Հա

Քաղաքական

14/11/2018 - 12:00

Սպարտակ Սէյրանեան. «Անհրաժեշտ է, որ յեղափոխական տրամաբանութիւնը տեղափոխւի նաեւ բիւջէի ձեւաւորման տրամաբանութեան մէջ»

Հայաստանում սովորութիւն է դարձել ամէն մի նոր բիւջէ կոչել ինչ-որ տերմինով, այս բիւջէն էլ կոչւում է իներցիոն. ՀՀ ԱԺ-ում 2019 թւականի բիւջէի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը: Նա նշեց, որ կառավարութեան նշած տրամաբանութեամբ, բիւջէն, իհարկէ, իներցիոն է, սակայն բիւջէի նախագիծն իներցիոն է նաեւ մի շարք այլ պատճառներով: Պատգամաւորն ասաց, որ ցանկանում է կանգ առնել մի քանի մտահոգութիւնների վրայ, որոնց հետ առաջիկայում կառավարութիւնն անխուսափելիօրէն շփւելու է:

«alikonline.ir» - Հայաստանում սովորութիւն է դարձել ամէն մի նոր բիւջէ կոչել ինչ-որ տերմինով, այս բիւջէն էլ կոչւում է իներցիոն. ՀՀ ԱԺ-ում 2019 թւականի բիւջէի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը: Նա նշեց, որ կառավարութեան նշած տրամաբանութեամբ, բիւջէն, իհարկէ, իներցիոն է, սակայն բիւջէի նախագիծն իներցիոն է նաեւ մի շարք այլ պատճառներով: Պատգամաւորն ասաց, որ ցանկանում է կանգ առնել մի քանի մտահոգութիւնների վրայ, որոնց հետ առաջիկայում կառավարութիւնն անխուսափելիօրէն շփւելու է: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Բիւջէի այս նախագիծն առաջին հերթին իներցիոն է նաեւ իր մեթոդաբանութեան մէջ: Վերջին տարիներին բիւջէները փորձում են մեթոդաբանական երկու խնդիր լուծել` եղածի վրայ հիմնւած բիւջէ, ուզածի վրայ յենւած բիւջէ, այսինքն` բիւջէ, որ ձեւաւորւում է եղած ռեսուրսների վրայ, եւ բիւջէ, որ ձեւաւորւում է տեսլականի ու ցանկութիւնների վրայ: Երկրորդի պարագայում խանգարող մի հանգամանք կայ` չկայ պետութեան տնտեսական կառուցւածքի բնորդը, որի հիման վրայ ցանկացած բիւջէ պէտք է կարողանայ պատասխանել տրամաբանական հարցերի` ծախսերի ուղութիւններն ո՞ւր են տանում, ինչպիսի՞ պետութիւն ենք ուզում ստեղծել եւ այլն: Այսինքն` կառավարութեան բիւջէով պէ՞տք է այդ մոդելը ձեւաւորւի, թէ՞ հակառակը` մոդելը մշակւի, եւ դրա հիման վրայ էլ մշակւեն բիւջէներ»,- ասաց նա:

Սէյրանեանի կարծիքով` միւս իներցիոն հանգամանքը տասնամեակներ շարունակ իրեն խորքի մէջ սպառած եւ շատ ու շատ հարցերի պատասխանը չունենալու պարտադրւած մեթոդաբանութիւնն է: «Սա նոյնպէս իներցիոն տրամաբանութիւն է, որովհետեւ բոլոր բիւջէները կառուցւած են լիբերալ շուկայական տնտեսութեան մեթոդաբանութեան վրայ, կառուցւած են` ինչ-որ իմաստով փորձելով մեղմել սոցիալական արդարութեան խնդիրները: Անշուշտ, կառավարութիւնն իր ծրագրում նշում է, որ շեշտադրում է անելու սոցիալական արդարութեան վրայ, բայց լիբերալ շուկայական տնտեսութեան մէջ սոցիալական արդարութիւնը երբեք առաջնային չի եղել: Հայաստանի նման երկրները չեն կարող իրենց թոյլ տալ այն շռայլութիւնը, որ հաշւի չառնեն սոցիալական արդարութեան խնդիրները, բայց այս բիւջէի մէջ էլ դրանք տեղաւորւել են մի քանի առանձին կէտերով, եւ միայն այն, որ բիւջէի ծախսային մասում ամենախոցելի տեղը սոցիալական ոլորտն է, այդ թւում` կրթութիւն, գիտութիւն, մշակոյթ, այստեղ արդէն ունենում ենք նոյն մեթոդաբանական պրոբլեմը` լիբերալ շուկայական տնտեսութիւն, պետութեան դերի նւազեցում, պետութեան հնարաւորութիւնների եւ կարգաւորիչ դերի շատ կարգաւորիչ տարրերի փոխանցում մասնաւորին, եւ արդիւնքում ունենում ենք այն, ինչ միշտ ունեցել ենք»,- ասաց նա:

