Հա

Քաղաքական

19/11/2018 - 12:20

«Ադրբեջանի մօտ վհատութեան ռէակցիա է, փորձում է խոչընդոտել մարդասիրական ծրագրերը». Դաւիթ Բաբայեանը՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային բողոքի նոտա յղելու մասին

Ադրբեջանի մօտ վհատութեան ռէակցիա է, որով ցոյց է տրւում Ադրբեջանի ագրեսիւ պահւածքը, որեւէ ձեւով չեն հանդուրժում, որ Արցախը նոյնիսկ մարդասիրական կարիքներ հոգալու համար կապեր հաստատի այլ երկրների հետ:

«alikonline.ir» - Ադրբեջանի մօտ վհատութեան ռէակցիա է, որով ցոյց է տրւում Ադրբեջանի ագրեսիւ պահւածքը, որեւէ ձեւով չեն հանդուրժում, որ Արցախը նոյնիսկ մարդասիրական կարիքներ հոգալու համար կապեր հաստատի այլ երկրների հետ:

Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը` անդրադառնալով ԱՀ նախագահ Բակօ Սահակեանի Ֆրանսիա եւ ԱՄՆ կատարած այցերից յետոյ Ադրբեջանի կողմից բողոքի նոտա յղելուն:

«Ադրբեջանի կողմից հիստերիկ դրսեւորում է, ինչքան էլ որ ջանքեր են գործադրւում, մէկ է՝ Արցախը շարունակում է իր քաղաքականութիւնը ուղղւած տարբեր երկրների եւ ժողովուրդների հետ կապեր հաստատելուն: Մենք երբեւիցէ այդ կապերը հաստատելուց որպէս նախապայման չենք առաջարկում Արցախի անկախութեան ճանաչումը, որովհետեւ հասկանում ենք, որ թէպետ այս երկու գործընթացը փոխկապակցւած է, բայց եթե մենք ճանաչումը դնենք նախապայման, կը թերանանք երկու ուղղութիւններով:

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը լինի մեկուսացւած, վատ վիճակում: Սա նաեւ նշանակում է, որ Ադրբեջանը չի հրաժարւելու իր ահաբեկչական քաղաքականութիւնից, չնայած այդ ամէնին մենք պէտք է շարունակենք մեր քաղաքականութիւնը, մեր ուղին: Յաջողութեան ամենայուսալի գրաւականը մէկն է `մեր եռամիասնութիւնը: Համադրելով Արցախի, մայր Հայաստանի, Սփիւռքի ջանքերը՝ մենք շատ-շատ հարցեր կարող ենք լուծել»,- մանրամասնեց Դաւիթ Բաբայեանը:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է յղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեանը, Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրութեան համաձայն` դիւանագիտական ուղիներով Ադրբեջանը բողոք կը ներկայացնի ԱՄՆ-ին՝ կապւած Արցախի նախագահ Բակօ Սահակեանին մուտքի արտօնագիր տրամադրելու հետ:

Արցախի նախագահի մամուլի խօսնակի կարծիքով` միջազգային հանրութեան կառոյցների կողմից Ադրբեջանի գործողութիւնները լուրջ արձագանգի չեն կարող արժանանալ: «Իրենք սխալ ուղու վրայ են, փորձում են մարդասիրական հիմնական իրաւունքները սահմանափակել, մարդասիրական ծրագրերին խոչընդոտել, եւ որեւէ նորմալ երկիր չի կարող դա հանդուրժել:

Այնուամենայնիւ, եթէ մենք էլ որեւէ բան չանենք, ջանքեր չգործադրենք Ադրբեջանի քայլերը չէզոքացնելու ուղղութեամբ, միգուցէ նրանք ինչ-որ տեղ կարողանան հասնել յաջողութեան, հետեւաբար պէտք է ամէն ինչ անել, որ համախմբւած ձեւով պատասխանենք ահաբեկչական քաղաքականութեանը»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։