Հա

Քաղաքական

14/11/2018 - 13:30

Հայաստանի եւ Իրանի գլխաւոր դատախազները Թեհրանում ստորագրել են երկու երկրների դատախազութիւնների միջեւ համագործակցութեան ծրագիր

Աշխատանքային այցով Իրանում գտնւող Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:  

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Իրանում գտնւող Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխաւոր դատախազութեան հանրային կապերի բաժնից, ողջունելով ՀՀ գլխաւոր դատախազին իր հրաւէրն ընդունելու եւ Իրանում գտնւելու կապակցութեամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի հազարամեակների պատմական ու մշակութային առնչութիւնները, ներկայիս երկու պետութիւնների միջեւ ձեւաւորւած եւ փոխադարձ յարգանքի վրա խարսխւած ջերմ, բարեկամական յարաբերութիւնները փոխադարձ վստահութեան այնպիսի միջավայր են ստեղծում, որը թոյլ է տալիս առկայ իրաւապայմանագրային բազայի հենքի վրայ անկեղծ երկխօսութեան մթնոլորտում քննարկելու դատախազութիւնների միջեւ գործակցութիւնը խորացնելու հեռանկարները, իրաւական փոխօգնութեան ոլորտում, յանցաւորութեան դէմ համատեղ պայքարում առաջացող աշխատանքային խնդիրների լուծման կառուցակարգերն ու միջոցները:

Արթուր Դաւթեանն իր գործընկերոջը շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար եւ համոզւածութիւն յայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազութիւնների միջեւ համագործակցութեան նոր փուլի մեկնարկ կը դառնայ եւ կը նպաստի երկու երկրների իրաւապահ համակարգերի միջեւ համագործակցութեան հետագայ զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են ինչպէս հարեւան երկրների դատախազական համակարգերի միջեւ գործակցութեան հեռանկարներին, այնպէս էլ իրաւական փոխօգնութեան ձեւաւորւած աշխատանքային պրակտիկայի բարելաւմանն ուղղւած կոնկրետ հարցեր: Մասնաւորապէս՝ քննարկւել է Հայաստանում կամ Իրանում քննւող քրէական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ միւս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում գտնւելու դէպքում տեսաձայնային եւ տեխնիկական սարքաւորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարաւորութիւնների ստեղծման հեռանկարը, ինչը կը նպաստի իրաւասու մարմինների կողմից քրէական գործերով օբիեկտիւ եւ բազմակողմանի քննութիւն ապահովելուն, ինչպէս նաեւ երկու պետութիւնների քաղաքացիներին հնարաւորութիւն կը տայ դատավարական կարգավիճակ ունենալու դէպքում առանց տեղափոխման հետ կապւած աւելորդ անյարմարութիւնների արդիւնաւէտ իրացնել իրենց իրաւունքներն ու պարտականութիւնները:

Բացի այդ, գլխաւոր դատախազները քննարկել են նաեւ քրէական գործերով իրաւական օգնութիւն ցոյց տալու մասին միջնորդութիւնների կատարման ժամկէտները հնարաւորինս օպտիմալացնելու հարցը: Նշւել է, որ չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ եւ ԻԻՀ գլխաւոր դատախազների հանդիպումից յետոյ այս բնագաւառում արձանագրւել է դրական տեղաշարժ, սակայն առկայ է վերջինս աւելի արագացնելու անհրաժեշտութիւն:

Քննարկւած հարցերի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանաւորւածութիւններ:

Հանդիպման արդիւնքում Արթուր Դաւթեանը եւ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին ստորագրել են ՀՀ եւ ԻԻՀ գլխաւոր դատախազութիւնների միջեւ 2019-2020 թւականների համագործակցութեան ծրագիր, որով նախատեսւում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երեւանում եւ Թեհրանում: Դրանք վերաբերում են յանձնման եւ քրէական գործերով իրաւական օգնութեան ցուցաբերման բնագաւառում համագործակցութեան գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան, ինչպէս նաեւ ապօրինի սահմանահատումների եւ ապօրինի միգրացիայի դէպքերով յարուցւած քրէական գործերի քննութիւնների, յանցագործութիւնների արդիւնքում ստացւած ակտիւների յայտնաբերման,  առգրաւման, բռնագրաւման եւ արտերկրից վերադարձման ուղղութիւններով գործակցութեանը եւ աշխատանքային փորձի փոխանակմանը: «Համոզւած եմ, որ համագործակցութեան ծրագրի իրացման արդիւնքում մեր պետութիւնների դատախազները, բացի միմեանց հետ գործնական եւ տեսական գիտելիքներ փոխանակելուց, առիթ կունենան անձնական շփումների միջոցով եւս զարգացնել երկու դատախազութիւնների միջեւ հետագայ համագործակցութիւնը»,- փաստաթղթի ստորագրման կապակցութեամբ ասել է Արթուր Դաւթեանը:

Այս համատեքստում ՀՀ գլխաւոր դատախազը պարոն Մոնթազերիին հրաւիրել է Հայաստան: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։