Միւս խնդիրը, ըստ պատգամավորի, այն է, որ թէեւ շատ կարեւոր շեշտադրում է կատարւում բիւջէի նախագծի մէջ աշխատանքի խթանման ուղղութեամբ` միկրոտնտեստութեան խրախուսում, բայց դա պէտք է լինի չափելի, իսկ չափելի կարող է լինել այն պարագայում, եթէ ինչ-որ ժամանակ յետոյ հնարաւոր լինի արձանագրել, որ միկրոտնտեսութիւնից ինչ-որ չափով փոխանցում է կատարւել դէպի մանր ու միջին բիզնես: «Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր միկրոտնտեսութիւնները մանր ու միջին կը դառնան, բայց եթէ անցման դինամիկա չնկատւի, նշանակում է, որ աշխատանքի խրախուսումով մենք ընդամենը խրախուսում ենք մի բան, կոպիտ ասած` տուն պահելու ինչ-որ տնտեսութեան զբաղւածութեան տեղեր ենք ստեղծում: Աշխատանքի խնդիր պէտք է տարածել ոչ միայն սովորական բիզնես տրամաբանութեան մէջ, այլեւ պէտք է լինի համապարփակ` արարելու, ստեղծագործելու խրախուսում, եւ ոչ միայն տնտեսութեան ոլորտում, այլեւ կրթութեան, գիտութեան մշակոյթի եւ այլ ոլորտներում: 21-րդ դարում մրցակցութիւնը գնում է ոչ այնքան հումքի ու տեխնոլոգիաների, որքան մտքի ու գաղափարների իմաստով: Այս իմաստով յաղթելու են այն երկրները, որտեղ շեշտադրումն արւում է մարդկային կապիտալի որակի վրայ: Կիրթ, գիտութեամբ հարուստ պետութիւնը կարող է 21-րդ դարի մրցակցային արդի պայմաններում յաղթել, տւեալ երկրի մէջ էլ առաջխաղացում ապահովել իր երկրի համար կարող է ապահովել կիրթ քաղաքացին»,- ընդգծեց նա:

Սէյրանեանը մտահոգիչ համարեց կրթութեան, գիտութեան մշակոյթի ոլորտին բիւջէից յատկացւող գումարները: «Եթէ մենք ամենամեծ ներդրումը չանենք ապագայի մէջ, մենք, այո, գուցէ ունենանք տնտեսութեան զարգացման հեռանկարներ, բայց չենք ունենայ կիրթ հասարակութիւն: Հայաստանի նման երկրները ճակատագրով են դատապարտւած զարգացնել այնպիսի ոլորտներ, որոնք կը համապատասխանեն տարածաշրջանային քաղաքականութեանը` թէ' ռազմատենչ հարեւաններ ունենալու խնդրին, թէ' դեռեւս չաւարտւած պատերազմին, որը կարող է ցանկացած հաշտութեան պայմանագրից յետոյ վերսկսւել: Կարող է ծառայութեան կենտրոն տեղափոխել հայրենի ռազմարդիւնաբերական համալիրի զարգացման տրամաբանութեան մէջ: Ես նկատի չունեմ, որ Հայաստանը սուզանավ կամ «Իսկանդեր» պէտք է արտադրի, այլ այնպիսի ուղղութիւններ, որոնք կարող են օգտագործել բանակի կարիքները` տեղական բոլոր հնարաւոր ռազմարդիւնաբերական համալիրի տարրերով ապահովելով: Սա իր հերթին լուրջ խթան է գիտութեան, ճշգրիտ գիտութեան զարգացման իմաստով: Իմաստ ունի հետագայ գործունեութեան մէջ դիտարկել նաեւ այս ամէնը»,- նշեց պատգամաւորը:

Սէյրանեանը յոյս յայտնեց, որ այս իր տրամաբանութեան մէջ իներցիոն բիւջէն ընդունւելուց յետոյ, ԱԺ ընտրութիւններից յետոյ կառավարութեան յաջորդ բիւջէն երբ լիարժէք ձեւաւորած կը լինի, կներառի այնպիսի տարրեր, որ ամէն անգամ չարձանագրւի, որ փորձում են եղածի մէջ ինչ-որ նոր բարեփոխում իրականացնել: «Անհրաժեշտ է, որ յեղափոխական տրամաբանութիւնը տեղափոխւի նաեւ պետութեան թիւ մէկ ֆինանսական փաստաթղթի` բիւջէի ձեւաւորման տրամաբանութեան մէջ նոյնպէս»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։