկութիւններով` շւեդական կործանիչների դէպքում խօսքը մէկ միաւոր տեխնիկայի դիմաց 55-60 միլիոն եւրոյի մասին է, իսկ ինքնաթիռների մի մասը կարող է մատակարարւել լիզինգային պայմաններով։ Բայց հասկանալի չէ, թէ ինչ է մտնում այդ գումարի մէջ. դատարկ ինքնաթիռը, թէ սպառազինւածը։ Նոյն ռուսական «SU-30 SM»-ն օրինակ, Ղազախստանը ՀԱՊԿ-ի շրջանակում գնել է մէկ միաւորի դիմաց 22 միլիոն դոլարով»,- ասաց Ներսիսեանը։

Ընդ որում` ռուսական կործանիչները շւեդականներից կարգով աւելի բարձր են, դրանք գործողութեան մեծ շառաւիղ ունեն ու աւելի լաւ են զինւած։

Փորձագէտը կասկածում է, որ Հայաստանը կը կարողական երկու մեքենան էլ գնի, ֆինանսական պաշարները թոյլ չեն տալիս։ Ներսիսեանի տեղեկութիւնով` ի սկզբանէ գործարքն առաջարկել է Շւեդիան, այլ ոչ Հայաստանը։

Նրա խօսքով եւ՛ շւեդական «JAS-39 Gripen»-ը, եւ ռուսական «SU-30 SM»-ը գերազանցում են Ադրբեջանի ունեցածներին։ Դա պատասխան է այն հարցին` որքանով են ռազմական այդ մեքենաների համապատասխանում այն խնդիրներին, որոնք կան ղարաբաղեան հակամարտութեան գօտում հայկական բանակի առջեւ։

Բաքում չմոդեռնիզացւած խորհրդային «MIG-29» կործանիչների էսկադրիլիա ունի, որն ըստ էութեան, ադրբեջանական ՌՕՈՒ-ի հիմքն է։ Թէեւ այդ մեքենաները երկու շարժիչ ունեն, սակայն հիմնական չափանիշներով զիջում են շւեդական կործանիչներին, քանի դրանց ե՛ւ էլեկտրոնիկան, ե՛ւ հրթիռները բաւականին հին են։ Դրանք ընդհանրապէս պիտանի չեն բարձր յստակութեան հարւածներ հասցնելու համար, մեքենան զգալիօրէն վատն է բոլոր չափանիշներով։ Քննարկւող կործանիչներից ցանկացածի ձեռքբերումը Հայաստանին օդում Ադրբեջանի համար սպառնալից մրցակցի կը վերածի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։