Հա

Քաղաքական

13/11/2018 - 15:00

Ինչպէ՞ս խօսել հայրենադարձութեան մասին, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ չկայ. Ռուզաննա Առաքելեանի հարցը` Փաշինեանին

ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրութիւն հրաւիրեց հայաստանեան մարզերի եւ գիւղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց:

«alikonline.ir» - ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրութիւն հրաւիրեց հայաստանեան մարզերի եւ գիւղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց: Գրում է «yerkir.am»-ը:

Նա նախ Փաշինեանից հետաքրքրւեց, թէ հայրենադարձութիւն ապահովելու մասին ինչպէ՞ս կարելի է խօսել, եթէ հայրենադարձութեան հայեցակարգ, որպէս այդպիսին, չկայ: «Դուք ուզում էք, որ երիտասարդները վերադառնան եւ օգտւեն ձեր նշած առաքելութիւններից, բայց երիտասարդը դեռ չգիտի` ո՞ւր է գալիս, ի՞նչ է անում…»,- նշեց Առաքելեանը:

Անդրադառնալով նաեւ Փաշինեանի նշած միկրոբիզնեսի գաղափարին` Առաքելեանը հարցրեց` եթէ որեւէ օլիգարխ, որը բիզնես ունի բարձրլեռնային ինչ-որ գիւղում եւ ապրում է Երեւանում, օգտւելու է հարկային` Փաշինեանի նշած արտօնութիւններից, ապա այդ դէպքում ինչպէ՞ս պէտք է վարւել:

Փաշինեանը հերքեց, որ գիւղերում չկան օլիգարխներ: «Եթէ խոշոր բիզնեսը սահմանամերձ շրջանում ներդնում անի, պէտք է խոշոր ներդրում անի, չէ՞: Հակառակ դէպքում ի՞նչ իմաստ ունի գնալ, ներդրում անել` տարեկան 20 միլիոն շրջանառութիւն ապահովելու համար: Հետեւաբար, այդ պայմանը լիարժէք ապահովւած է: Հիմա սահմանամերձ շրջաններում մենք ունենք խոշոր ներդրումներ, որոնք ծառայում են մարզի բնակչութեանը: Օրինակ` «Տաւուշ տեքստիլ» ընկերութիւնը լաւ օրինակ է, որը հարիւրաւոր աշխատատեղեր է ստեղծել եւ այդ պրոցեսը շարունակում է, եւ մենք քաջալերելու ենք, որ շարունակի»,- նշեց նա:

Անդրադառնալով ներգաղթը քաջալերելուն` Փաշինեանն ընդգծեց, որ Հայաստան վերադարձողների համար որոշակի արտօնութիւններ սահմանւել են: «Սակայն այդ դէպքում հարց է ծագում` իսկ այն մարդը, որ ճամպրուկները կապել էր եւ ուզում էր գնալ, մենք նրան ի՞նչ ենք ասում: Ասում ենք` գնա՞յ, մի տարի այնտեղ ապրի, յետոյ արի, այս արտօնութիւններից օգտւի՞: Մեր խնդիրը, մեր մօտեցումը պէտք է լինի երկրի գրաւչութեան բարձրացում, եւ մենք, նաեւ` դուք, նաեւ` բոլորս, նաեւ` շատերը, երկար ժամանակ առաջնորդւել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են: Այստեղ կայ արդարութեան խնդիր, կայ օրինականութեան խնդիր, կայ հնարավւորութիւնների խնդիր, կայ արժանապատւութեան խնդիր: Մենք այսօր, այո, երաշխաւորում ենք, որ որեւէ մէկը որեւէ ուրիշ մէկի ապօրինի կերպով չի կարող ասել` աչքիդ վերեւը ունք կայ: Ով ուզում է լինի: Մենք հաշւարկել ենք` Հայաստանի Հանրապետութիւնում արտագաղթին ինչքան է նպաստում, օրինակ, տարբեր ճնշումների մեխանիզմը` սկսած թաղային հեղինակութիւններից, վերջացրած` իրաւապահ համակարգի կողմից գործող ապօրինութիւններով, տնտեսական գործունէութեան սահմանափակումներով եւ արտօնութիւններով: Մենք այս ամէնը վերացրել ենք ու վերացնում ենք: Հետեւաբար, ներգաղթի կոնցեպտը հետեւեալն է` Հայաստանը պէտք է դառնայ լաւագոյն տեղը ապրելու համար»,- ասաց վարչապետի պաշտօնակատարը:

Արձագանգելով Փաշինեանի ելոյթին` դաշնակցական պատգամաւորը նշեց. «Իմ խորին համոզմամբ` մենք չպիտի ասենք` որն է աւելի լաւ` թոյլ չտանք, որ ապրողներն այս պահին արտագաղթե՞ն, թէ՞ հայրենադարձութիւնը խթանենք: Կարծում եմ`երկուսն էլ շատ կարեւոր են»:

Ըստ Փաշինեանի` հայրենադարձութիւնն այսօր արդեն խթանւում է «Եթէ դուք տեսնեք, թէ ի՞նչ է տեղի ունենում անշարժ գոյքի շուկայում, կը հասկանաք, որ հայրենադարձութիւնը խթանւում է ամէն օր: Մեր երկրում անշարժ գոյքի գներն աճում են, եւ դա նաեւ այն պատճառով, որ բազմաթիւ մեր հայրենակիցներ, որոնք ապրում են արտերկրում, այս օրերին, այո, գալիս են եւ Հայաստանում անշարժ գոյք ձեռք բերում: Գալիս են եւ ներդրումներ են անում, եւ այդ ամէն ինչը լինելու է ներգաղթի շատ կարեւոր պատճառ: Այո, մենք խնդիր պիտի դնենք, եւ ես ուզում եմ ասել, որ  մեր կուսակցութիւնը հիմնադրման օրից իր ծրագրային փաստաթղթում արձանագրել է` առաջիկայ 20 տարւայ ընթացքում բնակչութեան  թիւը պէտք է կրկնապատկել: Այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակութիւն ունի, բայց մենք դա չենք պատկերացնում տեխնիկական ինչ-որ գործողութիւնների արդիւնքում: Մենք հաւատացած ենք եղել, եւ այսօր էլ հաւատում ենք, որ դա երկրի բովանդակային բարեփոխումների արդիւնք պէտք է լինի»,- ասաց վարչապետի պաշտօնակատարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։