Հա

Քաղաքական

01/12/2018 - 14:50

«Հրապարակ». «Արցախցիներն այդքան թոյլ չեն, որ թոյլ տան` շահարկւի յաղթանակը»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԼՂ ԱԺ արտաքին հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարեանի կարծիքով, Արցախի թեմայի հետ կապւած իրավիճակի լարւածութեան պատճառը Սասուն Միքայէլեանի յայտարարութիւնն էր, քանի որ այդ առիթով է զգացմունքային «ռէակցիա» առաջացել ու պատասխաններ հնչել, իսկ Արցախի նախագահի մամուլի խօսնակն ի պաշտօնէ  պատասխանել լրագրողների հարցերին։

«alikonline.ir» - «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԼՂ ԱԺ արտաքին հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարեանի կարծիքով, Արցախի թեմայի հետ կապւած իրավիճակի լարւածութեան պատճառը Սասուն Միքայէլեանի յայտարարութիւնն էր, քանի որ այդ առիթով է զգացմունքային «ռէակցիա» առաջացել ու պատասխաններ հնչել, իսկ Արցախի նախագահի մամուլի խօսնակն ի պաշտօնէ  պատասխանել լրագրողների հարցերին։ «Հարցը կարող էր փակւել եւ այսքան չսրւէր, եթէ Սասուն Միքայէլեանը ներողութիւն խնդրեր իր յայտարարութեան համար, ասէր, որ սայթաքում է ունեցել, որ ուրիշ բան է ուզեցել ասել, բայց մենք այդպէս էլ չենք լսում որեւէ նման խօսք, փոխարէնը այլ հունով են յայտարարութիւններն ընթանում»,- ասաց Մխիթարեանը։

Ճանաչելով Սասուն Միքայէլեանին՝ Մխիթարեանը  վստահ է, որ նա այն մարդը չէ, որն Արցախեան յաղթանակը չգնահատէր, պարզապէս ճիշտ չի ձեւակերպել իր խօսքը, բայց թէ ինչու է թոյլ տալիս, որ մի յայտարարութեան պատճառով այսքան սրւեն Արցախ-Հայաստան յարաբերութիւնները, «խորանայ հայաստանցի-արցախցի անջրպետը», Մխիթարեանի համար անհասկանալի է։ «Իսկ այդ անջրպետի խորացումը ոչ մի լաւ տեղ չի տանի, դա անչափ վտանգաւոր է»,- ասաց ԼՂ պատգամաւորը։

Նա դժւարանում է կարծիք յայտնել ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դաւիթ Շահնազարեանի յայտարարութեան մասին, թէ գործող իշխանութեան քաղաքական գիծն է «իշխանութիւն՝ Արցախի դիմաց»․ «Ես ծանօթ չեմ այդ խոհանոցին, ինչին ծանօթ է Դաւիթ Շահնազարեանը, վերջապէս ինքն առնչւում է, ինքն ազգային անվտանգութեան աշխատող է եղել, եւ շատ աւելի տեսանելի է իր համար, թէ ինչ է կատարւում։ Մենք հեռւից նայելով՝ ուզում ենք հաւատալ, որ ենթատեքստ չկայ, ուզում ենք հաւատալ, բայց եթէ կայ այդ ենթատեքստը, արցախցիներն այդքան թոյլ չեն, որ թոյլ տան շահարկւի մեր յաղթանակը, մեր ձեռքբերումները, որը ողջ հայութեան, ոչ միայն արցախցու ձեռքբերումն է»։ 

Արցախի խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայեանն էլ ասաց, որ տխուր է առաջացած հեռահար բանավէճից։ «Խնդիրը նրանում չէ, որ Արցախի իշխանութիւնը միջամտում է Հայաստանի ներքին գործերին կամ նախընտրական գործընթացներին, խնդիրը, կարծում եմ, սխալ ընկալման մէջ է»,- ասաց նա ու պարզաբանեց. «Եթէ պաշտօն ունեցող որոշ գործիչներ կարծիք են յայտնել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի իշխանութիւնները փորձում են միջամտել  հայաստանեան ներքին զարգացումներին»։

Նա յիշեցրեց Արցախի եւ Հայաստանի ղեկավարների փոխադարձ աջակցութեան յայտարարութիւններն ու կոչ արեց չսրել ու երկու երկրները չհակադրել իրար. «Ես պատմաբան եմ ու լաւ եմ հասկանում, որ պատերազմի մէջ գտնւելով ու այսպէս հակադրւելով՝ չենք կարող դիմակայել մարտահրաւէրներին, ուստի զերծ կը մնամ գնահատականներից եւ իրավիճակը աւելի սրելուց ու յորդորում եմ բոլոր կողմերին նոյնպէս զերծ մնալ կոշտ մեկնաբանութիւններից»։ Այսինքն, Արցախում ազատ արտայայտւելու իրաւունքից պատրաստ են հրաժարւե՞լ։ «Ամէն մէկը, իհարկէ, իրաւունք ունի կարծիք յայտնել, բայց դա չպէտք է վնասի երկու երկրների յարաբերութիւններին»։ Այսինքն, Արցախի նախագահի խորհրդականը չպէ՞տք է արձագանգի, ասի, որ, ենթադրենք, միայն Փաշինեանի որդին չի ծառայել, այլ ուրիշներինն էլ։ «Խնդիրն այն է, որ մէկ կարծիքից յետոյ գալիս է երկրորդ միտքը, երրորդ միտքը եւ այդպէս շարունակ։ Դրա համար էն առաջին միտքը չպէտք է ասել։ Դրա համար եմ ասում՝ Արցախի հետ կապւած զգայուն թեմաների մասին իմաստ չունի մեկնաբանութիւններ տալ, դա ոչ մէկին օգուտ չի տալու»։

«Մենք չճանաչւած պետութիւն ենք, իհարկէ, բայց ունենք Սահմանադրութիւն, օրէնքներ եւ մենք ընթանում ենք այն ճանապարհով, որ պետականութիւնը կայանայ։ Չեմ կարծում, որ Հայաստանի  իշխանութիւնները՝ սկսած Լեւոն Տէր-Պետրոսեանից, կը ձգտեն վնասել այդ գործընթացին։ Ամէն մէկը կարող է կարծիք ունենալ, մենք կը լսենք, ու եթէ այդ կարծիքը նպաստաւոր լինի, կընդունենք, իսկ եթէ նպաստաւոր չլինի, չենք օգտագործի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։