Հա

Քաղաքական

21/11/2018 - 13:00

Ռուբէն Սաֆրաստեան. «Ընդդէմ ՀՀ-ի ռուս-թուրքական համագործակցութիւն դեռեւս հնարաւոր չէ, ՌԴ-ը ներկայ փուլում շահագրգռւած է, որ Հայաստանը մնայ իր դաշնակիցը»

ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ «Թուրքական հոսք» նախագիծն այս փուլում որոշակի հանգրւանի է հասել, քանի որ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները որոշակի սրւեցին․ Թուրքիան, Ռուսաստանի հետ իր յարաբերութիւնները օգտագործելով, փորձում էր ճնշում գործադրել Միացեալ Նահանգների վրայ:

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ «Թուրքական հոսք» նախագիծն այս փուլում որոշակի հանգրւանի է հասել, քանի որ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները որոշակի սրւեցին․ Թուրքիան, Ռուսաստանի հետ իր յարաբերութիւնները օգտագործելով, փորձում էր ճնշում գործադրել Միացեալ Նահանգների վրայ:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց՝ «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատւածի կառուցման աւարտի հիմնական պատճառներից մէկն է նաեւ այն, որ Թուրքիայի ռազմավարական նպատակներից է էներգետիկ ծրագրերում բաշխիչ կենտրոն լինելը:

«Այս երկու հանգամանքները ստեղծեցին աւելի շատ նախապայմաններ, որ այս ծրագիրը հասաւ այս մակարդակին: Բայց դեռեւս պարզ չէ, թէ արդեօք ռուսական գազը թուրքական սահմաններից դուրս կը գայ եւ կը հասնի Եւրոպա»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել էր Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն աւարտելու արարողութեանը, որին մասնակցել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

«Թուրքական հոսք» նախագիծը, որի հիմքը դրւեց դեռեւս 4 տարի առաջ, որով նախատեսւում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, ապա Եւրոպայի հարաւ եւ հարաւ-արեւելք, իւրաքանչիւր հատւածով տարեկան 15.7 մլրդ. խորանարդ մետր գազ պէտք է մատակարարւի: 

Ռուբէն Սաֆրաստեանի նկատառմամբ՝ «Թուրքական հոսք» նախագծի գազամուղի ծովային հատւածի կառուցումը դեռ ապահովում է դէպի Թուրքիա գազի մատակարարումը: «Դեռ դա պէտք է բաշխւի: Այնպէս որ, դեռ այս հոսքի ապագան Եւրոպայի առումով մշուշոտ է»,- ասաց նա:

Ռուս-թուրքական համատեղ նախագծի հիմքերում, ըստ Ռուբէն Սաֆրաստեանի, կան քաղաքական պատճառներ, բայց տնտեսականն էլ քիչ չեն: Նրա խօսքով՝ Թուրքիային ձեռնտու է Ռուսաստանից գազի ներկրումը, քանի որ այդ երկրի տնտեսութիւնը գազի կարիք ունի: Թուրքիան կարող է այն իր ներքին պահանջների համար օգտագործել եւ անգամ Եւրոպա չմատակարարելով՝ կարող է օգուտ ունենալ հոսքից:

Հիմա, ըստ թուրքագէտի, նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շարունակում է Թուրքիայի աւանդական դիւանագիտութիւնը, այն, ինչ եղել է քեմալականների ժամանակ: «Մասնաւորապէս, Թուրքիայի Հանրապետութեան ժամանակաշրջանում դա փայլուն իրականացրեց Մուստաֆա Քեմալը․ նա բոլշևիկներին ցոյց էր տալիս, որ նրանց հետ կարող է ընկերութիւն անել եւ նոյն բանը ասում էր նաեւ Եւրոպային: Հիմա էլ այս բանը փորձում է անել Էրդողանը: Նրա ընկալմամբ՝ դա հնարաւորութիւն է տալիս ճնշում գործադրելու եւ՛ Ռուսաստանի վրայ, եւ՛ Արեւմուտքի վրայ: Տեսնում ենք, որ դա նրա մօտ էլ է ստացւում»,- ասաց նա:

Ի՞նչ արձագանգի կարժանանայ գերտէրութիւնների կողմից ռուս-թուրքական մերձեցումը: Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ Միացեալ Նահանգների համար կարեւոր է Թուրքիան՝ Սիրիայի հակամարտութիւնում իր ներգրաււածութեամբ, իսկ Եւրոմիութիւնը, չնայած թերահաւատօրէն է վերաբերւում իր կողմից փախստականների համար Թուրքիային տրւած ֆինանսական աջակցութեան ծախսման արդիւնաւէտութեանը, բայց այնուամենայնիւ, սրման չի գնում, փախստականների հոսքը վերահսկելի պահելու պատճառով:

