Հա

Քաղաքական

07/12/2018 - 19:00

Վստահ եմ՝ վաղ թէ ուշ հասնելու եմ ազատութեան եւ ապացուցելու եմ անմեղութիւնս. Քոչարեանի յայտարարութիւնը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանն ընթերցել է նրա յայտարարութիւնը:

«alikonline.ir» - Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանն ընթերցել է նրա յայտարարութիւնը, որում, մասնաւորապէս, ասւում է.

«Սիրելի' հայրենակիցներ

Ինչպէս գիտէք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդիւնքում կրկին յայտնւելու եմ կալանքի տակ։ Ակնյայտ է, որ այս վճիռը նախեւառաջ քաղաքական որոշման արդիւնք է եւ կայացւել է իշխանութիւնների բիրտ ճնշումների պայմաններում։

Բաւական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխաւոր դատախազի գլխաւորութեամբ, ինչը մեր նորագոյն պատմութեան մէջ աննախադէպ մի բան է, գործը քննող դատաւորն ընտրւել էր օրէնքի եւ համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամէտ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդէն հրապարակել էր որոշումը։

Ես եւ թիմակիցներս բազմիցս յայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշւեյարդար, իսկական վենդետա, որն իրականացւում է իմ եւ իմ ընտանիքի հանդէպ։ Դա ապացուցեցին նաեւ տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրութիւնները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդիւնքներս, հեղինակութիւնս Հայաստանում, Արցախում եւ արտերկրում, ինչպէս նաեւ քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրւայ պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008 թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգւածային անկարգութիւնների գլխաւոր կազմակերպիչը փորձում է մաքրւել արիւնից եւ ինձ մեղաւոր նշանակել։

Վստահ եմ, որ վաղ թէ ուշ հասնելու եմ ազատութեան։ Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղութիւնը։ Վստահ եմ նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետութիւնը մեր նորագոյն պատմութեան ամենածանր օրերին ղեկավարած մարդու դէմ սանձազերծւած այս ապօրինի եւ լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժւելու են օրէնքի ողջ խստութեամբ եւ դա լինելու է մօտ ապագայում։ 

Լի եմ պատրաստակամութեամբ շարունակել քաղաքական պայքարը նաեւ բանտում։ Իշխանութիւնները եւ նրանց հովանաւորները թող պարապ յոյսեր չփայփայեն, թէ կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձութիւնների եւ տեղի ունեցողը հերթական մի փորձութիւն եմ համարում։ Իմ կեանքի հերթական մի դրւագն է, որը կրկին ստիպւած եմ նւիրել պայքարի յանուն ազատութեան եւ արժանապատւութեան։

ԼՂՀ առաջին նախագահ
ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարեան»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։