Հա

Քաղաքական

04/12/2018 - 16:05

Մեծ կրքեր ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի «շատ փոքր» հարցի շուրջ

Տեղի ունեցաւ այն, ինչն ակնյայտ էր ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնի հետ կապւած պատմութեան ամենասկզբից։ Մէկ ամիս վստահեցնելուց յետոյ, որ պաշտօնն այդ կը մնայ Հայաստանին, Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ հարցն այդ երկրորդական է։ Յայտարարեց, երբ արդէն փախնելու տեղ չկար, քանի որ ՌԴ նախագահն առաջարկեց գագաթնաժողովը յաջորդ տարի տեղափոխել։ 

«alikonline.ir» - Տեղի ունեցաւ այն, ինչն ակնյայտ էր ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնի հետ կապւած պատմութեան ամենասկզբից։ Մէկ ամիս վստահեցնելուց յետոյ, որ պաշտօնն այդ կը մնայ Հայաստանին, Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ հարցն այդ երկրորդական է։ Յայտարարեց, երբ արդէն փախնելու տեղ չկար, քանի որ ՌԴ նախագահն առաջարկեց գագաթնաժողովը յաջորդ տարի տեղափոխել։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Ողջ աշուն ՀՀ առաջին պաշտօնական դէմքերը վստահեցնում էին, Իւրի Խաչատուրովի հրաժարականից յետոյ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը կը մնայ Հայաստանին. այս մասին խօսում էին ե՛ւ Նիկոլ Փաշինեանը, ե՛ւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը, ե՛ւ միւսները, ում հարցնում էին։ Արդէն այն ժամանակ էր հասկանալի, որ նման բան տեղի չի ունենայ, գոնէ դատելով ՀԱՊԿ-ի ներսում այդ գաղափարի շուրջ առաջացած հակազդումից, սակայն մեզ շարունակում են վստահեցնել, որ առանձնայատուկ բան տեղի չի ունեցել։

Անցած շաբաթ նախընտրական ցոյցերից մէկի ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ «ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը շատ փոքր հարց է եւ նոյնիսկ ոչ էական», եւ այդ խօսքերը պաշտօնը կորցնելու վերաբերեալ անուղղակի հաստատում էին։ Սակայն, դատելով ամէն ինչից, այդ հարցի շուրջ կազմակերպութիւնում կոնսենսուս իսկապէս ձեռք չի բերւել, քանի որ հարցի քննարկումը անորոշ ժամկէտով յետաձգւել է։

Սկզբում Փաշինեանի գլխաւոր խորհրդական Արմէն Գասպարեանը յայտարարել էր ռուսական լրատւամիջոցներին, որ դեկտեմբերի 6-ին Փաշինեանը Սանկտ Պետերբուրգ կը մեկնի մասնակցելու Եւրասիական բարձրագոյն խորհրդի նիստին, սակայն ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը չի քննարկւելու։ Իսկ անցած կիրակի Փաշինեանն անձամբ հաստատեց դա, ասելով, որ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախօսազրոյցի ժամանակ առաջարկել է տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Պէտք է ենթադրել, որ Պուտինը պարզապէս որոշել է սպասել մինչեւ էմոցիաները կը հանդարտւեն։

Իսկ հանդարտւելու առիթ, ակնյայտօրէն, կայ։ Թէեւ Փաշինեանը պնդում է, որ «մենք, ըստ էութեան, մեր յարաբերութիւնները որեւէ մէկի հետ չենք փչացրել, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնւում է Հայաստանը։ Վատ եւ հեղինակաւոր լինելուց զուրկ իրավիճակ է, որը միայն այս կառոյցում չէ, որ ժառանգել ենք»։

Քանի որ «վատ եւ հեղինակաւոր լինելուց զուրկ իրավիճակը» օդից չի առաջացել։ Մի կողմ թողնենք «վատ նախկին իշխանութեան» մասին անեծքները, խոստովանենք, որ նորերը եւս քիչ չեն նպաստել նման իրավիճակի առաջացմանը, իսկ այն, որ «մենք, ըստ էութեան, մեր յարաբերութիւնները որեւէ մէկի հետ չենք փչացրել», ոչ մի կերպ հնարաւոր չէ հաւատալ, կը ներէք։ Փչացրել ենք այն էլ ինչպէս. Բելառուսի եւ Ղազախստանի հետ հաստատ։

Քանի որ նման տոնով չի կարելի խօսել երկրների (ցանկացած երկրի) նախագահների հետ, ինչպէս արեց Փաշինեանը, հրապարակային յայտարարելով, որ նա պարզաբանում կը պահանջի Բելառուսից եւ Ղազախստանից։ Նոյնիսկ եթէ դու հազար անգամ ճիշտ ես, պետութիւնների ղեկավարների հետ նման կերպ վարւել չի կարելի. նրանք, ղեկավար են, կարող են միմեանց հետ խօսել բարձր տոնայնութեամբ խօսել փակ նիստերի ժամանակ, սակայն բարձր տոնայնութիւնը դուրս հանելը յարաբերութիւնների անխուսափելի սառեցում է նշանակում։

Թող որ նոյնիսկ Բելառուսի նախագահն իր գործողութիւնների եւ մտադրութիւնների մասին զեկուցում է Ադրբեջանի դեսպանին. դա չի արդարացնում բարձր տոնը։ Եթէ այլ պետութեան ղեկավարի նկատմամբ բողոք կայ, այն յատուկ ալիքների միջոցով է արտայայտւում. օրինակ` ԱԳՆ համապատասխան դիւանագիտական ձեւակերպումներ ունեցող դիմումի միջոցով։ Արձագանգն աւելի յստակ հասկանալու համար, կարելի է հակառակ իրավիճակը պատկերացնել, երբ, օրինակ, օտարերկրեայ առաջնորդներից մէկը Փաշինեանից պարզաբանումներ պահանջէր։ Գուցէ, դա զայրոյթ առաջացնէր Հայաստանում նոյնիսկ նրանց մօտ, ովքեր ընդդիմութիւն են կազմում։

«Ասել եմ, եւ կը կրկնեմ. ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի մասին հարցը չնչին հարց է եւ նոյնիսկ ոչ էական»,- ասել է Փաշինեանը։ Եւ եթէ այդ խնդիրն իսկապէս այդքան փոքր է, ապա ինչո՞ւ չհամաձայնել այլ առաջարկներին, բնականաբար, դրա համար որոշակի առաւելութիւններ ստանալով։ Եթէ հարցը «չնչին է», էլ ինչո՞ւ էր պէտք այն յաջորդ տարի թողնել։

Հիմա, ըստ ամենայնի, Խաչատուրովի տեղակալը` Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, կը շարունակի կատարել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պարտականութիւնները ընդհուպ մինչեւ այն պահը, երբ հարցն ամբողջութեամբ կը լուծւի։ Դա կարող է տեղի ունենալ Խաչատուրովի լիազօրութիւնների ժամկէտի աւարտի հետ մէկտեղ։ Յետոյ պաշտօնը կանցնի Բելառուսին։

Տեսականօրէն, հայկական կողմը, կարող է արգելափակել Բելառուսի թեկնածուին, եթէ սկզբունքային որոշում լինի։ Այդ դէպքում Սեմերիկովը աւելի երկար կը պաշտօնավարի, եւ դա խելամիտ այլընտրանք կը լինի։ Սակայն արդեօ՞ք իմաստ կայ «չնչին» հարցը սկզբունքային փակուղի գցել սեփական ձեռքերով, այնուհետեւ տարատեսակ պարզաբանումներ պահանջել միւսներից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։