Սիրիական հիմնախնդրում Թուրքիան Ռուսաստանի առջեւ պարտաւորութիւն է վերցրել Իդլիբում տարանջատել ահաբեկիչներին, սակայն մինչ հիմա դա չի արել: «Բայց դա չի կարելի դիտարկել որպէս ռուս-թուրքական յարաբերութիւնների սրացում Սիրիայի հետ կապւած: Ներկայ փուլում Սիրիայի հարցում Թուրքիան եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եւ դա շատ կարեւոր հանգամանք է»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը զրկւում է տարածաշրջանում էներգետիկ նախագծերում իր մասնակցութիւնից, չի կարողանում տարանցիկ երկրի դեր ստանձնել, Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ խնդիրը վաղուցւանից կայ:

«Պէտք է փաստ արձանագրենք, որ դեռեւս 1990-ական թւականների կէսերից, երբ սկսւեց քննակւել Բաքու-Ջէյհան նաւթատարի խնդիրը, Միացեալ Նահանգները ցանկանում էին, որ այն անցնի Հայաստանով: Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ ջանքերով հասան նրան, որ Հայաստանին շրջանցեն: Այդ ժամանակւանից սկսած՝ այդ երկու երկրները գործում են միասնաբար՝ մեկուսացնելու համար Հայաստանը տարածաշրջանային բոլոր ծրագրերից: Սա իրականութիւն է, եւ մենք ներկայումս չունենք հնարաւորութիւն մասնակցելու շատ տարածաշրջանային էներգետիկ նախագծերի»,- ասաց նա:

Ռուբէն Սաֆրաստեանը միաժամանակ նկատեց, որ այս պայմաններում մենք կարողացել ենք ստեղծել էներգակիրների հետ կապւած համագործակցութիւն Իրանի հետ:

«Դա նոյնպէս վտանգւած է: Բայց պէտք է մեր դիւանագիտութիւնը փորձի շրջանցել այդ դժւարութիւնը: Ես կարծում եմ, որ կան հնարաւորութիւններ: Միացեալ Նահանգների հետ խորհրդակցութիւններում պէտք է ներկայացնենք, որ դա Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունի․ Միացեալ Նահանգները ցանկանում են թուլացնել Հայաստանի կախւածութիւնը ռուսական գազից: Դա պէտք է շատ բարձր մակարդակով արւի»,- ասաց նա:

Թուրքագէտի խօսքով՝ մասնաւորապէս «Թուրքական հոսքը» ուղղւած չէ Հայաստանի մեկուսացմանը․ այս նախագծում շահագրգռւած են Ռուսաստանն ու Թուրքիան, առաջինը, որ իր գազը կարողանայ սպառել, երկրորդը, որ կարողանայ հակաեւրոպական դիրք վերցնել եւ գազը նրանց վրայ վաճառել:

Խօսելով էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցութեան խորացման դէպքում Հայաստանին սպառնացող հնարաւոր վտանգների մասին՝ Ռուբէն Սաֆրաստյանը նշեց․

«Մենք՝ պատմաբաններս, լաւ գիտենք, թէ 1920-ական թւականներին ինչ տեղի ունեցաւ․ Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան դաշինք կնքեցին, եւ դրա արդիւնքում Հայաստանը բաժանւեց: Մտավախութիւններ մենք ունենք, բայց հիմա իրադրութիւնն այլ է: Ճիշտ է՝ համագործակցութիւն կայ Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում, Սիրիայում, բայց այդ երկու երկրների շահերը իրար հետ չեն համընկնում: Վերցնենք կոնկրետ Հարաւային Կովկասը․ Ռուսաստանն այն փորձում է պահել իր ազդեցութեան գոտում, Թուրքիան էլ փորձում է իր ազդեցութիւնն այստեղ ընդլայնել: Մրցակցութիւն կայ նաեւ ռազմաքաղաքական հարցերում: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այն վերջին շրջանում առաւել ընդգծում է իր հակառուսական ուղղւածութիւնը: Եթէ այս հանգամանքները հաշւի ենք առնում, պէտք է հասկանանք, որ ներկայ փուլում ռուս-թուրքական համագործակցութիւն ընդդ Հայաստանի, դեռեւս հնարաւոր չէ։ Ռուսաստանը ներկայ փուլում շահագրգռւած է, որ Հայաստանը մնայ իր դաշնակիցը»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։